
Հայերը սկսել են ավելի քիչ մեքենա ներմուծել. ԱԱՀ-ի վերացումը չի ոգևորել
Նախորդ տարվանից Հայաստան բերվող մարդատար ավտոմեքենաների թիվը պակասում է։ ԵԱՏՄ երկրներից ներկրվող մեքենաների նկատմամբ ԱԱՀ-ի գանձումը վերացնելը չի նպաստել ներկրման ծավալների մեծացմանը։
Ինչպես վկայում են Հայաստանի մաքսային ծառայության տվյալները, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 6.81 հազար հատ մարդատար ավտոմեքենա, մինչդեռ նախորդ տարվա նույն ընթացքում՝ 11.5 հազ. հատ։ Արդյունքում՝ ներկրված մեքենաների քանակը նվազել է մոտ 41%-ով, իսկ դրանց ընդհանուր արժեքը (մաքսային)՝ 48.2%-ով ու կազմել մոտ 33.4 մլն ԱՄՆ դոլար։
Այս տարի Հայաստան առավել շատ ավտոմեքենա ներմուծվել է Գերմանիայից ու Ճապոնիայից։ Իսկ Ռուսաստանից՝ ընդամենը 265 հատ, որը 1470 հատով կամ 6.5 անգամով պակաս է 2015-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշից։ Իսկ մաքսային արժեքը նվազել է 2.8 անգամով ու կազմել 3.3 մլն դոլար։ ԵԱՏՄ անդամներ Ղազախստանից ու Ղրղզստանից Հայաստանը ավտոմեքենա չի ներկրել, նախկինում էլ՝ շատ քիչ քանակությամբ։ Իսկ Բելառուսից թե´ այս տարվա, թե´ նախորդ տարվա առաջին կիսամյակներում ներմուծվել է 26 հատ մարդատար մեքենա։
Այսինքն՝ ԱԱՀ-ի գանձումը վերացնելը չի ոգևորել ներկրողներին։ Սա կարող է նշանակել, որ ավտոմեքենաների ներմուծման ոլորտում, համենայնդեպս Ռուսաստանից ներմուծման մասով, գլխավոր խոչընդոտը ԱԱՀ-ն չէր։ Հակառակ դեպքում՝ նման տեմպերով անկում դժվար թե գրանցվեր։ Հիշեցնենք, որ այս տարվա մարտին ՀՀ ԱԺ-ն ընդունեց «Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը նախատեսում է ԵՏՄ երկրներից ֆիզանցանց կողմից ավտոմեքենաներ ներմուծելիս չգանձել 20% ԱԱՀ: Այս փոփոխությունից հետո սպասվում էր, որ Ռուսաստանից ներկրվող մեքենաների քանակը պետք է աճեր։ Որոշ փորձագետներ, նույնիսկ, կտրուկ աճի մասին էին խոսում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուբլու արժեզրկման հետևանքով Ռուսաստանում վաճառվող ավտոմեքենաներն էժանացել էին։ Բայց, փաստացի, ներմուծումը ոչ թե աճել է, այլ՝ մի քանի անգամով նվազել։
Իսկ այն, որ հայերը ավելի շատ նախընտրում են մեքենաներ բերել Գերմանիայից ու Ճապոնիայից, քան Ռուսաստանից, նոր երևույթ չէ։ Նախորդ առնվազն հինգ տարիների տվյալները ցույց են տալիս, որ Գերմանիան այս առումով առաջին տեղում է։ Ճապոնիայի կշիռը ևս մեծ է եղել։ Ռուսաստանը զիջել է այս երկրներին։ Սա էլ իր հերթին վկայում է այն մասին, ինչի վերաբերյալ ներմուծողները հաճախ են խոսում՝ Գերմանիայից ու Ճապոնիայից ավտոմեքենա ներմուծելն ավելի շահավետ է, ու մեքենաների որակն ավելի բարձր է, քան Ռուսաստանից ներմուծվող մեքենաների դեպքում է։
Մաքսային ծառայության տվյալները ևս որոշակի պատկերացում են տալիս այդ մասին։ Եթե պայմանականորեն, ըստ ներմուծված մեքենաների քանակի ու ընդհանուր մաքսային արժեքի, հաշվում ենք 1 մեքենայի միջին արժեքը, ապա այս տարի Գերմանիայից ներմուծված 1 մեքենան միջինում արժեցել է 3.6 հազ. դոլար, Ճապոնիայից՝ 4.85 հազ. դոլար, Ռուսաստանից՝ 12.4 հազ. դոլար։
ԱՄՆ-ից ևս մշտապես ներմուծվել է մեքենա։ Չորս-հինգ տարի առաջ որոշակի քանակությամբ ներմուծվում էր նաև Կորեայից՝ մոտ 1 հազ. հատ։ Իսկ այս տարի այդ երկրից մեքենա չի ներմուծվել։
Այս տարի, սակայն, Ճապոնիայից և Գերմանիայից ևս ավտոմեքենաների ներմուծումը կրճատվել է։ Ճապոնիայից ներկրված մեքենաների քանակը 2.8 հազ. հատից հասել է 2.4 հազ. հատի։ Իսկ մաքսային արժեքը նվազել է մոտ 29%-ով՝ հասնելով 11.6 մլն դոլարի։
Գերմանիայից ներմուծվող մեքենաների քանակն ավելի շատ է նվազել՝ 5.3 հազ. հատից հասել է 3.1 հազ. հատի։ Մաքսային արժեքն էլ նվազել է ավելի քան կրկնակի՝ կազմելով մոտ 11.2 մլն դոլար։
Իսկ ԱՄՆ-ից ներմուծվել է 338 հատ մարդատար ավտոմեքենա՝ 2015-ի առաջին կիսամյակի 631 հատի դիմաց։ Մաքսային արժեքը նվազել է 3 անգամով՝ կազմելով 1.8 մլն դոլար։
Վերջին հինգ տարվա տվյալները ցույց են տալիս, որ մինչև 2014 թվականը մեքենաների ներմուծումը ավելացել է, 2015-ին անկում է գրանցվել, և այն շարունակվում է նաև այս տարի։ Ինչպես տեսանք, կիսամյակային համեմատությամբ այս տարի անկում է գրանցվել բոլոր այն հիմնական երկրների մասով, որտեղից Հայաստանը մեքենաներ է ներկրում։ Իհարկե, սովորաբար, երբ որևէ ապրանքի ներմուծումը կրճատվում է, դա կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ։ Բայց այն հիմնականում նշանակում է, որ կամ բնակչության գնողունակությունն է ընկել, կամ բնակչության թիվն է պակասել՝ արտագաղթը խորացել, կամ տեղական արտադրությունը սկսել է բավարարել այդ ապրանքի տեղի պահանջարկը, կամ միջազգային շուկայում այդ ապրանքն էժանացել է։ Այս տարի մեքենաների արտադրության զարգացման տարբերակը Հայաստանի պարագայում միանգամից բացառում ենք։ Գների էժանացումը ևս, քանի որ ոչ միայն ներմուծման մաքսային արժեքն է նվազել, այլև՝ քանակը։ Առավել հավանական են գնողունակության անկումն ու բնակչության թվաքանակի նվազումը։
Նշենք, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծել նաև 65 հատ (մաքսային արժեքը՝ 1.6 մլն դոլար) ավտոմեքենա՝ նախատեսված 10 և ավելի մարդու տեղափոխման համար, 642 հատ (10.4 մլն դոլար)՝ բեռնափոխադրման համար և հատուկ նշանակության 12 մեքենա (1.7 մլն դոլար)։ Այդ մեքենաները բերվել են Թուրքիայից, Գերմանիայից, Ճապոնիայից, Չինաստանից և այլ երկրներից։
Մեկնաբանել