Նրանք պետության համար «չկան», որովհետեւ գրանցում չունեն
Անի Գեւորգյան
30-ամյա Լիանա Ղուկասյանը բազմազավակ մայր է։ Նրա երեխաներից երկուսը՝ 6-ամյա Սիսակն ու 3-ամյա Գոհարիկը, չեն խոսում։ Սակայն երեխաների խնդիրներով չի կարողանում զբաղվել, քանի որ միջոցներ չունի, անգամ նպաստ չի ստանում։ Ընտանիքը վարձով է ապրում, իսկ նպաստառու դառնալու համար նրանից գրանցման փաստաթղթեր են ուզում։ Լիանան գուցե կարող էր երեխաների խնդիրները լուծել իր չորրորդ երեխայի ծննդի համար նախատեսված 1 մլն դրամով, որը, սակայն, նույնպես ոչ մի կերպ չի կարողանում ստանալ։ Կինը չի ստացել նաեւ չաշխատող կանանց համար նախատեսված ծննդաբերությունից առաջ 126 հազար դրամը, որը պետությունը պետք է վճարեր, սակայն երբ Լիանան գնացել է այս գումարը ստանալու, նրան ասել են, որ այդ գումարն ուղղվել է իր վարկային պարտքերը մարելուն։
Լիանա Ղուկասյանը չորս երեխաների հետ բնակվում է Զովունի գյուղում գտնվող վարձով տնակում։

8-ամյա Աշոտը միայն այս տարի է գնացել առաջին դասարան, ընտանիքը երեխային դպրոց ուղարկելու համար գումար չուներ։

Լիանա Ղուկասյան. «Այս տարի երեխային կարողացանք դպրոց ուղարկել բարի մարդկանց շնորհիվ, ովքեր մեզ օգնեցին»։

«Մեր ընտանիքում միայն ամուսինս է աշխատում, անասուն է պահում, ամիսը մեկ անգամ գալիս երեխաներին տեսնում ու գնում է»։

Ավագ տղաս՝ Աշոտը, ինձ օգնում է, երեխաների մասին հոգ է տանում։

«Սիսակն ու Գոհարիկը խնդիրներ ունեն, նրանք չեն խոսում, բայց չեմ կարողանում բժշկի տանել, որ հասկանանք, թե ինչ պետք է անել»:

«Սիսակը շուտով յոթ տարեկան կդառնա, բայց դպրոց ինչպե՞ս ուղարկեմ»։

«Այս տնակում ենք ապրում, այն էլ` վարձով»։

«Հիմա մեր տանը շատ խաղալիքներ կան, բայց բոլորը մարդիկ են մեզ բերել՝ իմանալով մեր ծանր վիճակը»։

«Չորս ամիս առաջ փոքրիկ Լուիզայի ծնվելու ժամանակ ոչ մի կոպեկ այդպես էլ չստացա, պարտքով գումար էինք ճարել, որ երեխայի ծնվելու հետ կապված ծախսերը հոգանք»:

«Հիմա ո'չ նպաստ ենք ստանում, ո'չ որեւէ օգնություն, բայց երեխաները պետք է մանկություն ունենան»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել