
ՀՀ վաստակավոր արտիստ Խաչիկ Բադալյան. «Թատրոնը գյադա գյուդաների կերակուր չէ»
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում աշնանային թատերաշրջանին ընդառաջ եռացող կրքերն ամենեւին էլ նոր նախագծերի կամ նոր ներկայացման շուրջ չեն: Սեպտեմբերի 14-ին թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի կարգն ու հայտ ներկայացրած թեկնածուներն են կոլեկտիվի զայրույթի պատճառը: Դերասանները բողոքում են.«Չենք ուզում մեզ ղեկավարի թատերական աշխարհի հետ կապ չունեցող, ներկայացումներից ու թատերական կյանքից գաղափար չունեցող, թատրոն չայցելող, թատրոնի հոգսերը չպատկերացնող, թատրոնը չգնահատող պատահական անձնավորություն»:
Այսօր թատրոնի դերասանները, գլխավոր ռեժիսորն ու պրոդյուսերը հրավիրել էին մամուլի ասուլիս՝ իրենց մտահոգությունները, զայրույթը, խնդրանքն ու հորդորը պատկան մարմիններին փոխանցելու համար: Ինչպես նշեց թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը. «Գուցե այս հանդիպումը չլիներ, եթե չլինեին քաղաքում պտտվող լուրերը, թե հանրապետականն ուզում է թատրոնը ներսից քանդի, չլինեին լուրեր, որ թեկնածուներից մեկին աջակցում է պատգամավոր Արման Սահակյանն ու հարցն արդեն լուծված է, ու ի վերջո, եթե մարդիկ չխոսեին, թե ես իբրեւ արգելում եմ դերասաններին իրենց կարծիքը հայտնել, եւ որ վերեւներում ամեն ինչ վճռված է: Այո, թատրոնի տնօրենի պաշտոնը թափուր է եւ բնականաբար պիտի մրցույթ կայանա: Բայց մենք դեմ ենք, որ 150-ամյա թատրոնը ղեկավարի մեկն, ով ընդհանրապես գաղափար չունի թատրոնից ու որպես առավելություն նշվում է կուսակցական պատկանելիությունը: Մենք շատ լավ գիտենք, թե քաղաքում ով ով է: Ուրեմն թող մարդիկ աշխատեն ու տեղ զբաղեցնեն այնտեղ, որն իրենցն է»:
Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի Հանրապետություն օրաթերթի նույն համարում Մշակույթի նախարարությունը երկու հայտարարություն էր հրապարակել՝ Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն ՊՈԱԿ-ի եւ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն ՊՈԱԿ-ի տնօրենների թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթների կարգի վերաբեյալ: Խնդիրն այն է, որ «Գոյ» թատրոնի դեպքում մրցույթին մասնակցող թեկնածուների համար պարտադիր պայմանների մեջ նշված կետերից առաջինում շեշտված է, որ թեկնածուն պետք է ունենա բարձրագույն կթություն թատերագիտություն, դերասանական արվեստ, ռեժիսուրա մասնագիտություններից որեւէ մեկից, հաջորդ կետով՝ կառավարման ոլորտի առնվազն 3 կամ 5 տարվա աշխատանքային փորձ:
Գյումրու դրամատիկական թատրոնի դեպքում մրցույթի կարգը փոխվում է եւ հայտ ներկայացնող անձի համար բավարար է ճանաչվում միայն նրա բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը եւ կառավարման ոլորտում 3 կամ 5 տարվա աշխատանքային փորձը: «Մենք նամակով դիմել ենք նախարարություն եւ խնդրել ենք պարզաբանել,- հայտնեց թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը,- մեզ պարզաբանել են, որ մենք ունենք գեղարվեստական խորհուրդ, այդ պատճառով էլ նոր տնօրենի համար պարտադիր պայման չեն դիտարկել մասնագիտական կրթությունը: Այսինքն ստացվում է, որ «էլիտար» թատրոնի համար դա պարտադիր է, իրենց լեզվով ասած «ռայոնի» թատրոնի համար՝ ո՞չ, այսինքն ինչ էլ լինի, ինչ էլ հրամցվի մենք պիտի հարմարվե՞նք»:
Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտ ներկայացրած առաջին թեկնածուն «Ցայգ» հ/ը տնօրեն Մարգարիտա Մինասյանն է: Երկրորդ թեկնածուն Արաքսյա Կիրակոսյանն է, ով նախկինում եղել է նույն հեռուստաընկերության լրագրողներից, հետագայում Շիրակի նախկին մարզպետներ Գիզիրյանի եւ Ցոլակյանի օրոք մարզպետարանում զբաղեցրել լրատվության գծով խորհրդականի պաշտոնը:
Ասում են, թե Մ. Մինասյանը սկզբնական շրջանում միակ հայտ ներկայացրած թեկնածուն է եղել, եւ եթե չլիներ երկրորդ «ներմուծված» թեկնածուն՝ մրցույթը չեղյալ կհայտարարվեր: Թատրոնի կոլետիվին զայրացրել հանգամանքը, որ թեկնածուներից ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի բարեհաճությունը վայելող թեկնածուն այսպես ասած մատ է թափ տվել իրենց վրա, խորհուրդ տվել լռել՝ հայտարարելով, որ ինքն արդեն իսկ ընտրված է եւ գալու է տնօրինելու թատրոնը:
«Թատրոնը գյադա գյուդաների կերակուր չէ»,-հայտարարեց ՀՀ վաստակավոր արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Խաչիկ (Ռազմիկ) Բադալյանը՝ հավելելով, որ շատ հուզված է ու զայրացած, անգամ պատրաստ է արտասվել՝ տեսնելով, թե ինչպես են ուզում փլուզել այն կուռ կառույցը, որ ստեղծվել է վերջին տարիներին բոլորի ջանքերի ու ներդրումների շնորհիվ: Նա հույս հայտնեց, որ մշակույթի նախարարը կմիջամտի ու հարցը կլուծվի հօգուտ թատրոնի:
«Եթե մեր այս բողոքին դրական արձագանք չլինի՝ կոլեկտիվի ներքին հոգեբանական համերաշխությունն է խախտվելու: Ստեղծագործական խումբը դեմ է այդ թեկնածուներին»,-նշեց թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը: Նրա համոզմամբ պետք է կրկին մրցույթ հայտարարվի՝ այս անգամ բաց, պետք է հայտարարություն տարածվի նաեւ տեղական լրատվամիջոցներով եւ հնարավորություն ու ժամանակ տրվի, որպեսզի թատրոնի հանրույթից եւս ցանկացող մեկը կարողանա մասնակցել մրցույթին:
«Մենք հայտարարված մրցույթի մասին տեղեկացել ենք միայն այն ժամանակ, երբ քաղաքում սկսեցին լուրեր շրջանառվել, որ կա հստակ թեկնածու, եւ որ նրան սատարում է պատգամավոր Արման Սահակյանն ու հարցը լուծված է,- նկատեց բանախոսը, -մենք համոզված ենք, որ մշակույթի նախարար տիկին Պողոսյանը տեղյակ չէ, որ մրցույթ է անցկացվում նման խախտումներով: Մենք ուղղակի խնդրում ենք շտկել իրադրությունը եւ հայտարարել բաց մրցույթ նույն պայմաններով ինչ որ «Գոյ» թատրոնի դեպքում: Թատրոնի տնօրենը պիտի թատրոնի մարդ լինի՝ ապրի ու շնչի թատրոնով»:
Մեկնաբանել