HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրիստ Մարուքյան. «Մենք գնում ենք լույսը շատացնելու, այլ ոչ թե խավարի դեմ պայքարելու ճանապարհով»

Գայանե Սարգսյան

«Հետքի»  հարցերին պատասխանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության Վանաձորի ավագանու թեկնածու Քրիստ Մարուքյանը։   

-Որպես Վանաձորի քաղաքապետի թեկնածու ի՞նչ ծրագրերով եք ներկայանում վանաձորցուն:

-Մեր ծրագրերը խարսխված են լինելու արդյունավետ կառավարման մեթոդների և մոտեցումների ներդրման, շահերի բախումների հնարավորությունը բացառող մեխանիզմների վրա, հաշվետվողականության,  թափանցիկության, մասնակցայնության, այսինքն՝ այն բոլոր բաները, որ լավագույն  կառավարման մեխանիզմների մեջ գոյություն ունեն,  փորձելու ենք ներդնել Վանաձորի կառավարման մեջ:

-Ըստ Ձեզ, որո՞նք են Վանաձորի երեք կարևորագույն խնդիրներն ու ինչպե՞ս եք տեսնում դրանց լուծումները:

-Երեք կաևորագույն խնդիրները նրանք են, որոնց մասին 17 տարի է լսում ենք, բայց ընդհանրապես առաջընթաց չկա: Սկսած ասֆալտապատման-ճանապարհաշինության խնդիրներից վերջացրած աղբահանությունով ու փողոցային լուսավորությունով: Հաջորդը կարող է  դիտարկվել թափառող կենդանիների խնդիրը, որովհետև այս նշված 3-4 ուղղություններով մենք անընդհատ լսում ենք, որ ինչ-որ գործողություններ են իրականացվում, իբր թե ծախսեր են կատարվում, բայց բոլոր ուղղություններով էլ ունենք ձախողումներ: Դրանց համակարգային լուծումներ տալուց հետո մենք ընդհանրապես կմոռանանք նման խնդիրների մասին և կանցնենք զարգացման ծրագրերի իրականացմանը, որը թույլ կտա ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ, դրսից ռեսուրսներ ներգրավելով սկսել քաղաքի զարգացմանն ուղղված քայլեր:

 -Որքանո՞վ է համայնքի բյուջեն բավարար քաղաքի հիմնական խնդիրները լուծելու համար:

-Իհարկե, համայնքի բյուջեն կարողէ բավարար չլինել, բայց պետք է հասնել նրան, որ եղած միջոցները 100 տոկոսով օգտագործվեն հանուն այն նպատակների, որի համար դուրս են գրվում:Պետք է բացառել որևիցե ատկատներ, բացառել չարաշահումներ գնումների պրոցեսների մեջ, շուկայականից էականորեն թանկ գնով ձեռքբերումներից խուսափել ընդհանրապես: Այսինքն՝  իրականացնել արդյունավետ վերահսկման մեխանիզմներ, որոնցով հնարավոր կլինի բացառել ռեսուրսների չարաշահումը, մսխումն ու ոչ նպատակային ծախսումները:

Երբ մենք կհասնենք նրան, որ վերջին լուման կծախսվի իր նպատակին, որը բոլորը կտեսնեն թափանցիկության շնորհիվ, նոր դրանից հետո հնարավոր կլինի դրսից կամ քաղաքի ներսից ներգրավել այլ ռեսուրսներ: Դրանք մինչ այժմ չեն ներդրվել, որովհետև ներդրում կատարել ցանկացողները հասկացել են, որ եղած ռեսուրսները ծախսվում են ոչ նպատակային և իրենք ոչ մի մոտիվացիա չեն ունեցել հավելյալ ներդրումներ կատարել հանուն քաղաքի զարգացման:

 -Հաջորդ հարցը հենց ներդրումների մասով է: Քաղաքի զարգացմանն ուղղված ի՞նչ ներդրումային ծրագրեր  եք ակնկալում բերել Վանաձոր:

-Մենք ակնկալում ենք տուրիզմի զարգացման ուղղությամբ ծրագրերի իրականացում: Դա վերաբերում է նաև տարածաշրջանային հանգույց դառնալու մեր շատ լավ պոտենցիալը օգտագործելուն: Եթե Վանաձորի աշխարհագրական դիրքը նայենք, մենք Հայաստան-Վրաստան տարանցիկ ճանապարհի վրա ենք, բայց որևէ ձևով չենք օգտվում մեր մարզով անցնող երթևեկության հոսքից: Երբ դու ունենում ես առաջարկ, այդ անցնող հոսքը ոչ թե աշխատում է մեկ րոպե շուտ դուրս գալ Վանաձորից, այլ աշխատում է հնարավորիս երկար մնալ Վանաձորում, ինչը ենթադրում է ծախսեր մնալու համար, ուտելու համար… Պետք է մշակութային ինչ-որ առաջարկներ ունենալ Վանաձորում, որը բերի մարդկանց ներհոսքի, ոչ թե արտահոսքի:

Բացի դա կարող է լինել համագործակցություն մեր քույր քաղաքների և ընդհանրապես դրսի ներդրողների հետ, որոնք տարբեր սոցիալական կամ էկոլոգիական խնդիրների լուծման շրջանակներում կարող են իրականացնել քաղաքի լուսավորության հետ կապված ծրագրեր, տնակային մանկապարտեզների կառուցման, մեր տնակային ավանների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր:

Մարդիկ դրսում ունենալով ինչ-որ հաջողություններ, միշտ էլ ցանկացել են ինչ-որ ներդրում կատարել Վանաձորւմ: Բայց երբ ներդնողը գալիս է և իր առաջ դնում են այլ պայմաններ,  տնտեսագիտության օրենքների համաձայն փողը հոսում է այնտեղ, որտեղ ավելի հարմար է ու շահավետ: Մենք չենք ապահովել այդ շահավետ պայմանները, որպեսզի դեպի Վանաձոր դրամական ռեսուրսներ հոսեն: Մենք ամեն ինչով վանել ենք ներդրողներին ու կազմկերպություններին, որոնք պարզապես իրենց ծրագրերի իրականացման համար ադեկվատ միջավայր են փնտրել, բայց չեն գտել Վանաձորում :

-Վանաձորցին այս ընտրություններին ընտրության  մեծ հնարավորություն ունի: Ինչո՞ւ պետք է ընտրեն հենց Ձեզ:

-Ընտրության մեծ հնարավորությունը  մի քիչ պատրանքի նման է, որովհետև դաշտում առկա ուժերը, որոնք այս պահին ներկայանում ե ն որպես նորություն բերող, իրականում տարբեր ֆորմատներով և տարբեր ժամանակահատվածներում հայտնի են եղել մարդկանց:

Ինչո՞ւ պետք է ընտրել «Լուսավոր Հայաստանին»: Որովհետև «Լուսավոր Հայաստանն» այն ուժն է, որը ձևավորվել է դրական փորձի վրա: Այստեղ հավաքված է մարդկանց թիմ, որոնք ավելի շատ տվող տեսակ են, քան վերցնող: Սա ինքնահաստատման խնդիրներ լուծողների թիմ չէ, որը պատրաստվում է դառնալ ավագանու անդամ ու գլուխ գովել, թե ես էլ եմ ավագանու անդամ: Նման խնդիրներ չունենք և հետևաբար  այս ընտրություններին մասնկացելու մեր միակ նպատակը Վանաձորի զարգացումն է: Մենք մինչև հիմա ի դեմս Էդմոն Մարուքյանի ունեցել ենք մի պատգավոր, որը ցույց է տվել աշխատանքի և քաղաքական մշակույթի ընդհանրապես նոր տեսակ և հիմա լավ  հնարավորություն կա այդ տեսակը շատացնելու: Այսինքն՝  մենք գնում ենք լույսը շատացնելու, այլ  ոչ թե խավարի դեմ պայքարելու ճանապարհով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter