HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Անվասայլակով շրջող 25-ամյա Սամվելը կարողանում է շարժել ոտքը

Օրեր առաջ «Հետք»-ը անդրադարձել էր 25-ամյա Սամվել Թադևոսյանի պատմությանը, որը վերջին հինգ տարիներին տեղաշարժվում է անվասայլակի օգնությամբ: Պատճառը հրազենային վիրավորումն է, որ Սամվելը ստացել է զինված ուժերում ծառայելիս: Լուսադեմին, երբ Սամվելը կարագ է տարել մարտական հենակետ, նրա ուղղությամբ կրակել է համածառայակիցներից մեկը` կարծելով, թե մոտեցողը դիվերսանտ է: Սամվելը վիրավորվել է 5 տեղից:

Հրապարակումից հետո Կոտայքի Գողթ գյուղի բնակիչ Սամվելը տեղափոխվել է Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ այժմ կինեզոթերապիա և դեղորայքային բուժում է ստանում:

«Հետք»-ի հետ զրույցում Սամվելն ասաց, որ մարզումների շնորհիվ կարողանում է փոքր-ինչ շարժել ոտքը:

Սամվելը սկսել է շարժել ոտքը բուժումների հինգերորդ օրը: Բուժումն իրականացնող բժիշկներից մեկը` կինեզիստ Դավիթ Արսենյանը, ասում է, որ նա նաև հաղթահարում է դիմադրության ուժը, երբ բժիշկը վարժության ժամանակ դիմադրում է նրա ոտքի շարժին: Սամվելն ասում է, որ դեռևս ցավեր ունի ոտքերի շրջանում: Դա, ըստ բժշկի, նրա ոտքերի` տևական ժամանակ անշարժ մնալու հետևանքն է:

Բուժման տևողության հարցին ինչպես բժիշկը, այնպես էլ «Իզմիրլյան» կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հստակ պատասխանել չեն կարող: Վերջինս ասում է, որ պնդել` թե Սամվելին կարելի է վերադարձնել քայլելու նախկին կարողությունն ու աշխատունակությունը, կնշանակի խեղաթյուրել իրականությունը. պետք է «անհիմն ակնկալիքներ չունենալ»: Փոխարենը, ըստ տնօրենի, նման դեպքերում պետք է աշխատանքային թերապիա անել, օրինակ` հիվանդին ոսկերչություն կամ այլ մասնագիտություն սովորեցնել, որպեսզի աշխատի և աշխատունակ զգա:

Կինեզիստ Դավիթ Արսենյանը համաձայն է, որ քայլելու հնարավորության հարցում ամբողջովին վստահ լինել չի կարելի: Սակայն բժիշկը չի բացառում այդ հնարավորությունը` հաշվի առնելով 2016թ-ի ապրիլի մարտական գործողությունների հետևանքով ծանր վիրավորում ստացած մի քանի զինվորների օրինակները, որոնք, չնայած վիրավորման բարդությանը, կարողացել են քայլել:

Դավիթ Արսենյանը նշում է, որ վարժությունների արդյունքում այլ հաջողություններ էլ են ունեցել: Նա հիշում է, որ բուժման առաջին երեք օրերին Սամվելն ինքնուրույն չէր կարողանում անել կոնքի բարձրացման վարժությունը, սակայն այժմ բարձրացնում և պահում է կոնքը:

«Որ հնարավորություններ կան, որ ոտքը, կոնքը, մկանները աշխատում են, դա` միանշանակ: Մնացածը աշխատանքից և ժամանակից կախված բան է»,- ասում է բժիշկը:

Բժշկական կենտրոնում Սամվելին խնամում է մայրը` Իվետան: Թեև պարզ չէ, թե որքան ժամանակ կշարունակի բուժում ստանալ հիվանդանոցային պայմաններում, տուն վերադառնալուց հետո Սամվելը կրկին մասնագետի հսկողության կարիք կունենա: Հակառակ դեպքում, ըստ Դավիթ Արսենյանի, տեղաշարժումն ապահովող մկանը կարող է զարգանալ ոչ այնպես, ինչպես անհրաժեշտ է:

Տեսանյութը` Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter