HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գանձակում հողից եկամուտ չստացողները խոպանի ճամփան են բռնում

Մինչ Գանձակի գյուղապետը խոսում է կարտոֆիլը գյուղի «բրենդը» դարձնելու մասին, բնակիչներից մի քանիսն ասում են, որ առանց խոպան գնալու, միայն կարտոֆիլի մշակմամբ ընտանիքները չեն կարողանում պահել:

Գանձակի բնակիչ Նազիկ Անտոնյանն ամուսնու հետ նախորդ տարի արտագնա աշխատանքի է մեկնել: ՌԴ Չելյաբինսկի մարզի Սիմ քաղաքում խորովածի գործ են արել:

«Տանջանքի դիմաց չէի ասի, որ լավ էին վարձատրում, բայց որպեսզի մի բանի հասնես, ստիպված գնում ես: Մարդ կա` 400 հազար խանութին պարտք է, կարտոշկայով ո՞նց կփակես, գինը 100-120 դրամ է: Եթե համեմատում եմ խորովածի գործի հետ, էլի խորոված անելն է ձեռք տալիս»,-ասում է տիկին Նազիկը: Չնայած այնտեղի կյանքին չհարմարվելուն՝ եթե Ռուսաստանում աշխատանք առաջարկեն, դարձյալ կգնա:

Անուշ Հովհաննիսյանի 46-ամյա որդին մի քանի անգամ մեկնել է արտագնա աշխատանքի: Այս անգամ տղային բանակ էր ճանապարհում, գնալ չկարողացավ: Տիկին Անուշի խոսքով՝ ընտանիքը կարտոֆիլի մշակության հույսին է, տարի կա՝ լավ բերք են ստանում, տարի կա՝ ոչ: Գոմում էլ 1 կով ունեն: Ընտանիքում 6 հոգի են: 

«Խանութներից պարտք ես անում, թոշակը ստանում ես, պարտքերը փակում, նորից նույն վիճակը: Ո ՞վ կուզի, որ իր տնից իր երիտասարդ էրեխեն գնա ընկնի Ռուսաստանի քուչեքը: Սաղ գնում են, էս տունը դատարկ ա, կողքինը դատարկ ա, երեւի մի 150 տուն կլինի, որ փակ ա»,-ասում է ծառի հովին նստած Անուշ Հովհաննիսյանը եւ շարունակում մաքրել սմբուկը: Պատմում է, որ Սովետական Միության ժամանակ Գավառի տարածաշրջանում կաբելի, տրիկոտաժի, կարի, սարքաշինական եւ այլ գործարաններ են եղել: 

«Սկի ո՞վ էր կարտոշկին նայում: 250-300 ռուբլի փող էինք առնում, աղայի նման ապրում էինք, որ ասում են՝ կոմունիզմն էկավ, դուռը ծեծեց, չբացինք, էտի մերն էր, էդ ժամանակն էր, որ չհասկացանք արժեքը»,-վերհիշում է զրուցակիցս:

Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի Գանձակ համայնքի ղեկավար Վանիկ Հարությունյանի խոսքով՝ գյուղի բնակչության թիվն այս պահին 4238 է: Նա միանշանակ փաստում է, որ  գյուղում աշխատանքային միգրացիա կա, գարնանը գնում են, աշնանը վերադառնում, պատահում է` նաեւ ընտանիքներով են գնում: Գանձակից տարեկան մոտ 600-700 մարդ է մեկնում արտագնա աշխատանքի՝ Ռուսաստան, Ուկրաինա եւ նախկին Սովետական Միության տարածքներ: Գյուղացիների ապրուստի հիմնական միջոցն արտագնա աշխատանքից է գոյանում: Գյուղում փակ դռների թիվը նույնպես հարաբերական է. գյուղապետն ասում է՝ գալիս-գնում են:

«Մենք պորտալարով կապված ենք Ռուսաստանին: Հենց ընդեղ վիճակը վատանում է, ստեղ պտուղը թպրտում է: Անցած տարվա աշխատածը ընդհանրապես շատ-շատերը չեն էլ բերել, գումար չի եղել»,-նշում է գյուղապետը: Ըստ նրա՝ Ռուսաստանում գանձակցիներն ընդամենը աշխատուժ են:  

75-ամյա Լավրենտ պապն այս տարի եւս «խոպան» է ճանապարհել 2 որդիներին, փեսային եւ 5 տղա թոռներին: Ասում է, որ որդիները 10 տարուց ավել է՝ խոպանչի են:

«Հենց գալում են, դրամն արժեզրկվում է: Հացից սկսած` մինչեւ վերջ թանկանում ա: Էժանացում բառը էտի օդում ա: Եթե էս ձեւ շարունակվի, Հայաստանը կմնա առանց հայի: Կմնան էս գուբերնատորները, որ Հայաստանը արդեն կիսած են իրար մեջ: Կարա՞ս էթաս Սեւանա ծովը, ոտերդ լվացես: Պտի փողը մուծես, նոր հասնեն ծովի ալիքներին»,-ասում է գյուղամիջում հավաքվածների մեջ կանգնած Լավրենտ Սիրականյանը: Նրա խոսքով՝ Գանձակի տղամարդիկ սարուխանցիների «ձեռքի տակ» են աշխատում:

Կողքից Լյուդվիգ Հարությունյանն ավելացնում է, որ արտագնա աշխատանքի մեկնում են հիմնականում երիտասարդները:

«Գարունը բացվավ, էթում են, աշխատում են, փառեջն էլ չեն տալում, անոթի-ծարավ մե ձեւ գալում են, հասնում են ըստե: Մնան Հայաստանդ ինչո՞վ աբրեն: Աշխատանք չկա, որեւիցե տեղ զավոդ չկա»,-նշում է նա:

63-ամյա Վաչիկ Հովհաննիսյանը վերհիշում է՝ գյուղում մսաոսկարաղացի գործարան էր աշխատում, ինքն էլ տնօրենն էր: Հայաստանի բոլոր թռչնաֆաբրիկաների սատկած թռչուններն անցնում էին գործարանի աղացի տակով, վերամշակվում 120° ջերմաստիճանի տակ, բակտերիաները վերանում էին: 60%-ոց սպիտակուցային կերով սնվում էին թռչունները եւ կենդանիները: Գործարանն աշխատել է 11 տարի, ունեցել է 150 աշխատող:

Նրա միակ որդին 6-7 տարի արտագնա աշխատանքի է մեկնում, ինքն էլ կարտոֆիլի մշակությամբ է զբաղվում: Ասում է, որ տարեկան 10 տոննայից ավել բերք չի ստանում, դրա մի մասը վաճառում է:

«Ինձ հնարավորություն ունեմ, էս մեքենայով տանում եմ քաղաք՝ բնակելի շենքերի մոտ, գոռում եմ՝ կարտոշկա~, կարտոշկա~»,-ծիծաղում է եւ մեքենայի ղեկին նստում:

Գանձակի համայնքապետն արտագնա աշխատանքի մեկնելը վատ չի համարում, ասում է, որ երկիր տրանսֆերտներ են գալիս: Նրա իմացած բանաձեւն է. «Եթե չես ուզում, որ աշխատանքային միգրացիա լինի, պիտի աշխատատեղ ստեղծես: Մարդիկ դուրս են գալիս սոցիալական, տնտեսական վատ վիճակից, աշխատանք չկա¦: Ասում է, որ իր ղեկավարման տարիներին հնարավորության սահմաններում աշխատատեղեր ստեղծել է՝ գործարկել է մանկապարտեզը, որի շնորհիվ 13-14 աշխատատեղ է ավելացել: Երաժշտական դպրոցում, սպորտդպրոցում նոր խմբակներ են բացվել: Գյուղ է ներկրվել 28 միավոր տեխնիկա, էժանացել է վարը, ցանքը: Կաթի մթերման կետ են բացել:

Վանիկ Հարությունյանի տեղեկացմամբ՝ գյուղում վերջին մի քանի տարում ծնելիության աճ է նկատվում: Նախորդ տարի 48 աշակերտի փոխարեն այս տարի առաջին դասարան է հաճախել 50-ը: 4238 բնակչից 162-ը նպաստառու է: Գանձակում գործում է 2 դպրոց՝ ավագ եւ միջնակարգ, 1 մանկապարտեզ: 

Արփինե Մինասյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter