
Արարատ Խանդոյանը հացադուլ է հայտարարել
Սեպտմբերի 6-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյան եղբայրը՝ Արարատ Խանդոյանը։ Հացադուլ հայտարարելով՝ Խանդոյանը փոխանցել է․ «Սույնով հայտարարում եմ, որ քրեաօլիգարխիկ համակարգը իմ նկատմամբ իրականացնում է քաղաքական հետապնդում։ Այդ պատճառով ես սեպտեմբերի 6-ից գտնվում եմ հացադուլի մեջ, քանի որ քրեաօլիգարխ համակարգը հաշվի չի առնում, որ ես հանդիսանում եմ արցախյան ազատամարտի մասնակից, որի ընթացքում 12 անգամ ստացել եմ բեկորային և հրազենային վիրավորումներ, հեռացվել է ձախ երիկամս, փայծաղս, հաստ աղիքիս որոշակի հատված և լյարդիս ձախ բիլթը։ Ռեժիմը սպառել է իրեն, քանի որ ինձ ապօրինի պահում են կալանքի մեջ: Այդ իսկ պատաճռով սկսել եմ հացադուլ»:
Փաստաբան Արա Կարագյոզյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ Խանդոյանը այս քայլին է դիմել, քանի որ դատարանները քաղաքական որոշումներ են կայացնում և մերժում են՝ նրան ազատ արձակելու միջնորդությունները։
«Ես առաջին իսկ օրից հայտարարել եմ, որ Արարատ Խանդոյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, և դատարանները քաղաքական որոշումներ են կայացնում։ Արարատը իր քաղաքական հայացքների համար է գտնվում «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկում»,-նշում է Կարագյոզյանը։
Խանդոյանին արդեն տեղափոխել են քրեակատարողական հիմնարկի միայնակ խուց, սակայն սուր գլխացավեր ունի։
Հիշեցնենք, որ Խանդոյանը բերման էր ենթարկվել հուլիսի 21-ին՝ Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումներով, իսկ արդեն հուլիսի 22-ին Խանդոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը: Որպես խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանքը:
Մեկնաբանել