
Արցախում ստեղծվել է նոր քաղաքացիական շարժում
Արցախում ստեղծվել է նոր քաղաքացիական շարժում՝ «Իրավունք և արժանապատվություն» անվամբ: Ըստ շարժման հիմնադիրների՝ նախաձեռնության առիթը Արցախի Հանրապետության սահմանադրական փոփոխությունների վերահսկումն է:
«Ունենալով մտահոգություններ հրապարակված հայեցակարգի որոշ դրույթների նկատմամբ, ինչպես նաև արձագանքելով փոփոխությունների ապագա նախագծի վերաբերյալ մամուլում եղած մտահոգություններին` այս խումբը նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել Արցախում սահմանադրական փոփոխությունների գործընթացին, քաղաքացիներին ծանոթացնել հնարավոր մարտահրավերներին, ներգրավել մեծաթիվ դիտորդներ փոփոխությունների նախագծի հաստատման և հանրաքվեի անցկացման դեպքում, ակտիվ համագործակցություն հաստատել հայաստանյան քաղաքացիական հասարակության տարբեր կառույցների և մասնավորապես իրավունքի և ընտրական հարցերում մասնագիտացած կազմակերպությունների հետ: Նախաձեռնող խումբը քայլեր է ձեռնարկելու քաղաքացիական շարժման մեջ հանրության հնարավորինս բազմաշերտ մասնակցություն ապահովելու, թեմայի շուրջ ակտիվ բանավեճ ծավալելու նպատակով: Նախագծի ընդունման և հանրաքվեի դրվելու դեպքում «Իրավունք և արժանապատվություն» քաղաքացիական շարժումը հանդես կգա փոփոխությունների նկատմամբ հստակ դիրքորոշմամբ և համապատասխան քարոզարշավով»,-նշված է շարժման հայտարարության մեջ:
Հայտարարությունը ստորագրել են լրագրողներ Հայկ Ղազարյանը եւ Սարինե Հայրիյանը, բժիշկ Տիգրան Պետրոսյանը, քաղաքագետներ Արմեն Գրիգորյանը եւ Նարինե Ներսիսյանը, տնտեսագետ Սուսաննա Մովսեսյանը:
Մեկնաբանել