Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Միջպետական հարաբերությունների զարգացման գործում Ս. Սարգսյանը կարևորել է դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը` նշելով, որ այդ հարաբերությունները նոր նախաձեռնություններով ավելի ամրապնդելու և դրանց նոր դինամիկա հաղորդելու առումով մեծ ակնկալիքներ կան Հունաստանում Հայաստանի և Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպաններից:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերությունները պատմական խորը արմատներ ունեցող և մշտապես բարեկամության ու փոխադարձ վստահության դրսևորումներով արտահայտվող հայ և հույն ժողովուրդների հարաբերությունների մակարդակին հասցնելու համար դեռևս զգալի աշխատանք կա իրականացնելու: Այդ տեսանկյունից կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը, քաղաքական երկխոսությանը զուգահեռ առևտրատնտեսական կապերի սերտացմամբ փոխշահավետ բազմաթիվ ոլորտներում համագործակցության խորացումը:
Ս. Սարգսյանը և Հունաստանի դեսպանը երկու բարեկամ պետությունների հարաբերությունների զարգացման գործում մեծ դեր են վերապահել նաև խորհրդարանական դիվանագիտությանը:
Դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել Հունաստանի նախագահ Պավլոպուլոսի ջերմ ողջույններն ու Ս. Սարգսյանի հրավերն ընդունելու և փոխադարձ այցով Հայաստան ժամանելու պատրաստակամությունը` ընդգծելով, որ Աթենքում հաճույքով են հիշում տարեսկզբին Ս. Սարգսյանի պաշտոնական այցը Հունաստան, որը նոր խթան հաղորդեց միջպետական հարաբերություններին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-հունական փոխգործակցությունը զարգացնելու հնարավորություններին և առկա մեծ ներուժին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել