HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը ծանոթացել է Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառուցման աշխատանքներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի տարածք: Այս մասին տեղեկացնում է կառավարությունը:

«Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագիրն ունի երեք փուլ՝ Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման, Ճառագայթային բուժման և Քիմիաթերապիայի ու վիրաբուժական կենտրոնների ստեղծում: Ծրագիրն իրականացնում է միջուկային բժշկության և ախտորոշիչ պատկերման ծառայությունների բնագավառում համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը՝ «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերությունը»,- հայտնում է կառավարությունը:

Շրջայցի ընթացքում վարչապետին են ներկայացվել առաջին փուլի` Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառուցման աշխատանքների ընթացքը և արդյունքները: Հ. Աբրահամյանին զեկուցվել է, որ գործընթացն ավարտական փուլում է. իրականացվում են ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներով կենտրոնի հագեցման, ինչպես նաև արտաքին տարածքի բարեկարգման աշխատանքները: Նշվել է, որ ավարտվել է նաև Ճառագայթային բուժման կենտրոնի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթացը, և մեկ ամսից կհայտարարվի շինարարական աշխատանքների իրականացման և սարքավորումների գնման կապալառու կազմակերպության ընտրության մրցույթ: Վարչապետը նշել է, որ միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից կենտրոնի ստեղծումը կարևոր նշանակություն ունի ուռուցքային հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման համար և հանձնարարել պատասխանատուներին հետևողական լինել աշխատանքները պատշաճ որակով և սահմանված ժամկետում իրականացնելու հարցում: 

Հաջորդիվ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝  կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի, առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի և «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Բաքրջյանի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները և հետագա քայլերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter