HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Շուրջ 26 միլիոն դրամանոց պետական գույքը վաճառվել է 1,5 միլիոնով` «ներդրումների» խոստմամբ

«Գուգարք» կարի արտադրական միավորման կազմից առանձնացված «Բազումի արտադրամաս»-ի գույքը 2015թ. գնահատվել է շուրջ 26 միլիոն դրամ, սակայն այս տարի  այն շուրջ 1,5 միլիոն դրամով կօտարվի մասնավոր անձի: Կառավարությունը նման որոշում է կայացրել երեկվա նիստում: Որոշումը, ինչպես տեղեկացրին այսօր կառավարությունից, մտել է օրինական ուժի մեջ:

Խոսքը Լոռու մարզի Բազում գյուղում գտնվող  շուրջ 1470  քառակուսի մետր  մակերեսով  շենք, շինությունների մասին է: Գույքը, համաձայն այս որոշման,  ուղղակի վաճառքի ձևով կմասնավորեցնի Վանաձորի բնակիչ Դավիթ Միշայի Սիմոնյանը: Գույքը աճուրդի չի հանվել, Դավիթ Սիմոնյանը, կառավարության ձևակերպմամբ, «նախօրոք հայտնի գնորդ» էր:

«Բազումի արտադրամաս»-ը ներկայացվում է մասնավորեցման արդեն երրորդ անգամ: Առաջին անգամ, ըստ կառավարության, արտադրամասը բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ ներկայացվել մասնավորեցման 1997թ., երբ առանձնացվել է «Գուգարք» ՓԲԸ-ից: Երկրորդ անգամ գույքը ներկայացվել է մասնավորեցման 2013թ.` մրցույթով, մրցույթի մեկնարկային գինը սահմանվել է այդ ժամանակ գնահատված արժեքի 100%-ի չափով՝ շուրջ 30 միլիոն դրամ: Երկու անգամ էլ, ըստ կառավարության, մասնավորեցումը չի կայացել գնորդ չլինելու պատճառով:

Կառավարությունը, հիմնավորելով, որ արտադրամասը ներկայացվում է մասնավորեցման երրորդ անգամ, էժանացրել է գինը միանագամից մինչև 1,5 միլիոն և կայացրել օտարման որոշում: Դավիթ Սիմոնյանը, ըստ ներկայացված փաստաթղթերի, տարածքում հիմնելու է պահածոների արտադրություն (մրգային ուղղվածությամբ):

«Ներկա պահի դրությամբ արտադրամասում առկա շենք, շինությունները գտնվում են կիսաքանդ վիճակում (արտադրամասի շենք, շինությունները բավարար վիճակով պահպանելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները բացակայում են), որ նման վիճակը շարունակվելու դեպքում այն կվերածվի ավերակի, միաժամանակ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ պետական գույքի մասնավորեցման ցանկերում ընդգրկված և դեռևս չմասնավորեցված ընկերությունները (նաև առանձնացված գույքը) բազմիցս ներկայացվել են մասնավորեցման ՀՀ կառավարության տարբեր որոշումներով, սակայն չեն մասնավորեցվել հիմնականում գնային բարձր առաջարկի (գնահատված արժեքի չափով) պատճառով՝ առաջարկվում է գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դիմողին՝ վաճառքի գինը սահմանելով 1 504 հազ. դրամ»,- սա է կառավարության հիմնավորումը:

Դավիթ Սիմոնյանը նույն որոշմամբ պարտավորվել է կատարել 25 մլն դրամի ներդրումներ, հիմնել նոր արտադրություն և ստեղծել աշխատատեղեր:

Դավիթ Սիմոնյանի կատարելի ներդրումները սեփական գործարանի համար են, որ իրագործվելու է երեք տարվա ընթացքում: Ինչ վերաբերում է խոստացած աշխատատեղերին, ապա խոսքը 6 աշխատատեղի մասին է` ամսական միջինը 75 հազար դրամ աշխատավարձով: Գույքի հետ միասին դարձյալ առանց աճուրդի Դավիթ Սիմոնյանին է մասնավորեցվել  6740 քմ մակե­րեսով  կից հողամասը` շուրջ 1,5 միլիոն դրամ կադաստրային արժեքով:

Դավիթ Սիմոնյանը, ըստ Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքի Վանաձորի ավագանու անդամ է, աշխատել է Վանաձորի քաղաքապետարանի  քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնում որպես գլխավոր մասնագետ, այնուհետև տեղափոխվել է Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և  բարեկարգման բաժին և աշխատել որպես գլխավոր մասնագետ, այժմ աշխատում է «Լոռիի ՃՇՇ» ՓԲԸ-ում: Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter