HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

Սլովենական անատամ վագրն ընդդեմ կոռուպցիայի

2012թ. նոյեմբերին Սլովենիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Մարիբորից սկսված և տասնյակ այլ քաղաքներ տարածված բողոքի ցույցերը լուրջ ազդակ էին իշխանությունների համար. ժողովուրդը պահանջում էր կառավարության հրաժարականը: Տասնյակ հազարների հասնող երթի ժամանակ Մարիբորում ոստիկանությունը կիրառեց բռնություն, իսկ մայրաքաղաք Լյուբլյանայում՝ արցունքաբեր գազ, բայց քաղաքացիները հաստատակամ ու համառ էին իրենց պահանջների մեջ և կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված վարչապետ Յանես Յանշայի ու նրա կառավարության հրաժարականն իրեն շատ սպասել չտվեց:   

Դրագո Կոսը՝ Սլովենիայի Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի առաջին հանձնակատարը, անշուշտ, գոհ էր. նա ժողովրդի հենց այսպիսի վերահսկողության մեջ էր տեսնում գործող հակակոռուպցիոն համակարգի իրական հաջողությունը: Ճիշտ է, Կոսը, ով այժմ ղեկավարում է ՏՀԶԿ (OECD) Կաշառակերության դեմ պայքարի բաժինըվստահ է, որ կոռուպցիան հնարավոր չի լինի արմատապես վերացնել, քանի որ պետական պաշտոնյաների համար իշխանությունը չարաշահելու գայթակղությունը միշտ է լինելու, բայց շարունակական վերհսկողությունն ու անողոք պայքարը չինովնիկներին պետք է մշտապես զգաստ պահեն:

Պետք է ասել, որ Սլովենիան Արևելյան Եվրոպայի այն երկրներից է, որին հաջողվել է արագ զարգանալ ու 2004թ. նախկին սոցիալիստական ճամբարի երկրներից առաջինն արժանանալ Եվրոպական Միությանն անդամակցելու պատվին: Գիտական շրջանակներում քննարկման առարկա է սլովենական հաջողության ֆենոմենը, որի կարևոր գործոններից մեկը, անկասկած, պետք է համարել նաև կարճ ժամանակահատվածում հակակոռուպցիոն պայքարի արդյունավետ համակարգի հաստատումը, որի առջև, սակայն, այսօր լուրջ խնդիրներ կան ծառացած:

Ոստիկանների բախումը ցուցարարների հետ Մարիբորում, դեկտեմբերի 3, 2012թ. / lukadakskobler.wordpress.com

Համառոտ պատմական ակնարկ

Մի քանի հարյուրամյակ գտնվելով Վիեննայի հպատակության ներքո՝ 20,000 քառ. կմ տարածքով ու ընդհամենը 2 միլիոն բնակչությամբ Սլովենիայում գործում էր Ավստրիայից փոխառված օրենսդրությունը, իրավական համակարգն ու մշակույթը: Երկիրն ուներ հարաբերականորեն ուժեղ և անկախ դատարաններ, հանցավորության ցածր մակարդակ, իսկ կառավարման համակարգը քիչ թե շատ թափանցիկ էր: Սլովենիան հետխորհրդային ժամանակների Արևելյան Եվրոպայի երկրներից մշտապես առանձնացել է իր զարգացման բարձր մակարդակով և հատկապես մանր կոռուպցիոն դրսևորումների բացակայությամբ:

Սլովենական հաջողության ֆենոմենի գործոններից մեկը մասնագետները համարում են նաև այն, որ 1991թ. անկախացումից հետո իշխանության գլուխ անցան եվրոպական արժեքներ կրող քաղաքական գործիչներ, ում հաջողվեց կառավարման համակարգը մաքրել նախկին խորհրդային կադրերից և պետական ապարատում ներգրավել ավելի ժամանակից հայացքներով ու թարմ գաղափարներով անձանց: Հատկանշական է, որ Սլովենիայի վերաբերյալ 1997թ. իր զեկույցում Եվրոպական հանձնաժողովը նշում է, որ այստեղ «կոռուպցիայի էական դրսևորումները գրեթե բացակայում են», իսկ հանրության շրջանում սոցիոլոգիական հարցումների արդյունքում կոռուպցիան հայտնվել էր մարդկանց մտահոգող խնդիրների ցուցակի ամենաստորին մասում: Անկախացման առաջին տասնամյակում (1991թ. սկսած) կոռուպցիայի դեմ պայքարը քաղաքական օրակարգում որպես առաջնայնություն չէր դիտարկվում:

Այնուամենայնիվ, իշխանական ետնաբեմում տեղի էին ունենում հասարակ ժողովրդի աչքից խնամքով քողարկված գործընթացներ, որոնք զգալի վնաս էին հասցնում զարգացման ուղին բռնած երկրին. դրանցից ամենախնդրահարույցը պետական գույքի սեփականաշնորհումն էր: Բացի այդ, գերմանական մամուլում 90-ականներին արդեն խոսվել էր կառավարության անդամների ներգրավմամբ զենքի անօրինական առևտրի սկանդալային բացահայտման մասին (տե՛ս նաև՝ Պատրիայի գործը), բայց կոռուպցիայի մասին ավելի շատ սկսեցին խոսել միայն 2004թ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումից հետո: 

Եվրոպական մեծ ընտանիքում ինտեգրվելու հեռանկարը Սլովենիայի առջև էթիկայի և բարեվարքության եվրոպական չափանիշներ հաստատելու պահանջ դրեց: 2000թ. GRECO-ն (Եվրոպայի խորհրդի  Երկրների խումբն ընդդեմ կոռուպցիայի) շեշտեց, որ Սլովենիային անհրաժեշտ է կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարություն մշակել և ստեղծել հակակոռուպցիոն գործակալություն:

2004թ. ընդունվեց Կոռուպցիայի կանխարգելման մասին օրենքը, որով ստեղծվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ): Սրան հաջորդեց Սլովենիայի անդամակցումը Եվրոպական Միությանը: Անցած տասը տարիների ընթացքում մի խումբ առաջամարտիկների հաջողվեց հաստատել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ համակարգ, իսկ 2010թ. ընդունված նոր օրենքն էլ ավելի հզորացրեց ԿԿՀ-ի գործառույթները:

Այս կառույցի կողմից կատարված բացահայտումների արդյունքում հանրությանը ներկայացվեցին Սլովենիայի անկախացումից հետո պետական գույքի սեփականաշնորհման գործընթացի չարաշահումները, որի արդյունքում իշխանության գլուխ անցած քաղաքական ուժին հաջողվել էր երկրի հարստության մի մասը կուտակել մի խումբ անձանց ձեռքերում՝ այն ծառայեցնելով քաղաքական նպատակներին, կատարվել էին միլիոնավոր դոլարների հասնող յուրացումներ: ԿԿՀ-ի ջանքերի արդյունքը եղավ այն, որ մարդկանց սկսեց վերջապես անհանգստացնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի ոչ բավարար թափանցիկ լինելը:

Դրագո Կոսը / Aljoša Kravanja

Նոր համակառուպցիոն համակարգը

2004թ.-ին, քանի որ կոռուպցիան ժողովրդի համար տեսանելի մեծ չափերի չէր հասնում, Կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովը սկզբում լծվեց կոռուպցիոն ռիսկերի բացահայտման, էթիկայի չափանիշների վերաբերալ ուղղորդումներ ներկայացնելու, շահերի բախման չափանիշների, բարեվարքության կառավարման համակարգերի հաստատման և ազգային ռազմավարության իրականացման գործին: Սակայն հանձնաժողովը չուներ քննչական լիազորություններ: Այն կարող էր ներկայացնել միայն քաղաքացիական/վարչական հայցեր, պետական մարմիններից պահանջել փաստաթղթեր և հարցաքննություն իրականացնել՝ կապված իր կանխարգելիչ գործառույթների հետ, երբ, ասենք, ունեցվածքի մասին հայտարարագրերում հայտնաբերվում էին անհամապատասխանություններ, սակայն այն չէր կարող, օրինակ, պատժամիջոցներ կիրառել կամ քրեական վարույթ հարուցել: Եվ կոռուպցիայի դեմ պայքարի հարուստ միջազգային փորձ ունեցող, այն ժամանակ GRECO-ի նախագահ Դրագո Կոսի գլխավորությամբ ԿԿՀ-ն իր առջև գերխնդիր դրեց. կոռուպցիոն դրսևորումների մասին որքան հնարավոր է շատ իրազեկել հանրությանը:

Մի առիթով ԿԿՀ-ին համեմատել էին սարսափազդու, բայց անատամ վագրի հետ, որը մեծ աղմուկ է հանում, բայց չի կարողանում կծել, ԿԿՀ-ի նախկին ղեկավար Կլեմենչիչի կարծիքով` այս բնորոշումն իսկապես սազում էր դրան:

Կարճ ժամանակ անց ԿԿՀ-ի արդյունավետ աշխատանքի շնորհիվ պետական կառավարման համակարգի կասկածելի գործարքները սկսեցին աստիճանաբար ջրի երես դուրս գալ: Եվ այս կառույցն իշխանական շրջանակների համար այնքան վտանգավոր դարձավ, որ 2006թ.  փետրվարին իշխող կուսակցության նախաձեռնությամբ խորհրդարան ներկայացվեց մի օրենսդրական նախագիծ, որով ԿԿՀ-ն լուծարվում էր և ստեղծվում էր խորհրդարանի ենթակայությամբ գործող և պատգամավորներից բաղկացած նոր հանձնաժողով: Ակնհայտորեն ետընթաց արձանագրող այս նախագիծը շուտով հաստատվեց խորհրդարանի կողմից:  Սակայն 2007թ. ԿԿՀ-ին հաջողվեց սահմանադրական դատարանին «համոզել» օրենքը ճանաչել հակասահմանադրական՝ իշխանության տարանջատման սկզբունքի խախտման հիմքով: Հանձնաժողովն այդ ընթացքում և դրանից հետո շարունակեց աշխատել մեծ փութաջանությամբ ու համառությամբ և կատարեց նորանոր բացահայտումներ, իսկ 2010թ. ընդունվեց արդեն ԿԿՀ-ի կողմից առաջարկված Բարեվարքության և կոռուպցիայի կանխարգելման մասին նոր օրենքը, որի ներքո Հանձնաժողովի լիազորությունների շրջանակն ընդլայնվեց՝ ընգրկելով վարչական պատժամիջոցներ կիրառելու և տույժեր սահմանելու գործառույթ, մեծացվեց ԿԿՀ-ի բյուջեն, փոփոխվեց կառուցվածքը և համալրվեց աշխատակիցների կազմը՝ հասնելով 40-ի:

Լյուբլյանայի ցույցի մասնակիցները կրում են Յանես Յանշային հիշեցնող դիմակ, դեկտեմբերի 22, 2012թ. / lukadakskobler.wordpress.com

Կայացման դժվարին ճանապարհ. Դրագո Կոս և Յանես Յանշա հակամարտությունը

Մի հարցազրույցի ժամանակ ԿԿՀ-ի առաջին ղեկավար Կոսը խոստովանել է, թե որքան դժվար է եղել դիմակայել պետական չինովնիկների ճնշումներին՝ նշելով, որ բոլորն էին իրենց դեմ, և նույնիսկ դատախազությունը պատրաստ էր աննշան սայթաքման դեպքում ոչնչացնել ԿԿՀ-ին, բայց դա տեղի չունեցավ Կոսի ու ԿԿՀ-ի անբասիր աշխատանքի ու գործի նվիրյալ լինելու շնորհիվ:  

2010թ. նոր օրենքի ընդունումից հետո ավելի հզորացած ԿԿՀ-ն իսկական հաղթանակ էր, բայց այն արդյունք էր ԿԿՀ-ի՝ լուրջ ճակատամարտերում տարած հաղթանակների, որոնցից թերևս ամենահիշարժանը Դրագո Կոս – Յանես Յանշա հակամարտությունն էր:

Դեռևս 1993թ. գերմանական մամուլը բացահայտեց, որ այն ժամանակ երկրի նախագահ Միլան Կուչանին չի հաջողվում վերջ դնել զենքի անօրինական վաճառքին, որը վերածվել էր շահութաբեր առևտրի, իսկ դրա գլխավոր դերակատարներից մեկը հենց ինքը՝ այն ժամանակ պաշտպանության նախարար Յանես Յանշան էր: Այս բիզնեսը Յանշային և նրա թիմակիցներին բերել էր միլիոնավոր դոլարների շահույթ, որը նրանք հետագայում ներդրեցին իրենց քաղաքական արշավների մեջ (տե՛ս Պատրիայի գործը) և, ի վերջո, ավելի ուշ կարողացան իրենց ձեռքը վերցնել երկրի կառավարումը:

1990-ականներին այս գործը քննող քննիչը հենց Դրագո Կոսն էր: Երբ այս բացահայտման արդյունքում նախարար Յանշան հեռացվեց աշխատանքից, Կոսը ղեկավարեց զենքի վաճառքի գործով քննչական խումբը: Նրան հաջողվեց 21 անձի դեմ գործ հարուցել, սակայն դատախազությունը քրեական մեղադրանքը չհաստատեց: Խորհրդարանում այս գործը լսվել է երեք անգամ՝ 1995, 1999 և 2007թթ., սակայն քաղաքական հաշվեհարդարի և անձնական սպառնալիքների ազդեցության ներքո խորհրդարանի ղեկավարները հրաժարվեցին շարունակել բացահայտումները: 1999թ. վրեժխնդիր Յանշային հաջողվեց հասնել Կոսի աշխատանքից հեռացմանը: Կոսն, իհարկե, կարողացավ դատարանի միջոցով վերականգնել իր իրավունքները, սակայն նա այլևս ոստիկանություն չվերադարձավ, այլ դարձավ կոռուպցիայի գծով GRECO-ի փորձագետ, իսկ հետո նաև ղեկավարեց այն՝ ընտրվելով  նախագահ (2002-2011թթ.):  Իսկ երբ 2004թ. Կոսը նշանակվեց ԿԿՀ-ի գլխավոր հանձնակատար, այդ ժամանակ կառավարության գլխում կանգնած Յանշան չէր կարող հանգիստ լինել. նա, անկասկած, ԿԿՀ-ի թիվ մեկ թշնամին էր և ամեն կերպ փորձում էր խոչընդոտել դրա աշխատանքներին՝ ընդհուպ մինչև այն լուծարելը: Կոսն իր հերթին չէր մոռացել զենքի առևտրի գործի մասին. 2012թ. մի հարցազրույցի ընթացքում նա ասաց.

«Մենք դեռևս չենք լուծել մի կարևոր խնդիր՝ 1991-94թթ. զենքի անօրինական առևտրի հարցը, - այսօր քաղաքականության մեջ կարևոր դերակատարություն ունեցող անձինք՝ թե՛ աջակողմյաները և թե՛ ձախակողմյաները, այն ժամանակ ներգրավված էին այդ գործում… մի  ամբողջ սերունդ»:

2008թ. պարտվելով ընտրություններում և հայտնվելով խորհրդարանի ընդդիմադիր թևում՝ Յանշայի կուսակցությունն ավելի մեծ սպառնալիք էր ԿԿՀ-ի համար, քանի որ հենց ընդդիմությունն էր խորհրդարանի այն հանձնաժողովի կազմում, որը վերահսկում էր ԿԿՀ-ին: Սակայն միաժամանակ ֆիննական և սլովենական մամուլում հայտնվեցին ֆինների հետ զենքի ապօրինի առևտրում ներգրավված Յանշայի մասին հրապարակումները (տե՛ս Պատրիայի գործը). Կոսը ֆիննական մամուլին հայտնել էր, որ այս անգամ իրենց ձեռքի տակ են անհերքելի ապացույցներ:

2013թ. ԿԿՀ-ի կողմից կոռուպցիոն մի շարք սկանդալների բացահայտումից հետո ժողովրդական ընդվզման մեծ ալիք բարձրացավ: ԿԿՀ-ին հաջողվեց ավելի ծանրակշիռ ապացույցեր ներկայացնել և զենքի առևտրի գործը հասցնել դատարան: Յանշայի կառավարությունը հրաժարական տվեց, իսկ ինքը` Յանշան և նրա հետ միասին կոռուպցիոն գործարների մեջ ներքաշված անձինք դատապարտվեցին: Սակայն արդեն բանտում հայտնված Յանշային ավելի ուշ՝ 2014թ., նորից հաջողվեց խուսափել պատասխանատվությունից. սահմանադրական դատարանը նրա գործով դատական վճիռը ճանաչեց հակասահմանադրական՝ համարելով, որ այն կայացվել է ապացույցների անբավարարության և դատավարական սխալների պայմաններում. այս փաստը միջազգային կառույցների կողմից ճանաչվեց որպես Սլովենիայի ժողովրդավարության հետընթաց:

Կոռուցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքը

ԿԿՀ-ն ղեկավարվում է գլխավոր հանձնակատարի և նրա երկու տեղակալների կողմից: Վերջիններս նշանակվում են հանրապետության նախագահի կողմից, սակայն թեկնածուներն ընտրվում են տարբեր մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովի կողմից՝ բաց ու թափանցիկ ընտրության արդյունքում: Գլխավոր հանձնակատարն ընտրվում է վեց տարի ժամկետով՝ առանց վերընտրելու իրավունքի, իսկ նրա տեղակալները՝ հինգ:  

ԿԿՀ-ն չի հանդիսանում Սլվենիայի իրավապահ համակարգի մաս, սակայն նրա լիազորությունների շրջանակը նշանակալիորեն ընդլայնվել է 2010թ. Բարեվարքության և կոռուպցիայի կանխարգելման մասին օրենքի ընդունումից հետո՝ մանրամասն կարգավորում նախատեսելով կոռուպցիայի, շահերի բախման և ապօրինի լոբիստական գործունեության վերաբերյալ կասկածների դեպքում վարչական քննությունների անցկացման, գաղտնի ինֆորմատորների պաշտպանության (23-35-րդ հոդվածներ), լոբիստների գրանցման և կենտրոնական գրանցամատյանի վարման (56-74-րդ հոդվածներ), հակակոռուպցիոն օրենսդրության հետ անհապատասխանության համար պատժամիջոցների կիրառման (77-80-րդ հոդվածներ), պաշտոնյաների և նրանց մերձավորների եկամուտների և ունեցվածքի հայտարարագրերի և դրանց վերահսկման (Գլուխ 5, 41-46-րդ հոդվածներ), այդ թվում նաև՝ հայտարարագրեր չներկայացնելու դեպքում պատժամիջոցների սահմանման, պետական բոլոր հաստատությունների կողմից բարեվարքության պլանների պարտադիր մշակման մասին դրույթներ (Գլուխ 6): Համաձայն այս օրենքի ԿԿՀ-ն ազգային հակակոռուպցիոն պայքարի ծրագիրը մշակող մարմինն է, այն երկիրը ներկայացնում է կոռուպցիայի հարցերով զբաղվող միջազգային կառույցներում: 2011թ. կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ԿԿՀ-ի գործառույթներն էլ ավելի հզորացվեցին՝ վերջինիս շնորհելով պետական և մասնավոր հատվածներից ֆինանսական փաստաթղթեր պահանջելու լիազորություն և դատավորներին, պետական պաշտոնյաներին, հանրային ծառայողներին և պետական հիմնարկների կառավարման մարմինների ներկայացուցիչներին կոռուպցիայի, շահերի բախման և էթիկայի կանոնների խախտման համար պատասխանատվության ենթարկելու լիազորություն:

40 հոգուց բաղկացած անձնակազմի աշխատանքները բաժանված են երկու ուղղության: Հետաքննությունների ու վերահսկողության բյուրոն ուսումնասիրում է եկամուտների և ունեցվածքի մասին հայտարարագրերը, կատարում է ֆինանսական բացահայտումներ, հայտնաբերում շահերի բախման փաստեր, ինչպես նաև՝ իրականացնում է գաղտնի ինֆորմատորների պաշտպանությունն ու լոբբիստների վերահսկողությունը: Այն նաև իրավապահ մարմինների հետ միջգերատեսչական  կապերը համակարգող մարմինն է: ԿԿՀ-ի այս հենասյունը նաև հանրային հատվածի ու մասնավոր շահերի անհամապատասխանության վերաբերյալ ներկայացնում է խորհդրատվական ուղղորդում:  

ԿԿՀ-ի մյուս, ոչ պակաս կարևոր հենասյունը՝ Կանխարգելման և հանրային բարեվարքության կենտրոնը,  իրականացնում է կանխարգելման և հանրության շրջանում իրազեկության մակարդակի բարձրացման աշխատանքներ, ինչպես նաև՝ համակարգում ազգային հակակոռուպցիոն ռազմավարության իրականացումը, հանրային մարմինների բարեվարքության պլանների մշակման ուղղորդումը, ուսումնասիրում հակակոռուպցիոն օրենսդրական նախագծերը և համակարգում քաղաքացիական հասարակության և հետազոտական կառույցների հետ տարվող աշխատանքները: Առանց հանրության իրազեկման հակակոռուպցիոն պայքարին ուղղված ահռելի աշխատանք իրականացնող այս թիմի ջանքերը պարզապես ապարդյուն կլինեին: ԿԿՀ-ի այս ճյուղը նաև համակարգում է Աուդիտորների խորհրդի, Ֆինանսական միջոցների վերահսկման հանձնաժողովի հետ համագործակցությունը, համեմատում է Հանձնաժողովի զեկույցները Ստուգողների խորհրդի զեկույցների հետ:

Կոռուպցիոն գործերի վերաբերյալ իր դիրքորոշումը հանձնաժողովն արտահայտում է կարծիքների միջոցով, որոնք հասանելի են ԿԿՀ-ի կայքէջում: Հանձնաժողովի յուրաքանչյուր ստորաբաժանում կարող է վարչական քննություն անցկացնել, իսկ քրեական գործունեության վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալու դեպքում դրանք փոխանցվում են իրավապահ մարմիններին: ԿԿՀ-ն մեծ տեղ է տալիս քաղաքացիների հետ համագործակցությանը և քննության է առնում կոռուպցիայի վերաբերյալ նրանց կողմից բարձրացված խնդիրներն ու 30 օրվա ընթացքում արձագանքում դրանց: Հանրության կողմից ներկայացվող դիմումների, իրականացված գործերի քննությունների թիվը տարեցտարի ավելանում է:

Պետական պաշտոնյաների ունեցվածքի և եկամուտների հայտարագրերի համակարգը

Սլովենիայի պետական պաշտոնյաների ունեցվածքի և եկամուտների հայտարագրերի համակարգի ներքո պետական, տեղական ինքակառավարման բոլոր պաշտոնյաները պարտավոր են պաշտոն ստանձնելիս կամ այն թողնելիս ներկայացնել հայտարարագրեր (և նույնիսկ պաշտոնը թողնելուց մեկ տարի անց): Պաշտոնյաները պարտավոր են նաև հայտարարագրել իրենց դրամական կամ գույքային միջոցների էական փոփոխությունները: Կարևոր է այն, որ հայտարարագրերի չներկայացման համար նախատեսված են պատիժներ (տե՛ս օրենքի 77-րդ հոդվածը): Տարեկան ներկայացվող հայտարարագրերի միջին թիվը մոտ 10.000 է: Հաշվի առնելով ԿԿՀ-ի ռեսուրսների սղությունը՝ հասկանալի է, որ ներկայացված բոլոր տեղեկությունները հնարավոր չէ ստուգել: Այնուամենայնիվ, ԿԿՀ-ն պատահականության սկզբունքով կատարում է ներկայացված տվյալների 33%-ի էլեկտրոնային մոնիտորինգ, ու անհապատասխանությունների հայտնաբերման դեպքում գործը հանձնում իրավապահ մարմիններին: ԿԿՀ-ն կարող է նաև պահանջել պաշտոնյաների հարազատների հաշիվների ստուգում, այն դեպքում, եթե կասկածներ կան, որ անհիմն հարստացումը կոծկելու նպատակով այդ միջոցները փոխանցվել են վերջիններիս: Համաձայն Սլովենիայի պետական միջոցների վերադարձի մասին օրենսդրության՝ անհայտ աղբյուրից ստացված և 50.000 եվրոն գերազանցող ցանկացած եկամուտի հայտնաբերման դեպքում քննչական մարմինների կողմից կատարվում է քննություն:

2012թ. յոթ քաղաքական կուսակցությունների ղեկավարների մոտ ԿԿՀ-ն հայտնաբերել էր հենց այսպիսի անհայտ ծագման դրամական միջոցներ. Լյուբլյանայի քաղաքագլուխը, օրինակ, իր հաշվին ուներ 2,4 միլիոն եվրո, իսկ վարչապետ Յանշան՝ 210.000: Այդ ժամանակ քաղաքագլուխը հրաժարվեց կուսակցության նախագահությունից, բայց շարունակեց մնալ քաղաքագլուխ: Վարչապետն իր հերթին ընդունեց իր պաշտոնավարման ընթացքում սխալների առկայությունը, բայց չխոստովանեց պետական միջոցների յուրացումը (տե՛ս Սլովենիայի կոռուպցիայի դեմ պայքարի մասին 2014թ. ԵՄ զեկույցը): 

Սլովենիայի ԿԿՀ-ի նորամուծությունները. Supervizor ծրագիրը և բարեվարքության պլանները

Սլովենիան եվրոպական երկրների շարքում առաջիններից մեկն էր, որը վերջերս ներդրեց Supervizor օնլայն համակարգը, որի միջոցով հնարավոր է վերահսկել պետական գնումների գործընթացները. այն ներառում է պետական գնումների ոլորտում կատարվող բոլոր գործարքների պայմանագրերը և օգտակար գործիք է հետաքննող լրագրողների և հանրային ակտիվ վերահսկողություն ստանձնած քաղաքացիական հասարակության համար: Սկզբում այն բուռն քննարկումների ու իշխանական թևի դժգոհության առիթ դարձավ, սակայն կայքէջի հաճախումների կտրուկ ավելացումը և հանրության շրջանում եղած հետաքրքրությունը զսպեցին իշխանության ներկայացուցիչների՝ այս նախաձեռնության հանդեպ ունեցած ոտնձգությունները:

ԿԿՀ-ի կողմից ներդրված մեկ այլ կարևոր նորամուծություն էր պետական և տեղական կառավարման մարմինների, պետական առևտրային և ոչ առևտրային կառույցների ու հիմնարկների կողմից պարտադիր բարեվարքության պլանների (integrity plans) ներկայացումը, որտեղ ներկայացվում են կոռուպցիոն ռիսկերը, դրանց արդյունքում առաջացող վտանգները և դրանք կանխարգելելու միջոցները: Այդ պլանների իրականացման ուղղությամբ տվյալ կառույցները հետագայում ներկայացվում են զեկույցներ:  Ճիշտ է՝ այս համակարգը դեռևս բավականաչափ արդյունավետ չի գործում և շտկումների կարիք ունի, բայց այն, անկասկած, միտված է պետական մարմինների հաշվետվողականության ավելացմանը: Թերություններից մեկն այն է, որ այս փաստաթղթի կազմման համար ավելի քան 2000 պետական հաստատությունները ԿԿՀ-ի աշխատակիցների օժանդակության կարիքն ունեն, բայց այս աշխատանքն իրականացնելու համար նշանակված 3 հոգուց բաղկացած թիմն, անշուշտ, բավարար չի կարող լինել:

Գլխավոր լուսանկարում` Դրագո Կոսը / siol.net

Մեկնաբանություններ (1)

Արամ Պետրոսեան
Հայաստանը պիտի սովորի նաեւ այլ զարգացող երկրների փորձի վրայ՝ ե՛ւ տնտեսութիւնը աճեցնելու տեսակէտից, ե՛ւ մանաւանդ՝ դրա «ցեցերը» ոչնչացնելու համար մղուող պայքարի առումով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter