Earlyone՝ հերթերի կառավարման հայկական հավելված
LimeTech ընկերությունը ստեղծել է Earlyone՝ հերթերի հոսքը կառավարող համակարգ։ Դրա նպատակն է օգնել հաճախորդին հասնել սպասարկման որակի կատարելության, խնայել ժամանակը, որը նրանք կորցնում են հերթերում սպասելիս։
«Մեկ տարի առաջ որոշեցինք ամփոփել 2008 թվականից կատարած մեր աշխատանքը և նորովի նայեl այն ամենին, ինչ իրականացրել ենք։ Հասկացանք, որ թեև ներդրված համակարգերի 95%-ը մենք ենք տեղադրել, բայց դեռևս չենք լուծել հերթի խնդիրը։ Մենք ներկայացնում ենք համակարգ, որը բարելավում է ընդհանուր հոսքի վիճակը, հարմարավետ է դարձնում հերթի գործընթացը, սակայն չի կարգավորում հերթը։ Այդ պատճառով որոշեցինք վերացնել հերթերը»,-նշում է ԼimeTech ընկերության տնօրեն Գևորգ Սաֆարյանը։
Ուսումնասիրելով հերթերի առաջացման գործոնները՝ թիմը եզրակացրել է, որ դրանք առաջանում են հոսքերի սխալ բաշխման արդյունքում, երբ ստեղծվում է հաճախորդի պահանջարկի և առաջարկի անհավասարություն, և երբ հերթի առաջացման պատճառ են հանդիսանում այն աշխատակիցները, ովքեր սպասարկում են այդ ծառայությունը։
Որպես հերթերը կառավարելու միջոց թիմն ընտրել է հաղորդակցման գործիքը, որով հաճախորդները կարող են շփվել ընկերության հետ, դիմել նրանց և հայտնել, որ ցանկանում են այցելել այս ժամին, այս մասնաճյուղ և ընկերության կողմից ստանալ հետադարձ հաղորդագրություն։
Ընկերության հավաքած գաղափարներն արդեն ամբողջացվել են Earlyone բջջային հավելվածում, որի միջոցով հաճախորդները մուտք են գործում իրենց անհրաժեշտ ընկերության էջ, ընտրում սպասարկման մասնաճյուղը, ծառայությունը, և համակարգը, այդ գործողությունները իրականացնելով, հաճախորդին տրամադրում է համարանիշով կտրոն, որով հաճախորդը կարող է այցելել տվյալ ընկերություն/մասնաճյուղ։
Եթե պարզվի, որ այդ ժամին ծառայությունը/սպասարկող անձը զբաղված է, համակարգն ավտոմատ կերպով, հաշվարկող տեխնոլոգիայով կառաջարկի այլ ժամ։
Հավելվածը նաև քաղաքացիներին հնարավորություն է տալիս առաջարկել այն ընկերությունների անվանումները, որտեղ կցանկանային նման համակարգ գործարկվեր հերթերից խուսափելու համար։
Ընկերության տնօրենի խոսքով՝ հետագայում համակարգում կներառվի գործիք, որը հաճախորդին կհուշի, որ եթե իր համար նախընտրելի մասնաճյուղում ծառայությունը տվյալ պահին զբաղված է, ապա նա կարող է այցելել դրան մոտ գտնվող մասնաճյուղ և ծառայություն ստանալ առանց հերթի։
«Մեր մշակած այս ամբողջ ծրագրի նպատակն է՝ նվազագույնի հասցնել ժամանակային, հաճախորդների սպասարկման կորուստները և առավելագույնի՝ հաճախորդին սպասարկելու բոլոր հնարավորությունները»,-հավելեց Սաֆարյանը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել