HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որ երկրներ և որքան պղինձ է արտահանվել Հայաստանից

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից  42 հազ. տոննայով կամ 29.4%-ով ավելի շատ պղնձի խտանյութ է արտահանվել, քան 2015-ի նույն ընթացքում։ Մինչդեռ դրա դիմաց ստացվող գումարը՝ ընդհանուր  մաքսային արժեքն, աճել է ընդամենը 1.9 մլն դոլարով կամ 1.2%-ով։

Պղինձը շարունակում է մնալ Հայաստանից արտահանվող խոշորագույն ապրանքախումբը (խտանյութ, կոնվերտորային, թափոն և ջարդոն)։  Ինչպես վկայում են ՀՀ մաքսային ծառայության տվյալները, այս տարվա առաջին կիսամյակում այն զբաղեցրել է Հայաստանից ամբողջ արտահանման 23.5%-ը։ Սակայն համաշխարհային շուկայում այս մետաղի ներկա գները ոչ նպաստավոր են արտահանող երկրների համար։

2013 թվականի տարեվերջում պղնձի գնանկում արձանագրվեց (1 տոննայի գինը 7-8 հազ. դոլարից հասավ 6-6.5 հազ. դոլարի), որը որոշ տատանումներով շարունակվեց հաջորդ տարիներին։  Այսօրվա դրությամբ, Լոնդոնի մետաղների բորսայի (LME)  տվյալներով,  պղնձի մեկ տոննայի գինը (Cash Settlement Price) 4.6 հազ.  դոլարի շրջանակում է։ Ամսական միջին տվյալներով այս տարի այն չի հասել 5 հազ. դոլարի՝ չնայած  որոշ օրերի հատել է այդ սահմանը։ Մարտին միջին գինն ամենաբարձրն է եղել (շուրջ 4.9 հազ. դոլար)։

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 185 հազ. տոննա պղնձի խտանյութ (հանքաքար և խտահանք), որի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է ավելի քան 160 մլն ԱՄՆ դոլար։ 

Համաշխարհային շուկայում պղնձի էժանացմանը զուգահեռ Հայաստանից ավելի ու ավելի մեծ քանակի պղինձ է արտահանվել՝ այդպիսով փորձելով լրացնել գնանկման առաջացրած վնասները։ Սակայն տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ արտահանման նկատելի աճին զուգահեռ, դրա դիմաց ստացվող գումարը կամ փոքր աճ է ունեցել, կամ նվազել է։ Մաքսային ծառայության հրապարակած կիսամյակային տվյալները սկսվում են 2011 թվականից։ Ըստ այդ տվյալների ունենք հետևյալ պատկերը.

 

Այս տարի Հայաստանից արտահանվել է նաև 6.26 հազ. տոննա չզտած պղինձ  (կոնվերտորային)՝ մոտ 30.6 մլն  դոլարով։ Ինչպես նաև՝ 484.5 տոննա պղնձի թափոն և ջարդոն՝ 912  հազ. դոլարով։  2015-ի առաջին կիսամյակի համեմատ արտահանված չզտած պղնձի քանակն ավելացել է  30.4%-ով, մաքսային արժեքը՝ 1.4%-ով։  Իսկ պղնձի թափոն և ջարդոնի քանակը նվազել է 2.5 անգամով, արժեքը՝ 4.2 անգամով։

Եթե Հայաստանն այս քանակի պղինձ արտահաներ, օրինակ, 2011  թվականին, երբ համաշխարհային շուկայում դրա միջին գինը հատել էր 9 հազ. դոլարն, ապա նկատելի օգուտներ կունենար, ինչն անմիջապես կանդրադառնար նաև պետբյուջեի վրա։  Սակայն, ինչպես շատ շուկաներում, գունավոր մետաղների շուկայում ևս պարբերաբար «անակնկալներ» են լինում՝ գնային տատանումների (երբեմն՝ կտրուկ)   տեսքով։ Մասնավորապես, գնանկման ժամանակ մետաղներ արտահանող երկրները մեծ վնասներ են կրում, այդ թվում՝ Հայաստանը։ Դրանք այսօր էլ Հայաստանի արտահանման կազմում բավականին ամուր տեղ ունեն, ինչը նշանակում է, որ գնային տատանումները շարունակելու են ազդել հայաստանյան տնտեսության վրա։

Այս տարվա առաջին կիսամյակում արտահանված պղնձի խտանյութի 1 տոննայի միջին գինը 33%-ով ավելի էժան է եղել, քան 2015-ի նույն ընթացքում և 2.7 անգամ ավելի էժան, քան  2011-ի նույն ընթացքում։


Create line charts

Այս տարի Բուլղարիան ավելի շատ պղինձ է գնել Հայաստանից, քան Չինաստանը Եթե նախորդ տարիի Հայաստանից արտահանվող պղնձի ամենախոշոր գնորդը Չինաստանն էր, ապա՝ այս տարի Բուլղարիան է։ Տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանված պղնձի խտանյութի 50%-ից ավելին առաքվել է Բուլղարիա։ Մյուս գնորդներն են Չինաստանը, Վրաստանն ու Ռումինիան։  

Ըստ քանակի՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ դեպի Բուլղարիա (2.2 անգամով) և Վրաստան (1 հազ. տոննայից հասնելով ավելի քան 50 հազ. տոննայի) արտահանումը զգալի աճել է։ Նկատենք, որ Վրաստանը նախորդ տարի շուրջ 40 հազ. տոննա պղնձի խտանյութ է գնել Հայաստանից, հիմնական մասը՝ երկրորդ կիսամյակում։ Փոխարենն այս տարի 2.6 անգամով նվազել է դեպի Չինաստան արտահանումը։ Իսկ Ռումինիայի դեպքում փոփոխությունը մեծ չէ։ 2015-ի առաջին կիսամյակում 12.5 հազ. տոննա արտահանվել է նաև Շվեյցարիա, սակայն այս տարի չի արտահանվել։ Ինչ վերաբերում է մյուս երկու տեսակներին, ապա կոնվերտորային պղնձի գնորդը Գերմանիան է, իսկ թափոն-ջարդոնի գնորդները՝ ԱՄՆ-ը և Բելիզը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter