HY RU EN

Ոստիկանությունում չեն հարգել 33 տարի համակարգում աշխատած շարքային ոստիկանի հիշատակը

Ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչությունում շարքային ոստիկան, կենսաթոշակառու Հայկարամ Օհանյանի գերեզմանի բարեկարգման և տապանաքարի պատրաստման` օրենքով սահմանված 1,4 մլն. դրամը չեն վճարել նրա որդուն` Ռոման Օհանյանին։ Ռ․ Օհանյանն ասում է` իրենից պահանջել են 600 հազար դրամ։ Հայկարամ Օհանյանը ոստիկանության Լոռու մարզի Թումանյանի բաժնի պահակային ծառաայությունում 33 տարի ծառայելուց հետո  կենսաթոշակի է անցել 2003թ.-ին:

Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալում 2011թ. հունիսին Հայկարամ Օհանյանի մոտ ախտորոշել են քաղցկեղ և վիրահատել են: Հետայդու Հ. Օհանյանը վիրահատության է ենթարկվել ևս 4 անգամ: Որդու` Ռոման Օհանյանի պատմելով, հայրը շագանակագեղձի գանգատներ է ունեցել դեռ 2002թ.-ից, երբ ծառայում էր ոստիկանության պահակային ծառայությունում:

«Այդ ժամանակ  մենք փող չունեինք հորս բժշկի տանելու, մյուս կողմից էլ հայրս ամաչում էր դիմել բժշկի»,-ասաց Ռոմանը: Լոռու մարզի գլխավոր նյարդաբան Վրույր Ստեփանյանի 07.09.16թ. տեղեկանքի համաձայն` Հայկարամ Օհանյանը 1984-1985թ.թ.-ին, ապա 1994-1995թ.թ.-ին բուժվել է նյարդաբանի հսկողության տակ՝ ամբուլատոր: Հ. Օհանյանը հիվանդ է եղել ողնաշարի տարածուն օստեոխոնդրոզով՝ կայուն արտահայտված ներվարմատային սինդրոմով:

Ռոման Օհանյանի փաստաբան Ալեքսանդր Ծատինյանի ասելով` այդ հիվանդությունը ոստիկանությունում Հայկարամ Օհանյանի կենսաթոշակի գնալու հիմք կարող էր հանդիսանալ: Էրեբունի բժշկական կենտրոնի 2015թ. մարտի 5-ին տրված  N 14935 էպիկրիզով Հայկարամ Օհանյանին տրվել է շագանակագեղձի քաղցկեղ ախտորոշումը: Մահվան վկայական համաձայն` Հ. Օհանյանը մահացել է թոքային այտուցից: Հուլիսի 19-ին Ռոման Օհանյանը Ոստիկանությանը դիմում է ներկայացրել հոր հուղարկավորության ծախսերի օրենքով նախատեսված 200 հազար դրամը ստանալու համար:

Նույն օրը նա Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեկ այլ դիմում է գրել նաև հոր գերեզմանի բարեկարգման, տապանաքարի պատրաստման համար օրենքով նախատեսված 1,4 մլն. դրամը ստանալու խնդրանքով: Ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչությունը օրեր անց հուղարկավորության ծախսերի նախատեսված 200 հազար դրամը Ռոման Օհանյանին վճարել է:

Գերեզմանի բարեկարգման և տապանաքարի համար նախատեսված գումարի պահանջի մասին հուլիսի 19-ի դիմումից մեկ շաբաթ անց վարչության սոց-իրավական բաժնի պետի տեղակալ Հասմիկ Աբովյանը զանգահարել է  Ռոմանին և ասել, թե  քո հետ խոսալու բան կա, կարո՞ղ է գալ Երևան: «Ես էլ ասացի՝ խնդիր չկա, վաղն էլ կգամ: Իրենք ճիշտն ասած ասել էին՝ դե մի փաստաթուղթ բեր, որ ասենք հայրդ մինչև թոշակի գնալը հիվանդություն է ունեցել: Հորս հիվանդության պատմությունը գտնվում է Ալավերդու բժշկական կենտրոնի արխիվում:

Տնօրինությունը ասել է, որ այս հինգշաբթի օր այն կտան: Մինչ արխիվից այն ստանալը, ես բժշկուհի Գոհար Աբելյանից վերցրի նրա կողմից հորս բուժման անկետան: Այդ  անկետան նայեցին, թե բա ՝ չէ, էստեղ ոչ մի բան չկա: Մեկ էլ  բաժնի պետը եկավ , թե մի հատ դուրս գանք, խոսելու բան կա: Ազգանունը ինձ թվալով Ասլիկյան էր: Անունը չգիտեմ: Այդ բաժնի պետը, Հասմիկ Աբովյանը և ես գնացինք՝ նախարարության շենքի առաջին նստարաններ կան, էդ նստարաններից մեկի վրա նստեցինք: Բաժնի պետը,  թե բա մենք տեսանք, որ  դու հասկացող տղա ես:

Ասաց, մեր  բժիշկը կարա էդ գործը սարքի, եթե 600 հազար դրամը թողաս մեզ: Այսինքն, ինձ առաջարկում էին հորս գերեզմանի բարեկարգման ու տապանաքարի պատրաստման համար օրենքով նախատեսված 1մլն.400 հազար դրամի  600 հազարը դրամը տալ բժշկին»,- բացատրեց Ռոմանը:

Վերջինս իր ասելով մտածել է, եթե հորը էդ գումարը օրենքով հասնում է, ինչի պետք է ինքը  գումար թողնի:

Ռոմանը հրաժարվել է առաջարկությունից: Ռոմանը արդեն երեք տարի է գործազուրկ է: Պարտքերի մեջ թաղվել է քաղցկեղով հիվանդ հորը և մորը խնամելիս: Սեպտեմբերի 6-ին հեռախոսով Հասմիկ Աբովյանը մեզ  բացատրեց, որ Ռոմանին զանգել և Երևան է կանչել բժշկական փաստաթուղթ ներկայացնելու համար, որպեսզի պարզեն ծառայության ընթացքու՞մ է առաջացել նրա հոր՝ Հայկարամ Օհանյանի հիվանդությունը, թե ոչ՝  հիվանդության պատճառահետևանքային կապը բացահայտելու համար:

Հասմիկի հետ մեր խոսակցությունից մոտ 1,5 ժամ անց  մեզ զանգահարեց  ՀՀ ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության պետի տեղակալ  Հրանտ Վարդանյանը: «Ռոման Օհանյանի հետ  մեզ մոտ խոսել է ոչ թե Ա. Ասլիկյանը, ով ՀՀ ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության պետն ու գլխավոր ֆինանսիստն է , այլ   սոց-իրավական բաժնի պետ Էռնեստ Մանուկյանը: Նա էլ  Ռոմանին միջանցքում՝ աշխատասենյակի դռան մոտ  բացատրել է օրենքը:  Ինքն էլ  (ի նկատի ունի Ռոմանին) ասել  է՝  ես Ձեզ մաղարիչ կանեմ»,- հեռախոսով հայտնեց Հրանտ Վարդանյանը: Թե ինչու պետք է իրեն ընդամենը  օրենք բացատրող բաժնի պետին  Ռոմանը  մաղարիչ խոստանար,  Հրանտ Վարդանյանի խոսքից անհասկանալի մնաց: Ռոմանն էլ   վստահեցրեց, որ ոստիկանության շենքում որևէ  կաբինետի դռան մոտ  Էռնեստ Մանուկյանը և Հասմիկ Աբովյանը իր հետ  չեն խոսել:

«Հասմիկ Աբովյանը էդ մարդուն ինձ ներկայացրեց որպես  բաժնի պետ, իմ 2-րդ դիմումի պատասխանի տակ էլ ստորագրված էր պետ Ա. Ասլիկյան, ես  էլ մտածել եմ, որ ինձ հետ զրուցողը Ա. Ասլիկյանն է եղել»,- բացատրեց Ռոմանը: Վերջինս պնդեց, որ  Երևան կանչելուց հետո Հասմիկ Աբովյանը էլի մի քանի անգամ իրեն զանգահարել  և ասել է՝ արի հա, արի: «Կանչում էր, որ ես  համաձայնությունս տամ, որ 600 հազար դրամը իրենք ստանան, 800 հազարը՝ ես:

Կրկնում եմ, Էռնեստ Մանուկյանի և Հասմիկ Աբովյանի հետ երեքով շենքից դուրս ենք եկել, նստել ենք շենքի առաջի նստարաններից մեկի վրա: Այդտեղ էլ Հասմիկ Աբովյանը Ռոմանի ասելով հավաստիացրել է, թե  Ռոման ջան , մենք էդ  600 հազար դրամի  հետ ոչ մի կապ չունենք, դա բժիշկն ա ուզել, 600 հազարից կարող է իրենց 10 հազար դրամ տա՝ այն էլ սուրճ առնելու փող: «Դու մորդ թոշակի քարտն էլ կբերես,  կոդն էլ կասես, մենք  գումարը քարտի հաշվի համարին կնստացնենք, գլխանց 600 հազար դրամը կհանենք, կգնաս էն մնացածը դու  կստանաս»,- Ռոմանին առաջարկել են Հասմիկ Աբովյանն ու  սոց-իրավական բաժնի պետ Էռնեստ Մանուկյանը:

Առաջարկած գործարքը մերժելուց հետո  ՀՀ ոստիկանության ֆինանսաբյուջտեային վարչությունից Ռոման  Օհանյանի  Հուլիսի 19-ի  դիմումին այդպես էլ պատշաճ չեն պատասխանել: Օգոստոսի 12-ին  հոր գերեզմանի բարեկարգման, տապանաքարի պատրաստման և տեղադրման հետ կապված գումարները ստանալու պահանջով Ռոմանը 2-րդ  դիմումն է գրել  ՀՀ ոստիկանապետ  Վլադիմիր Գասպարյանին. «ՀՀ ոստիկանության բժշկական հանձնաժողովի 25.08.2016թ.-ի թիվ 104 որոշման  համաձայն Ձեր հոր՝ Հայկարամ Ղազարի Օհանյանի մահվան պատճառ հանդիսացող հիվանդությունը  կապված չէ ոստիկանությունում նրա ծառայության հետ, ուստի Ձեր խնդրանքը չի կարող բավարարվել»,- դիմումին օգոստոսի 26-ին պատասխանել է ՀՀ ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության պետ Արա Ասլիկյանը:

Ոստիկանության բժշկական հանձնաժողովի 104 որոշմամբ ՈԲՀ նախագահ, բժշկական ծառայության  գնդապետ Ա. Հախվերդյանը առանց հանգուցյալ Հայկարամ Օհանյանի հիվանդության պատմությունը ուսումնասիրելու  «բացահայտել է», որ ՀՀ ոստիկանության կենսաթոշակառուի մահվան պատճառ հանդիսացող «Շնչական օրգանների հիվանդություններ՝թոքային այտուց» հիվանդությունը կապված չէ ոստիկանությունում ծառայության հետ:  «Դա հորս վերջին դիագնոսն էր, որը գրել են հանրապետական հիվանդանոցում, երբ արդեն տարածված քաղցկեղից հորս թոքեր չեն աշխատել»,- բացատրեց Ռոմանը:

«Ոստիկանության պատասխանին կցված եզրակացությունը ընդհանրապես պատճառաբանված և հիմնավորված չէ, քանզի այնտեղ նշված է միայն մահվան վկայականում նշված հիվանդությունը: Թե Հայկարամ Օհանյանը երբ է հիվանդացել, ոստկանությունում աշխատելու ժամանակ և կենսաթոշակի անցնելուց հետո ինչ հիվանդություններ է ունեցել,  դրանք միմյանց հետ պատճառահետևանքային կապի մեջ են եղել , թե ոչ՝  եզրակացության մեջ նշված չէ»,- ասաց Ռոման Օհանյանի փաստաբան Ալեքսանդր Ծատինյանը:

Հարց է առաջանում, այս դեպքում ուր մնաց ՀՀ ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության աշխատակից Հասմիկ Աբովյանի և սոց-իրավական բաժնի պետ Էռնես Մանուկյանի ջանքերը՝ Հայկարամ Օհանյանի հիվանդության և մահվան պատճառահետևանքային կապերը բացահայտելու գործում: Ռոման Օհանյանը իր փաստաբան Ալեքսանդր Ծատինյանի հետ պատրաստվում են առաջիկա օրերին թոշակառու ոստիկան Հայկարամ Օհանյանի գերեզմանի բարեկարգման և տապանաքարի պատրաստման գումարների հարցով դիմել դատախազության, ինչպես նաև պարտավորեցման հայց ներկայացնել վարչական դատարան:

Առաջին լուսանկարում` Ռոման Օհանյանը