HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զբոսաշրջիկի հետքերով

Ընդունեցի մինչև Տաթև ճամփորդելու  առաջարկը, վերցրի ուսապարկս, մեջը՝ նոթատետր, գրիչ, ֆոտոխցիկ, բայց էս անգամ զբոսաշրջիկի տպավորություններ գրելու ու նկարելու համար, իմ երկրի սիրուն տեղերով հիանալու ու մասնագիտությունս ժամանակավորապես հանգիստ թողնելու համար:

Սելիմի լեռնանցքով ներքև ենք իջնում, Քարավանատանը պետք է հանգիստ առնենք: 14-րդ դարի կառույց է, որպես հանգստարան է ծառայել, ճամփորդ ու առևտրական իջևանել են այստեղ: Զբոսաշրջիկ լինելու որոշումս մտքումս իջնում եմ մեքենայից, շրջում, նկարում: Չորս կողմը խոտ է, խոտի մեջ անտեսված պատմական շինություն, որ համառության շնորհիվ է կանգուն մնացել, ուզում է դեռ ծառայել ամայի ճամփով անցնողներին: Տարածքին ամենամոտը  տասը կիլոմետր հեռու գտնվող Աղնջաձոր գյուղն է: Էստեղից են մարդ ու կին ապրանքներ բերել, վաճառում են: Նրանք են առաջինը դիմավորում Սելիմով անցնող զբոսաշրջիկին, տնական օղի, սարի բույսեր առաջարկում,  բայց սանհանգույցի տեղ չեն կարող ցույց տալ, ավելի ճիշտ՝ կարող են, բայց ամաչելով ու ներում խնդրելով՝  Քարավանատան ետևի պատն են ցույց տալիս: «Հետո վառում ենք էդ տարածքը, մի քիչ մաքրվում ա, հոտն անցնում: Հուշարձանների պահպանության վարչությանը դիմեցինք, ասեցին՝ էդի մեր գործը չի, էդ պետք  ա տուրիստական գործակալություններն անեն»,-դեղձը մաքրելով պատմում է կինը, հետո առաջարկում, որ վերցնեմ: Ասում է՝ իրենք են նայում տարածքը, աղբը թափում,  հիմա էլ բահ են բերել, որ կտուրի խոտերը մաքրեն: Խոսում եմ նրա հետ մինչև աղջիկները մի, տղաները՝ մյուս թմբերի ետևից վերադառնան, որ շարունակենք ճամփան:

Քարավանատունը

Հաջորդ կանգառը Վայքի եկեղեցում է: Կոկիկ, մաքուր է տարածքը, խաչքարների խմբի տեսքով հուշարձան է դրված, ցուցանակի վրա էլ նշված է, թե որը որ տարածքից գտնված խաչքարի ձևով է տաշված: Այստեղ հաջողվում է մոռանալ մասնագիտության մասին,  բայց հնի նկատմամբ անտարբերության մասին դեռ հիշում եմ:

Մտանք սյունյաց աշխարհ՝ «Զանգեր» կոչվող տարածքը: Էստեղ էլ դիմավորող կա, միրգ, մեղր, սարի ծամոն, ինչ ուզես կա, ջուր էլ կա: Թվում է՝ սարերի միջով երկար ճամփա անցնողի համար հարմարություններ էլ կլինեն: Սանհանգույցի տեղը պետք չէ հարցնել, հոտառություն ունենալը հերիք է: Քարե խցիկին մոտենալ չի լինում, նայել՝ հատկապես: «Բա՞ աղբը որտեղ թափենք»,-հարցնում եմ: Ձեռքով ճամփի հակառակ կողմն են ցույց տալիս. աղբարկղ կա: «Ո՞վ է աղբը տեղափոխում»,-աղբի հարցերով շարունակում եմ հետաքրքրվել: «Պետք ա աղբի ավտոն գա տանի, բայց չի գալիս»,-ասում են:

Նոթատետրիս մեջ դեռ ոչ մի նշում չեմ արել. պետք չէ տրամադրությունը փչացնել: Նկարներն էլ ջանումեմ տեսարժան վայրերին վերաբերեն, ոնց որ իսկական զբոսաշրջիկինը: Խոստացել եմ՝ չէ՞:

Գիշերն անցավ Հալիձորում: «Հարսնաձորում» վրաններ խփեցինք: Մառախուղ, թաց, բայց քնապարկում հնարավոր եղավ քնել: Հողն էր տաք: Մենք էլ էինք տաքացել՝ երգով ու պարով:

Տաթև: Պարզվում է, Տաթևը տղամարդու անուն է: Քրիստոսի 72 աշակերտներից մեկի՝ Եվստաթեոսի անվան կրճատ ձևն է: Սկզբում անվանել են Ստաթև առաքայլ, հետո՝ Տաթև: Այստեղ նա հիմնում է վանական խումբ, բայց հեթանոսները սպանում են նրան: 5-րդ դարում նրա անունով մատուռ է կառուցվում:

Համալիրում մի քանի անգամ պտտվելուց, ենթադրություններ անելուց  հետո մեզ միացավ Հարություն սարկավագը, ով «լույս սփռեց խավարի վրա» և Տաթևի վանական համալիր մեր այցը իմաստավորեց: Այստեղ անկարող էի չմիացնել ձայնագրիչը ու հարցեր չուղղել սարկավագին: Նա պատմեց էն ամենի մասին, ինչը ուզում է իմանալ այցելուն՝  համալիրի կառուցման պատմության, ճոճվող սյան, դեպի ձոր տանող ստորգետնյա ուղիների, գրադարանի ու գրապահոցի, որտեղ Նժդեհն է որոշ ժամանակ աշխատել:

Իմանում ենք, որ բակի տանձենին Խրիմյան Հայրիկն է տնկել: Բայց այդ մասին իմանում են միայն նրա շուրջը հավաքված  մարդիկ, նրանք, ովքեր խնդրել են  սարկավագին ծանոթացնել տարածքին, իսկ նրանք, ովքեր ցուցանակներ են փնտրում դա իմանալու համար, զուր և իզուր: «Մի ժամանակ կային ցուցանակներ, հետո փչացան, ջարդվեցին»,- ասում է Օֆելյան, որ վանքի նվերյալներից է, ուխտի  է գալիս ամեն տարի: Հարություն սարկավագն ասում է՝ տարածքում մի քանի մետր  շինարարական աղբ է լցված, որ մնացել է դեռ ԽՍՀՄ-ի ժամանակ արված վերանորոգումից: Շատ շինություններ ձևախեղվել են, պետք է քանդել ու նախկին տեսքին բերել: «Հիմա Ռուբեն Վարդանյանի բարերարությամբ աշխատանքներ են տարվում, ուսումնասիրվել են համալիրի ճարտարապետության մասին արձանագրությունները, դրանցով են առաջնորդվում, վանքի վանահայր Տեր Միքայելի հետ  են խորհրդակցում,-ուրախությամբ ասում է Հարություն սարկավագը,-բայց տարիներ կտևեն: Աղոթենք, որ ամեն ինչ հաջողությամբ ավարտվի, և սա դառնա ճեմարան, որտեղ սաները արտասահման մեկնելու փոխարեն կգան ուսանելու»:

Գրեթե բոլոր արշավների թոփ տասնյակում գտնվող և աշխարհին հրամցվող Հայաստանի տեսարժան, հոգևոր ու պատմություն կրող վայրը այսքան ժամանակ ուղղակի անտեսվել է, քանի որ ոչ մի բիզնեսմեն չի գտել տարածքից շահույթ ստանալու եղանակը, մնացած պատասխանատու պետական կառույցները՝ նույնպես: Փոխարենը ուշադրության կիզակետում է «Շաքեն»: Չէ, խոսքը աղջկա մասին չէ, բայց ոչ պակաս գեղեցկուհու: Վերադարձի մեր վերջին հանգրվանը Հայաստանի ամենաբարձր ջրվեժն է՝ 18 մ բարձրությամբ: 2008թ. կառավարության N 967-Ն որոշմամբ բնության հուշարձան համարվող և հատուկ պահպանություն ենթադրող ջրվեժը կարելի է տեսնել, եթե բացվի ծորակը: Ծորակը փակ է Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի համասեփականատիրությամբ գործող «Հակոբջանյան եւ Գալստյան ՀԷԿ»-ի նախաձեռնությամբ:  Բարեբախտաբար, կիրակի օրերին, ՓՀԷԿ-ի աշխատողներին զանգելու կամ վճարելու դեպքում ջրվեժը երբեմն «աշխատում է» կամ այս դեպքում՝  հանգստանում. հոսում ու թափվում է այնտեղով, որտեղով բնությունն է որոշել:

Դեպի ջրվեժ տանող ճանապարհի մի մասը փլված է, քարեր են ու աղբ: Զբոսաշրջիկի  անվտանգության  ու հարմարավետության մասին մտածել հարկ չի եղել, քանի որ չկային «օբյեկտներ» ու վաճառակետեր: Ջրվեժի շահութաբերությունը միայն դրա ջուրը խլելն ու խողովակների մեջ անցկացնելն էր: Փոխարենը կանաչապատ ու խնամված է ՓՀԷԿ-ի կայանի տարածքը, բայց նստելն արգելված է՝ պահակները հուշում են՝  «փողով մշակվում» է: Այս տեսարանը ֆոտոխցիկս առանց ինձ հարցնելու է ֆիքսում:

Հ.Գ. Ամառային-արձակուրդային սեզոնն ավարտվեց: Եկող տարվա Հայաստանով ճամփորդողներիս մաղթում եմ՝ ինչ մասնագիտություն էլ, որ ունենանք ու ուզենք միայն ճանաչել, հմայվել ու սիրել մեր երկիրը, հաջողվի:

Ազատուհի Խաչատրյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter