HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հարգելի կառավարություն, Ձեր հապաղումը թանկ է նստում ընտանիքների վրա»

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«2016 թվականին Հայաստանից երկու երիտասարդներ՝ Անդրանիկ Սարգսյանն ու Սմբատ Մանուկյանը, շատ բարձր գնահատականներով ընդունվել են Սանկտ Պետերբուրգի Ռեպինի անվան գեղարվեստի ինստիտուտ, որտեղ տարեկան ուսման վճարը $3400 է: Եթե Հայաստանի ԿԳ նախարարության և Ռեպինի անվան գեղարվեստի ինստիտուտի միջև ժամանակին կնքված լիներ անհրաժեշտ համաձայնագիրը, ինչպես առկա է նախկին որոշ խորհրդային պետությունների հետ, ապա այս տղաներն իրենց ուսումը կշարունակեին անվճար: Այս մասին տղաներին ասել են նշված ինստիտուտում:

Անդրանիկ Սարգսյանի քանդակներից

Ո՞ւմ պատճառով է հապաղել ստորագրման գործընթացը, որի հետևանքով այս ընտանիքները ստիպված են լինելու իրենց չեղած միջոցները ներդնել այս շնորհալի տղաների բարձրագույն կրթությունը նման հեղինակավոր ԲՈՒՀ-ում ապահովելու համար կամ պարզապես չեն ստանա այդ կրթությունը: Այն, որ նրանք շնորհալի են, փաստում են ընդունելության քննությունների ժամանակ նրանց ստացած բարձր գնահատականները, ինչպես նաև այն, որ մասնավորապես Անդրանիկ Սարգսյանի ստեղծած բազմաթիվ հիշարժան քանդակներից «Հաց»-ը այսօր զարդարում է Ստեփանակերտը, քանդակի տեղադրումը  տեղի է ունեցել Առաջին տիկնոջ և Երևանի քաղաքապետի բարձր հովանու ներքո: Այսօր պետության կողմից գործընթացը ձգձգելու պատճառով Անդրանիկ Սարգսյանի՝ կրթություն ստանալու հնարավորությունը դրվում է հարցականի տակ, որովհետև ուսման վճարի գումարը ընտանիքը չի կարողանում հայթայթել:

Այսպիսով՝ կարծում եմ, որ տղաները ՀՀ ԿԳՆ-ի մեղքով են ստիպված լինելու իրենց անվճար կրթությունը վճարովիով փոխարինել: Արդարացի կլինի, եթե ՀՀ կառավարությունն  իր վրա վերցնի  այդ պարտավորությունը:

Հ.Գ.Տղաների դասերն սկսվելու են հոկտեմբերի 1-ից: Սպասում եմ արագ արձագանքի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter