«Ժառանգությունը» հրաժարվում է սպասվող ՏԻՄ ընտրություններին հանրակարգային մասնակցություն ունենալուց
Ստորև ներկայացնում ենք «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ.
«Անառարկելի փաստ է այն, որ 1995-ից սկսված Հայաստանի Հանրապետությունում բոլոր համապետական եւ ՏԻՄ ընտրությունները, սակավաթիվ բացառություններով, կեղծվում են օրվա գործող իշխանությունների կողմից: Սակայն «Ժառանգությունը», լինելով մասնակցային ուժ, 2002թ.-ին իր հիմնադրումից ի վեր մշտապես օգտագործել է իշխանությունների ապօրինություններին դիմադրության ցանկացած հարթակ եւ հնարավորություն, այդ թվում ընտրությունները՝ հասնելու համար ժողովրդի կամարտահայտության գրանցմանը՝ սահմանադրության առաջին եւ երկրորդ հիմնարար կետերի իրացման նպատակով:
2016թ. հուլիս-օգոստոս ամիսների ժողովրդական պայքարի հանդեպ դե-ֆակտո իշխանությունների իրագործած բռնաճնշումները բերեցին «Ժառանգության» համար իր հիմնադրումից ի վեր մի աննախադեպ իրավիճակի, երբ նրա մի շարք ղեկավար անդամներ կալանավորվեցին՝ շեղելով կուսակցության քաղաքական օրակարգը եւ ստիպելով իր ջանքերն ուղղել նրանց ազատ արձակման գործին: Ու թեեւ Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Հովսեփ Խուրշուդյանը ի վերջո, գրավի դիմաց ազատ արձակվեցին, սակայն նրանց հանդեպ դեռ շարունակվում է քաղաքական հետապնդումը՝ շինծու քրեական գործի տեսքով, իսկ Հայաստանի բանտերը դեռ լեցուն են խղճի բանտարկյալներով, որոնց թվում են նաեւ մի շարք քաղաքական եւ հասարակական գործիչներ:
Նման պայմաններում մենք համարում ենք, որ ցանկացած տիպի, այդ թվում՝ ՏԻՄ ընտրությունների լեգիտիմությունը եւ լեգալությունը ի սկզբանե խաթարված է եւ «Ժառանգությունն» ինքը կաշկանդված է ընտրություններին լիարժեքորեն մասնակցելու առումով:
Այդ իսկ պատճառով «Ժառանգությունը» հրաժարվում է առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրություններին հանրակարգային մասնակցություն ունենալուց, միաժամանակ ազատ թողնելով իր շարքային անդամներին իրենց անհատական նախաձեռնություններում»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել