HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի ավագանին հաստատեց քաղաքապետի առաջարկած տնօրենների թեկնածությունը, համաձայնվեց գույք նվիրել, բայց ավտոմեքենա օտարելուն դեմ էր

Գայանե Սարգսյան

Սեպտեմբերի 7-ին Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կայացավ համայնքի այս գումարման ավագանու վերջին նիստը, որին մասնակցում էին 19 անդամներից 13-ը:

Օրակարգի հաստատումից առաջ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հարկ համարեց հանդես գալ շնորահակալանքի խոսքով:

«Մինչ օրակարգին անցնելը ես ուզում եմ իմ ամբողջ համայնքի աշխատակազմի ու ավագանու անունից մեր շնորհակալությունը հատնեմ երկրի նախագահին, վարչապետին, տարածքայինի նախարարին ու Լոռու մարզպետին Վանաձոր համայնքի աշխատավարձի առաջացած պարտքերի մարման համար սուբվենցիայի ժամանակին տրամադրման համար: Կառավարությունը կառավարության նիստում հաստատեց 160 մլն դրամ, որպեսզի Վանաձոր համայնքը իր աշխատավարձի պարտքերը փակի: Իհարկե, դա մինիմալ աշխատավարձի, էլելտրաէներգիայի, գազի գնի բարձրացման հետ կապված գումարներն էին, որոնք պետք է վերանայվեին կառավարության կողմից»,- նշեց նա:

Պարզվեց` ավագանու անդամ Արամ Խաչատրյանը դեմ է իր անունից շնորհակալություն հայտնելուն:

«Ինձ թվում է շնորհակալության կարիք չկա, պարտավոր էին երեք ամիս առաջ տալ, հիմա են տվել:- նկատեց ավագանու անդամը,- Դուք կարող եք ձեր անունից շնորհակալություն հայտնել, բայց, կներեք, ես…»:

«Շնորհակալության կարիք կա, էդ ես եմ որոշում, բայց կա,- արձագանքեց քաղաքապետը` շնորհակալ ավագանու անդամների թիվը նվազեցնելով մեկով,- լավ, ավագանու անդամներից մեկին հանում եմ»:

Օրակարգը հաստատելուց առաջ ավագանու անդամ Սեյրան Ղամբարյանը հանդես եկավ հարցերից երկուսն օրակարգից հանելու առաջարկությամբ: Հարցերից առաջինը վերաբերում էր ավտոմեքենա օտարելուն: 2003թ.-ի արտադրության Վազ 21214 «Նիվա» մակնիշի մեքենան առաջարկվում էր ուղղակի վաճառքի ձևով, 215.000 դրամով օտարել Վանաձորի բնակիչ Վահե Անդրանիկի Ղազարյանին: 

Հաջորդ հարցով էլ Վանաձորի տիկնիկային թատրոնի տնօրեն Սերգեյ Մելիքյանը քաղաքապետից խնդրել էր թույլ տալ 1986թ.-ի արտադրության ավտոբուսը, որը 2007թ.-ից չի աշխատում, հանել թատրոնի ֆինանսական հաշվեկշռից:

«Այս երկու հարցերը լավ չեն նախապատրաստած: Քաղաքացին եկել, դիմում է գրել, թե ես էդ մեքենան ուզում եմ: Ով ինչ գրի, բերելու ենք տա՞նք»,- նկատեց ավագանու անդամ Սեյրան Ղամբարյանը:

Երբ որոշվեց պարզել, թե ավագանու անդամներից քանիսն են դեմ այս հարցերը օրակարգ մտցնելուն, քանիսը՝ կողմ, դահլիճում մի պահ խառնաշփոթ առաջացավ: «Հո առաջին դասարան չեք»,- նկատեց քաղաքապետը:

Ինչևէ, ավելի ուշ ավագանու անդամներից 7-ի դեմ քվեարկությամբ երկու հարցերն էլ հանվեցին օրակարգից:

«Ես առաջարկում եմ մեքենաները աճուրդային կարգով դնենք»,- նշեց ավագանու անդամ Ալեքսանդր Հարությունյանը:

«Դե, մնացածը արդեն աճուրդ կանեն, ինչ կանեն, ով կանի՝ թող անի: Ես այլևս դրա պատասխանատուն չեմ»,- նշեց քաղաքապետը:

Համայնքի ավագանին տվեց իր համաձայնությունը քաղաքապետարանի առաջարկած երկու տարածքների աճուրդ-վաճառքի կազմակերպման համար: Առաջարկված համայնքային սեփականության թվում աճուրդի կդրվի քաղաքի ծայրամասային՝ Տարոն-2, ՔՇՀ-3 թիվ 48/15-1 հասցեում գտնվող 13.25 քմ մակերեսով մառանը՝ 48.000 դրամ մեկնարկային գնով և  քաղաքի կենտրոնում՝ Տիգրան Մեծ պողոտայի թիվ 6 շենքի առաջին հարկի 85 քմ մակերեսով բացվածքը՝ 5 մլն 200 հզր դրամ մեկնարկային գնով:

Օրակարգային հաջորդ հարցով քաղաքապետարանի համատիրությունների և բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանն առաջարկեց համատիրություններին անվարձահատույց տրամադրել նախկին թաղապետարանների գույքը, որը թաղապետարանների գործունեությունը դադարեցնելուց հետո ի պահ էր տրվել համատիրություններին:

«Դրանք լրիվ խոտանման գույքեր էին, որ պիտի խոտանեինք, բայց մարդիկ օգտագործում են, հանձնում ենք իրանց»,- բացատրեց քաղաքապետը:

Ավագանին միաձայն կողմ քվեարկեց հարցին: Ի դեպ, որոշման նախագծին կից ներկայացված գույքացուցակի տվյալներով քաղաքի համատիրություններին հանձված «խոտանման ենթակա գույքի» արժեքը գնահատվել էր 2.348.416 դրամ:

Օրակարգային երեք հարցերով համայնքի ավագանին հաստատեց Վանաձորի քաղաքապետի ներկայացրած երեք թեկնածուներին՝ քաղաքի երկու մանկապարտեզների ու մշակույթի տան տնօրենների պաշտոններում:

Թիվ 2 մշակույթի տան տնօրենի պաշտոնն զբաղեցրեց 1967թ.-ին ծնված Լիանա Շախկալյանը, ով 2004թ.-ից մինչ այժմ աշխատում է Վանաձորի թիվ 31 մանկապարտեզում որպես փոխտնօրեն:

«Նա իր կազմակերպչական ջիղերով մինչև հիմա աչքի է ընկել»,- հավաստեց մշակույթի ու կրթության բաժնի պետ Գոռ Բադյանը:

Հաջորդիվ բաժնի պետը հանդես եկավ 26-ամյա թեկնածուին՝ Անի Վարդանյանին թիվ 34 մանկապարտեզի տնօրենի պաշտոնում նշանակելու առաջարկով:

Ինքնակենսագրականից պարզվեց, որ ոլորտում թեկնածուն աշխատում է 2007թ.-ից: Նա թիվ 19 մանկապարտեզում աշխատել է նախ որպես դաստիարակ, իսկ հինգ տարի անց գրանցել է կարիերայի կտրուկ աճ ու 23 տարեկանում նշանակվել նույն մանկապարտեզի փոխտնօրեն:

Եվս երեք տարի անց, փաստորեն, նրան է առաջարկվում թիվ 34 մանկապարտեզի տնօրենի պաշտոնը: Որպես առաջարկի հիմնավորում` Գ. Բադյանը հայտարարեց. «Թիվ 19 մանկապարտեզը համարվում է  քաղաքի լավագույն մանկապարտեզներից մեկը, ինչում Անի Վարդանյանն ունի իր մեծ լուման»:

«Ներեցեք, իսկ ինչո՞ւմ է  կայանում այդ մեծ լուման: 90 թվականին ծնվածը, ներեցեք, ի՞նչ մեծ լումա պետք է հասցրած լինի: Ես կցանկանայի, որ մի քիչ ավելի հասուն տարիքի մարդիկ կրթեին մեր երեխաներին»,- նկատեց ավագանու անդամ Գայանե Քալանթարյանը:

«Եթե 5 տարի ինքը մանկապարտեզում աշխատում է, լումա կունենա, էլի, տիկին Քալանթարյան»,- պատասխանեց Սամվել Դարբինյանը:

Քաղաքապետը հարցը սահուն դրեց քվեարկության: Ավագանու 12 անդամներից 10-ը կողմ էին 26-ամյա թեկնածուի հաստատմանը: Ձեռնպահ էին Գայանե Քալանթարյանը, Արմեն Մատինյանն ու Արամ Խաչատրյանը:

Հաջորդիվ Գ. Բադյանն առաջարկեց քվեարկել թիվ 19 մանկապարտեզի տնօրենի թեկնածությունը հաստատելու հարցին: Թեկնածուն ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանի դուստրն էր՝ Արփինե Սարիբեկյանը, ով 2013թ.-ից նշանակվել ու մինչ օրս աշխատում է թիվ 34 մանկապարտեզում որպես տնօրեն:  Թեկնածուին ավագանու անդամները հարցեր չունեին: Թեկնածությունը հաստատվեց միաձայն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter