Վանաձորի ավագանու թեկնածուների հարցազրույցների շարքն՝ առանց ՀՀԿ-ի թեկնածուի. վերջինս ժամանակ չգտավ հարցազրույցի համար
Գայանե Սարգսյան
Հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայանալիք ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել թվով 8 կուսակցություն: Ընտրություններին ընդառաջ «Հետքն» սկսում է հարցազրույցների շարք՝ կուսակցությունների առաջին հորիզոնականներն զբաղեցնող ու ընտրվելու դեպքում համայնքապետի պաշտոնին հավակնող 8 թեկնածուների հետ, նրանց տալով միևնույն 5 հարցը:
Ի սկզբանե նշենք, որ հարցերին պատասխանելու պատրաստակամություն է հայտնել 8 թեկնածուներից 7-ը: Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջին հորիզոնականն զբաղեցնող թեկնածուն՝ Վանաձոր քաղաքի նոտար Մամիկոն Ասլանյանը, թեև ուղղակիորեն չհրաժարվեց հարցազրույցից, սակայն խիստ զբաղված լինելը պատճառաբանելով, մեկ շաբաթվա ընթացքում այդպես էլ մի քանի րոպե չհատկացրեց հարցազրույցի համար: ՀՀԿ-ի մամուլի գծով պատասխանատու Վահե Դոխոյանն առաջարկեց հարցերին պատասխանել Մ. Ասլանյանի փոխարեն, ժխտական պատասխան ստանալով, սակայն, հավելեց. «Մեր թեկնածուի հագեցած հանդիպումների գրաֆիկի հետ, երբ ժամանակ, գտնենք կկազմակերպենք այդ հարցազրույցը»:
Մաս 1. «Ո՞նց է՝ ուրիշ քաղաքներում բյուջեն բավարարում է, Վանաձորում՝ ոչ»,- ասում է «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուն՝ սոնոգրաֆիստ Այծեմնիկ Օհանյանը
-Որպես Վանաձորի քաղաքապետի թեկնածու ի՞նչ ծրագրով եք ներկայանում վանաձորցուն:
-Եկեք համաձայնվեք, որ առաջին փուլում ընտրվում է ավագանի: Մեր կուսակցությունով ունենք ծրագիր, որով ներկայանալու ենք ՏԻՄ ընտրություններում: Ինձ թվում է, ամենակարևորը ուժեղ ավագանի ընտրելն է, և հետո նոր՝ ավագանու ընտրությունից հետո, ընտրել լավ, ուժեղ, բարեկիրթ քաղաքապետ, որը կապահովի քաղաքի բարեկեցությունը, հանգստությունը, մաքրությունը, բնակիչների ապահովությունը:
-Ամեն դեպքում, քանի որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակում առաջին հորիզոնականը Դուք եք զբաղեցնում, խնդրում եմ ասեք, թե այնուամենայնիվ ի՞նչ ծրագրով է ներկայանում կուսակցությունը:
-Գիտեք, ծրագրերը շատ-շատ են, ես չեմ ուզում փնովել ներկայիս քաղաքապետին, քաղաքի ներկայիս ղեկավարիներին … Այնուամենայնիվ, դուք էստեղի բնակիչ եք ու գիտեք, որ խնդիրները քաղաքում շատ-շատ են:Առաջինը՝ բարեկարգ քաղաք չէ, երկրորդ՝ ապահով քաղաք չէ: Ավաղ, շատ ծանր է դրա մասին խոսելը, բայց դա այդպես է: Հավասարաչափ զարգացած քաղաք չէ, ամեն ինչ կենտրոնացված է կենտրոնում, ծայրամասերում կյանքը կարծես մեռնում է: Հրապարակից մինչև ունիվերմագ. այդքան տեղն է մեր կյանքը սահմանափակված:
Պետք է լինի հավասարաչափ զարգացում քաղաքի բոլոր մասերում: Մանկապարտեզներն ըստ իս պետք է անվճար լինեն, համենայն դեպս քաղաքապետարանի հոգածության տակ:
Շատ կցանկանայի, որպեսզի նույն ձևով մտածեինք մեր ծերերի մասին: Մենք հայերս, շատ ենք սիրում մեր երեխաներին ու ոնց ուզում է լինի, կաշվից դուրս գալով ապահով, ուրախ մանկություն կարողանում ենք ստեղծել: Իսկ ծերերը մնում են խնամքից դուրս: Շատ մեծահասակներ տեղ չունեն գնալու, զբաղվածության խնդիրը բացարձակ լուծված չէ: Ինձ թվում է՝ պետք է մտածել ծերերի համար զբաղվածության կենտրոններ ստեղծելու մասին:
Պլանները շատ են, կուսակցությունը իր ծրագիրը դեռ կհրապարակի, մի քանի րոպեի ընթացքում դժվար է բոլոր ծրագրերի մասին խոսել, բայց հիմնականը դա է. մարդը պետք է հանգիստ, ապահով ապրի, հավասար իրավունքներ ու հավասար հնարավորություններ ունենա մեր քաղաքում: Այ, դա իմ երազանքի Վանաձորն է:
-Եթե առանձնացնելու լինեք քաղաքի երեք առաջնային հիմնախնդիրները, որո՞նք են դրանք, եւ ո՞րն է այդ խնդիրների լուծման ուղիների ձեր տեսլականը:
- Քաղաքի բոլոր հիմնախնդիրները լուծելու համար երեքը քիչ է: Եվ դրանց ուղիները մշակելու համար ես ձեզ հավատացնում եմ, որ մի լավ, մեծ թիմ է պետք: Ու այդ թիմը պետք է լինի պրոֆեսիոնալ, թիմը պետք է կազմված լինի միայն ինտելեկտուալ ունակություններով օժտված մարդկանցով, ոչ թե տոհմական կամ ազգական չափանիշներով: Շատ կարևոր է, որ ապագա քաղաքապետը կարողանա կազմել հզոր, ունակ, բարեկիրթ, սկզբունքային թիմ ու հավատացնում եմ ձեզ, որ այդ դեպքում մեր Վանաձորը կլինի լավը:
-Ձեր կարծիքով բավարա՞ր է համայնքի բյուջեն քաղաքի հիմնական խնդիրները լուծելու համար:
-Համայնքի բյուջեն գուցե և բավարար չէ, բայց գիտե՞ք ինչն է հետաքրքիր. ո՞նց է՝ ուրիշ քաղաքներում բյուջեն բավարարում է, Վանաձորում՝ ոչ: Ստեփանավանից մենք շատ այցելուներ ունենք, այնպիսի հպարտությամբ են խոսում իրենց քաղաքի մասին: Այս տարի հյուրեր ունեինք, տարել էինք Դիլիջան, այնտեղ ուզեցին մտնել տեղի պատկերասրահը: Ինձ թվաց դա շատ հին կառույց է, հետո աշխատողները մեծ հպատությամբ բացատրեցին, որ դա նոր է կառուցված ու հիմնական գումարը տրվել է համայնքի բյուջեից: Ո՞նց է ստացվում, որ ուրիշ տեղերում դա հնարավոր է, մեր մոտ՝ չէ: Վերջիվերջո կարելի է լավ ֆինանսական ծրագրեր կազմել, կարելի է միջազգային ծագրերի մասնակցել: Ինձ թվում է լավ կառավարման դեպքում կարելի է այդ ամեն ինչը կազմակերպել:
-Եթե ուզում ենք ավելին անել, համայնքային բյուջեից զատ մեզ ներդումային ծրագրեր էլ են պետք: Ընտրվելու դեպքում ի՞նչ ներդրումային ծրագրեր եք ակնկալում բերել Վանաձոր:
-Օյ, սպասեք ընտրվեմ՝ հետո (ծիծաղում է): Ե՛վ շախմատային քաղաք կարող է դառնալ, և՛ բժշկական մարզային կենտրոն կարող է դառնալ ու պիտի դառնա… Մենք նաև զարգացած թեթև արդյունաբերություն ունենք: Կարելի է թեթև արդյունաբերության մյուս ճյուղերն էլ զարգացնել: Այսինքն՝ կարելի է շատ-շատ բաներ անել:
- Ինչու պետք է ընտրեն հենց «Բարգավաճ Հայաստանն» ու Ձեզ:
-Ես ազնիվ եմ շատ, և մեր կուսակցության բոլոր անդամները մեծամասամբ ազնիվ են: Ես ուզում եմ, որ վանաձորցու կողքին կանգնած լինի ազնիվ, սկզբունքային մարդ…
Հավատացնում եմ, որ եթե ընտրեն մեզ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, մենք կկառուցենք մեր տունը, մեր Վանաձորը: Ըստ իս, ամեն ինչ պետք է սկսվի քո փոքր հայրենիքից, քո տանից, քո բակից, քո դպրոցից ու քո քաղաքից…
Ես համարում եմ, որ Հայաստանը կարող է փոխվել, կարող է լավը լինել, ուղղակի ամեն ինչ պետք է սկսել փոքրից ու գնալ դեպի վեր: Եկեք այս անգամ սկսենք Վանաձորից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել