
«Համախմբումն» ահազանգում է. Վանաձորում քարոզարշավի խայտառակ պայմաններ են ստեղծվել
Վանաձորի ավագանու ընտրություններում «Համախմբում» կուսակցության ընտրացուցակի առաջին համար Վահան Ղույումչյանն ահազանգում է, որ ՀՀԿ-ական քաղաքապետ Սամվել Դարբինյանը քաղաքի հիմնական հրապարակները քարոզարշավի գրեթե բոլոր օրերին տրամադրել է ՀՀԿ-ին։ ՀՀԿ-ն է տնօրինելու Վանաձորի «Հայք» հրապարակը սեպտեմբերի 19-ից մինչև 30-ը (ժամը 14-ից մինչև 22-ը), իսկ «Արցախ» հրապարակը՝ սեպտեմբերի 16-ից 27-ը (ժամը 12-ից մինչև 21-ը): Հենց այս հրապարակներում են անցկացվում քաղաքի բոլոր բազմամարդ միջոցառումները, այդ թվում և՝ հանրահավաքները:
Ըստ թեկնածուի՝ այս որոշումը նպատակ ունի քաղաքական մյուս ուժերին զրկել Վանաձորի հիմնական հրապարակներում ընտրողների հետ հանդիպելու հնարավորությունից: «Իշխող կուսակցության առաջնորդները խոսում են քաղաքական նոր մշակույթի, առաջընթացի մասին, բայց իրական կյանքում գործում են միջնադարյան նորմերով։ Սա նույնիսկ հայաստանյան չափանիշներով աղաղակող փաստ է։ Ի՞նչ հավասար պայմանների և ազդարարված «նոր սկզբի» մասին կարող է խոսք լինել»,-ասում է Վահան Ղույումչյանը։
Վանաձորի քաղաքապետարանի այս որոշումը չեղարկելու համար Ղույումչանը միավորվելու կոչ է անում բոլոր կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, անկախ նրանից՝ մասնակցում են ընտրություններին, թե ոչ:
Մեկնաբանել