«Պետք է այնքան խաղամ, մինչև բեմում մահանամ»,- ասում է վանաձորցի 85-ամյա դերասանուհին
Գայանե Սարգսյան
Դերասանուհի Ռոզա Մխիթարյանը 85 տարեկանում շարունակում է երիտասարդի խանդավառությամբ խաղալ բեմում: Առույգ, արագաշարժ ու մշտապես ժպտերես այս կնոջ հետ խոսելիս չես հավատում նրա տարիքին: Դերասանուհին ինքն էլ չի հավատում: Ասում է՝ ես տարիքս չեմ զգում, երբ բեմ եմ մտնում, մոռանում եմ, թե քանի տարեկան եմ:
Ռ. Մխիթարյանը 6 տասնամյակից ավելի է` աշխատում է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Ի զարմանս շատերի, նա այսօր էլ հաջողությամբ է կերտում թե՛ տարեցների, թե՛ երիտասարդների դերեր: Երբեմն էլ նույն ներկայացման մեջ միաժամանակ և՛ տարեցի, և՛ երիտասարդի կերպարներ է խաղում: Նրան վստահում են ինչպես կատակերգական, այնպես էլ դրամատիկ դերեր:
Գործունեության ընթացքում վաստակաշատ դերասանուհին կերտել է շուրջ 160 դեր: Խաղացել է Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սուսամբար), Ա.Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել» (Նուբար), Գ.Սունդուկյանի «Պեպո»(Շուշան), Ա.Քալանթարյանի «Վաճառքի ենթակա չէ» (Սաթենիկ), Ա.Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» (Յուլինկա), Կ.Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» (Սմերալդինա),Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Սողոմե), «Ախ, այդ ծնողները» (Աննա Կիրիլովնա) ու այլ ներկայացումներում:
«Ես թատրոնի շտապ օգնությունն եմ եղել,- իր մասին խոսելիս ասում է դերասանուհին,- շատ շուտ էի սովորում դերը, շուտ էի մտնում կերպարի մեջ ու հենց մեկը հիվանդանում էր, անմիջապես ինձ էին ասում, որ արագ սովորեմ դերն ու փոխարինեմ»:
Բազմաթիվ դերեր կերտած դերասանուհին դերերի պակաս երբևէ չի ունեցել, փոխարենն ինչպես ինքն է ասում, ուշացել են կոչումները:
«Ինձ դերեր շատ են տվել, բայց կոչումներ չեն տվել,- ասում է Ռ. Մխիթարյանն ու ինձ բացատրում,- դե գիտես, ամեն տեղ տեր ա պետք»: Ապա հիշում է «ուշացումով» տրված կոչումները.
«Կոչումներ տվեցին, բայց ուշ: 1989-ին տվեցին վաստակավոր, 2008-ին՝ ժողովրդական արտիստի կոչում: Էլի շնորհակալ եմ, որ թեկուզ ուշ, բայց առանց թիկունքի ես ստացել եմ դրանք»:
Երեք երեխաների մայրն այսօր էլ հիշում է՝ օր չի եղել, որ բացակայի թատրոնից:Երեխաներից մեկն էլ ծնվել է հերթական ներկայացումից ընդամենը երեք ժամ անց:
Դեռ մանկոււց դերասանուհու երազանքով ապրող Ռ. Մխիթարյանը թեև հիասթափության պահեր շատ է ունեցել, սակայն վստահեցնում է՝ երբևէ չի ափսոսացել մասնագիտության ընտրության համար:Սիրելի աշխատանքը նրան ուժ է տվել նույնիսկ ամենադժվարին պահերին:
«Իմ կյանքը թատրոնում հարթ չի անցել, բայց ոչ մի հալածանք, ոչ մի հարված չեն կարողացել ինձ շեղել իմ ճանապարհից»,- նշում է դերասանուհին:
Թատրոնը նրան փրկել է նաև անձնական դժբախտության պահին: Երկու որդիներին կորցրած կինը դիմակայել է նաև ամուսնու կորստին ու խաղացել:
«Երկու որդի եմ կորցրել, բայց ինձ պահել է իմ հանդիսատեսը: Ամուսինս չդիմացավ որդիների կորստին՝ շուտ մահացավ… Ամուսնուս մահից 5 օր անց բեմ եմ դուրս եկել ու կատակերգական դեր խաղացել»,-հիշում է ժողովրդական արտիստուհին:
100-ավոր անգամներ բեմ բարձրացած դերասանուհին այս տարիքում էլ հուզմունքով է սպասում նոր ներկայացումների պրեմիերաներին.
«Ամսի 26-ին ներկայացում ունեմ, սրտատրոփ սպասում եմ, թե երբ պիտի այդ օրը գա,- երիտասարդի խանդավառությամբ ասում է նա ու անկեղծանում,- իմ մասնագիտությունն իմ երջանկությունն է: Եթե այդպես չլիներ, ես չէի դիմանա հարվածներին»:
Հարցիս՝ այս տարիքում ո՞ր դերն եք երազում խաղալ, 150 գլխավոր ու մի քանի 100 էպիզոդիկ դերեր խաղացած դերասանուհին նախ խուսափողական պատասխան է տալիս, ապա անկեղծանում՝ նորի, նոր դերերի կարիք ունի, հատկապես որ դեռ մտադիր չէ հրաժեշտ տալ սիրելի թատրոնին: Ասում է.
«Պետք է այնքան խաղամ, մինչև բեմում մահանամ, մինչև վերջ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել