
Կարտոֆիլագործ ֆերմերները պետությունից պահանջում են իրենց ընդգրկել սուբսիդավորվող ծրագրերում
Աշնան սկզբին ձեւավորված կարտոֆիլի շուկայական ցածր գները խուճապի են մատնել Շիրակի եւ Լոռու մարզի կարտոֆիլագործ ֆերմերներին: Սեպտեմբերի 7-ին երկու մարզի խոշոր հողագործները հավաքվել էին Շիրակի մարզի Ազատան համայնքում՝ առաջացած խնդիրը քննարկելու եւ լուծման ճանապարհներ գտնելու նպատակով: Լոռեցի ֆերմեր Վռամ Գյուլզադյանի համոզմամբ՝ նման իրավիճակի ստեղծմանը նպաստել է առնվազն երեք գործոն:
«Առաջինը, որ Արարատյան դաշտում ամառը շատ մեղմ էր այս տարի եւ ուշացրած բերքահավաքի պատճառով բերքը չփչացավ, մինչեւ վերջ շուկայում իր ապրանքային տեսքով կար ու վաճառվեց ցածր գներով,-նկատեց լոռեցի ֆերմերը,-երկրորդ, որ Արարատյան դաշտում շատացել է միջահաս կարտոֆիլի ցանքսերի տեսակարար կշիռը: Դա իր բացասական ազդեցությունն ունի հյուսիսում կարտոֆիլագործությամբ զբաղվողներիս վրա: Միջահաս կարտոֆիլն ունի բարձր բերքատվություն, եւ բերքահավաքի ժամկետն է երկար: Երրորդ գործոնը Լարսի փակվելն էր, որի պատճառով երկրից 2000 տոննա կարտոֆիլ չարտահանվեց: Մի 10 օրում էդ խմբաքանակը պիտի դուրս տարվեր, մնաց՝ լցվեց շուկա, գինն իջավ: Մի քիչ էլ «մեղավոր» են Ախուրյանի մեր գործընկերները, որ ռիսկի գնալով՝ գարնանը ժամանակից շուտ ցանեցին կարտոֆիլը, մեզանից էլ մի քիչ շուտ քանդեցին»:
Որպեսզի հաջորդ տարի ֆերմերները չտուժեն, հարկ կլինի կրճատել կարտոֆիլի ցանքատարածությունները գոնե 15 տոկոսով: Նման կարծիք հնչեց ֆերմերների հավաքի ժամանակ: «Մեր շարքերում կան ֆերմերներ, որ անցյալ տարի 40-60 հա-ով կարտոֆիլ էին մշակում, այսօր արդեն շարքից դուրս են եկել, ու պատճառը իրացման խնդիրներն են: Մարդիկ վարկ են վերցնում, հող են մշակում, բանկային խնդիրներով հիմնականում տուժում,-հայտարարեց Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը,- մենք կախադական գավազան չունենք, որ կարողանանք ինքնարժեքից ցածր գնով ապրանք արտադրենք, վաճառենք ու դեռ հաջորդ տարի էլ ոտքի վրա մնանք: Եթե նման ցածր գները պահպանվեն, դա մեծ հարված է հասցնելու մեր ֆերմերային տնտեսություններին»:
Ձախից աջ՝ Վռամ Գյուլզադյանը, Վ. Իկիլիկյանը |
Շիրակցի ֆերմերի փոխանցմամբ՝ իրենք կարտոֆիլն ավանդաբար արտահանում են Վրաստան, սակայն վերջին տարիներին այդ գործընթացն էլ է խոչընդոտվում: Դրան գումարվում է Թուրքիայից էժան, անորակ կարտոֆիլի ներկրումը: «Մեզ պետական աջակցություն է պետք,-նշեց Վարդան Իկիլիկյանը,-ամեն տարի հարց է առաջ քաշվում, թե ինչու հողագործ ֆերմերներին չեն ներգրավում պետության կողմից սուբսիդավորվող ծրագրերում ու ամեն անգամ արժանանում ենք իշխանական կառույցների անտարբերությանը: Պետությունը պարտավոր է աջակցել, որպեսզի կարողանանք երկրում արտադրված մթերքն իրացնել, այլապես մարդիկ կդադարեն հողերը մշակել»:
Վռամ Գյուլզադյանն էլ իր հերթին տեղեկացրեց, որ արդեն իսկ հաջորդ տարվա համար պլանավորել է 15 տոկոսով պակասեցնել ցանքատարածությունները եւ 17 հա պակաս ցանել: Նրա կարծիքով՝ կլինեն ֆերմերային տնտեսություններ, որ անգամ 50 տոկոսով կկրճատեն կարտոֆիլի ցանքատարածությունները: Սնանկացման սպառնալիքի տակ կհայտնվեն այն հողագործները, որոնք միայն այս գործով են զբաղվում եւ չունեն այլ եկամուտ՝ կարտոֆիլագործությունից զատ:
«Մենք պետք է կառավարությունից պահանջենք, որ միջոցներ գտնի եւ ամռանը վաղահաս կարտոֆիլի արտահանումը խրախուսի՝ սուբսիդիա տալով, «Սպայկային» խնդրելով, չգիտեմ ինչ միջոցներով,բայց մեր երկրից պետք է ամռանը մոտ 3000 տոննա կարտոֆիլ արտահանվի, որ բալանսի գա, որ միջահաս ու ուշահաս կարտոֆիլ արտադրողները փաստի առաջ չկանգնեն,-ներկաներին առաջարկեց Վ. Գյուլզադյանը,-իսկ հիմա ընդամենը մի բան կարող եմ առաջարկել՝ բերեք մի փոքր համբերենք: Հիմի ես վաճառում եմ 85 դրամով, ամենաբարձր գինը հավանաբար իմն է: Ես հենց փորձում եմ դարձնել 90 դրամ, ինձ ասում են՝ Ախուրյանում 75-80 դրամով կա, Կողեսում էլ կա էդ գնով, մի քիչ կիջնեմ ներքեւ՝ 70-ով էլ կառնեմ: Այսինքն՝ մի քիչ համբերություն ունենանք,չվաճառենք, ինձ թվում է կարող ենք 10-20 դրամով գները բարձրացնել ու գոնե 100 դրամով վաճառել: Հնարավոր է էս գնից էլ դժգոհենք, բայց լաց չենք լինի»:
Ֆերմերները միահամուռ որոշեցին առայժմ բերքը չվաճառել: Հաշվի առնելով շոգերի թուլացումը, ինչպես նաեւ հանգամանքը, որ կարտոֆիլը ծիրանի նման շուտ փչանալու հատկություն չունի, ապա 10-15 օրով վաճառքի դադարեցումն, ըստ իրենց, գուցե որոշակիորեն բարելավի վիճակը: Ներկաները նկատեցին՝ քանի որ կարտոֆիլագործությունը Հայաստանում մոնոպոլիա չէ, ապա այստեղ կարեւորը մի շարք խոշոր ֆերմերների միջեւ ձեռք բերվող պայմանավորվածությանն անշեղորեն հետեւելն է: Այս պարագայում դժվար վերահսկելի են մանր տնտեսությունները:
«Անցած տարի էս շրջանում ես ու լոռեցիները մոնոպոլ վիճակում էինք հայտնվել եւ պիտի խոստովանեմ, որ ինչ-որ տեղ անխիղճ, անամոթ ձեւով օրական գին էի բարձրացնում, թելադրող էի ու բարեհաջող գինը հասցրեցինք մինչեւ 170-180 դրամի: Դրանից օգտվեցին ախուրյանցիները, նաեւ մարտունեցիները, իսկ էս տարի ամեն ինչ խառնվեց իրար,-խոստովանեց Վռամ Գյուլզադյանը,-մենք շատ ենք նման բաներ տեսել, սա առաջին անգամը չի, հուսանք, որ գոնե վերջինը կլինի: Եթե մենք խելքի գանք եւ կարողանանք համագործակցել այնպես, որ փոխադարձ վստահություն լինի, ապա շատ հարցեր կկարողանանք լուծել: Իհարկե, մեր պահանջը կառավարությունից եւս մնում է: Առջեւում ընտրություններ են, եւ մենք կարող ենք այլեւս չաջակցել այս իշխանություններին ու ասենք, որ էլ չենք ընտրելու ձեզ»:
Մեկնաբանել