HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Կիրակոսյանը ցուցմունք տվեց «Հայբիզնեսբանկի» փողերի լվացման պատմության, իր մասնակցության և ԿԲ-ի վերաբերյալ

«Հայբիզնեսբանկի» վարչության նախագահի նախկին առաջին տեղակալ Լևոն Միրզոյանն ինքնակամ դատարան էր ներկայացել՝ որպես վկա դատակոչման մասին «Հետքի» հրապարակումից տեղեկանալով: Նա ասաց, որ գտնվել է Հայաստանում, սակայն որևէ ծանուցում, որ իրեն դատարան են կանչում որպես վկա ցուցմունք տալու, չի ստացել:

Սեպտեմբերի 9-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նա գործով ցուցմունք տվող վերջին վկան էր: Լևոն Միրզոյանը պատմեց, որ արտասահմանյան փոխանցումներին ինքն ի պաշտոնե առնչություն չի  ունեցել, սակայն գործի բերումով  2012 թ. աշնանը նկատել է, որ ՌԴ-ում գործող «Միր բիզնես բանկ»-ից ստացված գումարների շուրջ 5 մլն եվրոյի տեղաշարժ է եղել: Գործառնական վարչության պետ Վահե Հարությունյանին կանչել է աշխատասենյակ, խնդրել է ներկայացնել տեղաշարժի համար հիմք հանդիսացած փաստաթղթերը: Ծանոթացել է հիմք հանդիսացած DHL համակարգով ստացված փաստաթղթերին, որոնք իրեն կասկածելի են թվացել, քանի որ իր՝ բանկում աշխատելու ժամանակաշրջանում DHL-ով փաստաթղթեր չեն ստացել, որոնք ծառայեին որպես փոխանցման հիմք: Իր կասկածների մասին Լևոն Միրզոյանը տեղեկացրել է ղեկավարին՝ այսինքն՝ Արա Կիրակոսյանին: Վերջինս ասել է՝ եղավ, հասկացա խնդիրը: Համապատասխան գրություններ է պատրաստել՝ ուղղված «Միր բիզնես բանկ»-ին նշված փաստաթղթերի իսկությունը հաստատելու համար: Վահե Հարությունյանի հետ զանգահարել են «Միր բիզնես բանկ», զրուցել հաշվապահի հետ և հաստատում պահանջել՝ ուղարկելով DHL-ով ստացված համապատասխան փաստաթղթերից որոշ օրինակներ: Հաջորդ օրը Լևոն Միրզոյանին «Միր բիզնես բանկ»-ից զանգահարել են և ասել, որ «Տելեքս» համակարգի միջոցով են ուզում կապ հաստատել «Հայբիզնեսբանկի» հետ: Այդ մասին Լևոն Միրզոյանը ևս տեղեկացրել է Արա Կիրակոսյանին:  Սակայն հետո եղել են պատասխաններ, թե ոչ, Լևոն Միրզոյանը չգիտի: Դեկտեմբերի ամսին կրկին գործի բերումով տեղեկացել է, որ գումարների շարժ նորից է եղել:

«Ինչքանով ես հիշում եմ՝ կանխիկացումները և փոխանցումները երկու ամիս դադարեցվել էր: Արա Կիրակոսյանն ինքն է անմիջականորեն զբաղվել էդ հարցերով»,- նշեց վարչության նախագահի նախկին տեղակալը:

Լևոն Միրզոյանը պնդեց, որ չի ճանաչել Սուրեն Գաբրիելյանին: Նրան մեկ անգամ է տեսել Արա Կիրակոսյանի աշխատասենյակում: Լ.Միրզոյանը տեղյակ է եղել բանկի մյուս տեղակալ՝ Մելիք Եսայանի կողմից Սուրեն Գաբրիելայնին որպես հաճախորդ ներգրավելու մասին: Նրան մի քանի անգամ բանկում տեսել է:

Վկաների հարցաքննությունն այդպիսով ավարտվեց և ցուցմունք տվեց ամբաստանյալը:

Արա Կիրակոսյանն իր ցուցմունքը սկսեց ճշտումով, որ նախաքննական  մարմնին տված ցուցմունքում, երբ ինքը հարցաքննվել է որպես վկա, մի փոքր անճշտություն է տեղ գտել, քանի որ ցուցմունքը քննիչն է հավաքել իր բանավոր խոսքի հիման վրա. «Կամ ես չեմ նկատել, կամ քննիչն իմ ասածը լավ չի հասկացել, բայց մեղավորությունն իմն է, որ ես պարտավոր էի ամբողջը կարդալ նոր ստորագրել, որը չեմ արել: Ես Սուրեն Գաբրիելյանին ընդհանրապես չեմ ճանաչել մինչև 2012թ. սեպտեմբեր ամիսը: Ցուցմունքում կա, որ ես Ս. Գաբրիելյանին հանդիպել եմ իմ աշխատասենյակում և աշխատակիցներին հանձնարարել եմ հաշիվներ բացել: Նման բան չի եղել, որովհետև ես Սուրեն Գաբրիելյանին ընդհանրապես չեմ ճանաչել»,-հայտարարեց Արա Կիրակոսյանը:

Ըստ Ա. Կիրակոսյանի, 2012թ. սեպտեմբերին Սուրեն Գաբրիելյանն ընդունելություն է խնդրել իրենից, նրա հետ վիճելու համար, թե ինչու վերջինս գումարները չի տալիս:

Արա Կիրակոսյանը պատմեց, որ «Քիշ ինթերնեյշնլ բանկ»-ի վարչության նախագահի հետ հանդիպել է «Հայբիզնեսբանկ»-ում: Ի դեպ, ինքը ճանաչել է վարչության նախագահին դեռևս «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ում նախագահի առաջին տեղակալ աշխատելու տարիներին: Նույն անձը ժամանակին եղել է «Մելլաթ բանկի» նախագահը Երևանում: Խնդրել են, որպեսզի «Հայբինեսբանկ»-ում թղթակցային հաշիվ բացվի: Քանի որ «Քիշ ինթերնեյշնլ բանկ»-ը համարվում էր Իրանի ռեզիդենտ բանկ, անհրաժեշտ է եղել ՀՀ կենտրոնական բանկի հետ ճշտում կատարել, թե արդյոք տվյալ բանկը գտնվում է ՄԱԿ-ի սահմանափակումների համապատասխան ցանկի մեջ, թե ոչ: ԿԲ-ն տվել է համաձայնություն տվյալ բանկի հետ թղթակցային հարաբերություններ հաստատելու համար, ինչից հետո համապատասխան փաստաթղթեր են պահանջվել: Սակայն այդ փաստաթղթերը չներկայացված՝ հաշիվները բացվել են նրանց խնդրանքով: Ըստ Արա Կիրակոսյանի, դա խախտում չէր: Թղթակցային հաշիվները բացվել են, սակայն որոշակի սահմանափակումներով մինչև բոլոր փաստաթղթերը ներկայացվեն:

Մայիս ամսվա վերջին եկել են երկու գումարները՝ 1 մլն եվրոն և 9 մլն 980 հազար եվրոն: 9 մլն 980 հազար եվրոյի մեջ շահառուն նշված է եղել «Հայբիզնեսբանկը», 1 մլն եվրոյի մեջ շահառու չի եղել, ինչի համար հետագայում ուղղում է ուղարկվել ռուսաստանյան «Սբերբանկի» միջոցով, որ շահառուն «Քիշ» բանկն է:

Առաջին swift հաղորդագրության մեջ եղել է նաև «Իրանի արտահանման և զարգացման բանկ»-ի անունը, որը գտնվել է սահմանափակումների ցուցակում: Այդ պատճառով կապ է հաստատվել հաճախորդի հետ, որ ներկայանա բանկ: «Այս ամբողջ գործընթացներում որևէ անգամ ես ոչ մի անգամ Սուրեն Գաբրիելյանի հետ չեմ հանդիպել»,- նորից հայտարարեց Արա Կիրակոսյանը:

Ներկայացած հաճախորդին խնդրել են, որպեսզի հանեն «Իրանի արտահանման և զարգացման բանկ»-ի անունը, որը կարող է խնդիրներ առաջացնել հենց հաճախորդների համար: Նոր swift է ուղարկվել՝ հանված «Իրանի արտահանման և զարգացման բանկ»-ի անվանումը: Նշված է եղել փոխանցող «Միր բիզնես բանկը», ստացողն այդպես էլ հայտնի չի եղել: «Սբերբանկից» եկել են հաղորդագրություններ՝ ճշտելու, թե ինչ կամ ում հաշիվների վրա են նստեցվել այդ գումարները:

Հետագա swift հաղորդագրություններից, Արա Կիրոկոսյանի խոսքով, ինքը տեղյակ էլ չի եղել, որովհետև դրանով զբաղվել են իր տեղակալները և Գործառնական բաժինը: Այդուհանդերձ, «Հայբիզնեսբանկը» հարցումներին պատասխանել է, որ գումարները նստեցվել են համապատասխան հաշիվներին:

Այդ ընթացքում Սուրեն Գաբրիելյանը եկել է բանկ և աշխատակիցներից պահանջել է իր գումարները տրամադրել իրեն: «Ես աշխատակիցներին հանձնարարել եմ, որ ասեն՝ գնան համապատասխան ուղղումները կատարեն, որովհետև գումարի շահառուն նշված չէ»,- հավաստում է ամբաստանյալ Կիրակոսյանը:

Հունիսi սկզբին եկել է swift հաղորդագրություն գումարները հետ վերադարձնելու պահանջով: Արա Կիրակոսյանը բացատրեց, որ երբ բանկը ստանում է 202 ֆորմատի swift հաղորդագրությունը, եթե երեք օրվա ընթացքում ուղարկող բանկը հետ չի պահանջում գումարները, ստացող բանկը պարտավոր չէ դրանք հետ վերադարձնել: Մնացած դեպքերում բանկն ունի այդ գումարները հետ վերադարձնելու պարտավորություն այն դեպքում, երբ շահառուն ինքը դա խնդրում է: Քանի որ 1 մլն եվրոյի դեպքում կար շահառու և գումարը նստեցվել էր «Քիշ ինթերնեյշնլ բանկի» հաշվին, իսկ 9 մլն 980 հազար եվրոյի մասով չկար հստակ շահառու և ընդհանուր շահառու նշված էր «Հայբիզնեսբանկը», փողը նստեցված է եղել  հաշիվներին: «Մենք գումար հետ չենք ուղարկել: Եվ ես կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել՝ մենք ճիշտ ենք արել: Նախ՝ առաջինը, ի շահ բանկի, գումարները գտնվել են բանկում և մնացել են որպես միջոց, երկրորդ՝ Սուրեն Գաբրիելյանն ու իր խումբն անընդհատ պահանջել է դրանք՝ նշելով, որ ուղղումն ուղարկված է»,- նշեց Արա Կիրակոսյանը:

Օգոստոսին բանկը «Քիշ ինթերնեյշնլ բանկից» նամակ է ստացել, որտեղ խնդրել են փոխանցել 1 մլն եվրոն կազմակերպություններից մեկի հաշվին: Արա Կիրակոսյանի ասելով, ինքն արձակուրդում է եղել և իր փոխարինողներն են դա կազմակերպել: Սեպտեմբերին DHL-ով ստացել են համապատասխան փաստաթղթերը: Արա Կիրակոսյանը պնդեց, որ դա առաջին դեպքը չէր, երբ բանկը DHL-ով փաստաթուղթ էր ստանում, այլ դա մշտական գործելաոճ ու ընթացակարգ է: Բանկը և ուղարկել, և ստացել է փաստաթղթեր DHL-ով: Փաթեթը մակագրվել է համապատասխան բաժին: Քանի որ տեղյակ են եղել, որ «Միր բիզնես բանկ»-ն այլևս «Սբերբանկի» հետ թղթակցային հարաբերություններ չի ունեցել սահմանափակումների պատճառով, այսինքն՝ ի վիճակի չի եղել swift-ով այլևս հաղորդագրություններ ուղարկել «Հայբիզնեսբանկ»-ին, հիմք  են ընդունել այդ փաստաթղթերը՝ որևէ կասկած չունենալով:

«Օրական փոստով ինձ մոտ մտել է 80-100 փաստաթուղթ, որի 70-80%-ը եղել են ֆինանսական փաստաթղթեր: Պատկերացրեք, որ յուրաքանչյուր փաստաթղթի հետ կասկած լիներ կասկած, և մենք բոլորը ստուգեինք, ի՞նչ կկատարվեր»,- հիմնավորում է Արա Կիրակոսյանը:

«Որևէ մեկի հետ, որևէ անգամ, որևէ կերպ, ոչ մի խոսակցություն ես չեմ ունեցել՝ կապված տվյալ գումարների ստացման, տեղաբաշխման կամ այլ հարցերի վերաբերյալ»,- պնդեց Արա Կիրակոսյանը:

Արա Կիրակոսյանի խոսքով, 4 ամիս ձգձգվել է այդ գործընթացը, և գումարներին ձեռք չէին տրվել, գումարները չեն օգտագործվել մինչև Սուրեն Գաբրիելյանի իր մոտ գալը՝  DHL-ով նամակը ստանալուց հետո:

«Ես համարել եմ, որ դա իրականություն է, և գումարները փոխանցվել են «Ալֆա ջեներել թրեյդինգ» կազմակերպության հաշվին: Դրանից հետո եղել են համապատասխան գործարքները՝ կանխիկացում, փոխանցում, որն արդեն Գործառնական վարչության, հաճախորդների սպասարկման լիազորություններում էր»,-պնդեց Արա Կիրակոսյանը:

Գործառնական վարչության պետ Վահե Հարությունյանի ցուցմունքում արված պնդումը, թե Արա Կիրակոսյանը տեղյակ է եղել «Դավ տրանս ստրոյ» կազմակերպության հետ կապված գործարքներից և այլ փոխարկումներից, Արա Կիրակոսյանը հայտարարեց, որ դա բացահայտ սուտ է: Այն, որ Վահե Հարությունյանը պնդել է, որ իր և Լևոն Միրզոյանի նախաձեռնությամբ են եղել «Միր բիզնես բանկ» կատարված զանգերը կամ հարցումները՝ կապված DHL-ով ուղարկված փաստաթղթերի ճշտման հետ, քանի որ Արա Կիրակոսյանը գործուղման է եղել, Ա. Կիրակոսյանը նույնպես սուտ որակեց՝ հիմնավորելով, որ ինքը հոկտեմբերին որևէ տեղ չի գործուղվել և ախատանքից չի բացակայել: Հանձնարարականը, կապվելու և զրուցելու «Միր բիզնես բանկ»-ի ներկայացուցիչների հետ, տվել է ինքը: Վահե Հարությունյանը կապվել է բանկի հետ, ինչից հետո իրեն զեկուցել է, որ, այո, այդ փաստաթղթերն իրենք են ուղարկել:

Հոկտեմբեր ամսին այդ գումարների հետ կապված փոխանցումները և այլ գործարքները դադարեցվել են, որովհետև, ըստ Արա Կիրակոսյանի, բանկում կային ֆինանսական խնդիրներ, գումարի տրամադրումը հետո վերականգնվել է:

Հոկտեմբերին իրեն այցելել են «Քիշ ինթերնեյշնլ բանկի»  և «Իրանի արտահանման և զարգացման բանկի» ներկայացուցիչները: Առաջին հանդիպումը եղել է գործնական, համագործակցությունը շարունակելու վերաբերյալ: Երկրորդ հանդիպումը եղել է գումարների հետ կապված: «Ես պաշտոնապես իրենցից պահանջել եմ գրավոր նամակ, փաստաթուղթ ուղարկեք, ես գրավոր պատասխանեմ, բանավոր խոսակցությամբ որևէ գործողություն չի կարող լինել»,-պատմեց Արա Կիրակոսյանը:

Երկրորդ հանդիպման ժամանակ իրանական կողմի այցը պայմանավորված էր այդ գումարներով, և ինքը զանգահարել է Սուրեն Գաբրիելյանին ու հրավիրել է նրան բանկ, որպեսզի պարզաբանումներ ստանա երկուսից միաժամանակ: Սուրեն Գաբրիելյանը եկել է բանկ, մտել են խորհրդակցությունների սենյակ «Քիշ ինթերնեյշնլ բանկի» և «Իրանի զարգացման բանկի» ներկայցուցիչների հետ: Իրանական կողմի ներկայացուցիչները հանդիպումից հետո անմիջապես հեռացել են՝ ոչինչ չպարզաբանելով:

«Դա ևս մեկ անգամ ինձ համոզեց, որ այստեղ կա մեկ այլ խաղ, որը որ ես չհասկացա մինչև էսօր, գուցե և հասկացել եմ, երևի չարժե ասել,- նկատեց Արա Կիրակոսյանը: -Այդ գումարների հետ կապված հարցը ես բարձրացրել եմ Կենտրոնական բանկում: 4-5 անգամ փաստաթղթերը պատճենահանել և ուղարկել ենք ԿԲ-ին՝ փողերի լվացմամբ զբաղվող համապատասխան կենտրոն: ՀՀ ԿԲ-ում հանդիպում եմ կազմակերպել իրանական կողմի հետ ԿԲ նախագահի աշխատասենյակում, որտեղ մասնակցել է ԻԻՀ դեսպանը ՀՀ-ում, ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, ես, ԿԲ նախագահը և ԿԲ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կենտրոնի տնօրենը, այս հարցն անձամբ քննարկել եմ իրենց հետ, բոլոր փաստաթղթերով ու անձնագրերի պատճեններով, որը ես անձամբ փոխանցել եմ ԻԻՀ դեսպանին: Նորից պահանջել եմ պաշտոնական գրություն ուղարկել բանկ, բայց այդպես էլ ես ոչ մեկից գրություն չստացա»,- հայտարարեց Արա Կիրակոսյանը:

Արա Կիրակոսյանը նշեց, որ «Քիշ ինթերնեյշնլ բանկը» ոչ մի անգամ չի անհանգստացել այդ գումարների համար, չնայած անընդհատ կապի մեջ են եղել բանկի հետ, և բանկն այդ գումարների վերաբերյալ հարց չի բարձրացրել «Հայբիզնեսբանկի» առջև, ոչ մեկը չի հետաքրքրվել այդ գումարների ճակատագրով: «Այստեղ կա շատ հետաքրքիր կապ «Քիշ ինթերնեյշնլ բանկի» և ստացողի միջև, իրենք գիտեն՝ ինչ գումար են ուղարկել ու ինչի համար»,-հավելեց Արա Կիրակոսյանը:

Անդրադառնալով իր և բանկի բաժնետեր Վիտալի Գրիգորյանցի հետ ունեցած հեռախոսային զրույցի գաղտնալսմանը՝ 500 հազար դոլարի վերաբերյալ, հաստատեց, որ նման խոսակցություն եղել է, սակայն եթե նախաքննական մարմինը լավ աշխատեր ու ուսումնասիրեր իր անձնական հաշիվների շարժը, պետք է տեսներ, որ ինքը, որպես բանկի վարչության նախագահ, բազմիցս գումարներ է մուտք արել իր հաշվեհամարին, ստացել բանկի բաժնետեր կազմակերպության կամ դրա հետ փոխկապակցված անձանց հաշիվներից: Դա իր և բանկի և բանկի բաժնետիրոջ հարաբերություններն են եղել, որոնք այդ ճանապարհով են կարգավորվել: Տան կառուցման հետ կապված վարկ ունենալու պատճառով ցանկացել է այն ավելի շուտ մարել և երեք անգամ իր բաժնետիրոջից պարտքով գումար է ստացել: Առաջին անգամ իր ընկերների միջոցով ցորենի ներմուծման մեջ գումար ներդնելու համար, երկու անգամ պարսկական կողմի հետ դիզվառելիք ներմուծելու համար: Նավթամթերքի համար ներդրված գումարն, ի դեպ, հետ է վերցրել ու վերադարձրել է: Խոսքը հենց այդ 500 հազար դոլարի մասին է եղել: Եվ խնդրահարուց գումարների տեղաշարժերի օրերին իր հաշվեհամարին որոշակի գումար մուտքագրվելու համընկնումներն Արա Կիրակոսյանն այսպիսի գործարքներով բացատրեց:

«Որևէ կերպ կապ չեմ ունեցել ես այդ գումարների հետ, ոչ գումարների ստացման, առավել ևս գումարների բաշխման հետ»,- ամփոփեց Արա Կիրակոսյանը:

Մեղադրողը Արա Կիրակոսյանին հարցեր տալու համար ժամանակ խնդրեց: Նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 13-ը:

Նշենք նաև, որ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն մասնակիորեն հրաժարվեց բանկի վարչության նախկին նախագահի դեմ ներկայացրած հայցից՝ պահանջելով նրանից բռնագանձել 8 մլն 280 հազար եվրո, քանզի ապահովագրական «Ռոսգոստրախ-Արմենիա» ընկերությանը փոխհատուցել է 379 մլն դրամը (713 հազար եվրո):

Մեկնաբանություններ (2)

Սամ
տեսնես իրոք ժողովրդի փրկիչ հանդիսաթող հարգառժան նոր Վարչապետը դրանց սաղի հախից գալույաաա ............. հին թիմի մսխակից անդամներին նկատի ունեմ :Ճ վաչիկա փուչիկա խաչիկա մաչիկա :ՃՃՃ ու տենց
Մուսինյան
Հա դե բա եդի նախկին վարչապետի քիփն ա, փող ունի կուբամետրով: Էն որ հիմա ասում են չի կարելի երևի իրանց կարելիա, դե պռախոդա էլի ինչ արած.......

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter