
Մասնագետները կանխատեսում են՝ խաղողագործների համար 2016-ը առավել բարդ տարի է լինելու
Արմավիրի մարզի Նոր Ամասիա համայնքի խաղողագործ Սոխակ Հովհաննիսյանը անցյալ տարի մոտ 147 տոննա խաղող է ստացել, որից 47 տոննա հանձնել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատին, առձեռն ստացել վճարման գումարը, սակայն մթերող մյուս ընկերություններ մինչ օրս չեն վճարել Հովհաննիսյանից մթերված խաղողի գումարը: Ասում է՝ որպես չվճարման հիմք է ներկայացվում. «Դեռ գումար չկա, կլինի, մենք կզանգահարենք, կգաք, կստանաք» հանգամանքը:
«Որևէ մի ընկերության հետ չունենք պայմանագրեր կնքած, օդի մեջ է մեր պայմանագիրը: Ընկերություններն ասում են՝ համակարգի մեջ ինչ թիվ կա, դա է ձերը»,- նշում է Սոխակ Հովհաննիսյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի ունեցած տվյալներով՝ 10-12 ընկերություններ մթերված խաղողի դիմաց դեռևս պարտք են 800 մլն դրամ՝ ընդհանուր 31,5 մլդ դրամից: Կազմակերպությունները, բացի մեկից, պարբերականությամբ գյուղացիներին մթերված խաղողի վճարներն են տրամադրում:
Նախարարի տեղակալը կարծում է՝ խաղողագործության ոլորտում առկա ներկայիս բացթողումներն ու դրությունը պայմանավորված է ռուսական ռուբլու արժեզրկմամբ և գնողունկության անկմամբ: Նրա դիտարկմամբ՝ մինչ 2015 թվականը խաղողի իրացման գլոբալ խնդիր հանրապետությունում չի եղել, քանի որ շուկան է որոշել պահանջարկ-առաջարկ հարաբերակցությունը: Նշում է՝ նախորդ տարվանից առաջած խնդիրները մինչ օրս շարունակվում են, սակայն լիահույս է, որ սա ժամանակավոր բնույթ է կրում՝ աշխարհում առկա գյուղամթերքների գնանկմամբ պայմանավորված:
«2011 թվականից գյուղատնտեսության նախարարությունը աշխատում է վերամշակողների հետ, որպեսզի գյուղացիական տնտեսությունների հետ կնքվեն պայմանագրեր և անգամ մինչ 2015 թվականը կնքված պայմանագրերի քանակը գրեթե երկուսուկես անգամ աճել է»,- նշում է Մակարյանը:
Գյուղատնտեսության նախարարությունը նաև առաջիկայում կհարապարակի գործարանների անվանացանկը, որից կպարզվի, թե ընկերություններն երբ են մթերելու խաղողը, որպեսզի գյուղացիական տնտեսությունները կարողանան կողմնորոշվել, թե որ գործարանին են ցանկանում հանձնել բերքը: Բացի այդ, վարչապետի հանձնարարականով` կառավարության և գյուղատնեսության նախարարության ներկայացուցիչները ներկա են գտնվելու մթերում կազմակերպող բոլոր գործարարներում՝ հետագա անախորժություններից խուսափելու համար:
Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը, խաղողագործի հետ աշխատելու առաջին սկզբունք է համարում, խաղողագործ-մթերող ձեռնարկություն փոխշահավետ, օրենքով սահամանված պայմանագրային պարտավորության առկայությունը: Սակայն, բացի «Երևանի կոնյակի գործարան», մնացած գործարանները խաղողագործների հետ պայմանագրեր չեն կնքում: Սարգսյանը նաև առաջնային է համարում խաղողագործների ուղղված պետական աջակցության անհրաժեշտությունը, քանի որ խաղողագործությունը ռիսկային ոլորտ է և ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս գյուղատնտեսությունը սուբսիդվորվման կարիք ունի:
«Հայ գինեգործների միություն» ՀԿ-ի նախագահ Ավագ Հարությունյանի խոսքով՝ մթերողները հայտնվել են շատ ծանր վիճակում, քանի որ անցած տարի չի իրացվել բերքի 10 % և նախորդ տարվա բերքի՝ 30 %-ը: Արդյունքում՝ արդեն ռեսուրսներ չկան վարկ վերցնելու և գրավ տրամադրելու: Պետրոսյանի ենթադրություններով՝ 2016 թ-ը խաղողագործների համար խոստանում է լինել ավելի վատ, քան 2015-ն էր:
Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի
Մեկնաբանել