Լեռնագոգ համայնքի ղեկավարի միակ թեկնածուն գործող գյուղապետն է` ՀՀԿ-ից
Սեպտեմբերի 18-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել է միայն մեկ թեկնածու՝ Սարգիս Մարգարյանը: Մինչ այդ ինքնաառաջադրված, անկուսակցական թեկնածու Գարեգին Ավետիսյանը ինքնաբացարկ է ներկայացրել:
Լեռնագոգ համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրված թեկնածու Սարգիս Մարգարյանը ներկայիս գյուղապետն է և Լեռնագոգը ղեկավարում է 2002 թվականից: Մարգարյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է:
Սարգիս Մարգարյանը «Հետք»-ին փոխանցեց, որ նախընտրական քարոզարշավ սկսելու առանձնակի անհրաժշտություն չի տեսնում, քանի որ գյուղացիների հետ հաճախակի հանդիպումներ է ունենում։ Մարգարյանը նաև նախընտրական ծրագիր չունի. «Ու՞մ, ի՞նչ խոստանանք, ի՞նչ ասենք, ի՞նչ խաբենք (ծիծաղում է)։ Չի կարելի։ Ուղղակի անում ենք էն, ինչ պահի դրությամբ և թելադրանքով անհրաժեշտ է։ Մեր ծրագրերը ընթացիկ են, առաջացած օրվա խնդիրներ են։ Մեր ենթակառուցվածքները գերգերազանց վիճակում են։ Ծրագիր ունենալն էլ այն է, որ ունենք դեռ չարված գործեր, դրանց մասին պետք ա ծրագրեր մշակենք»,-նշում է Մարգարյանը։
14 տարի Լեռնագոգը ղեկավարելով`Մարգարյանին լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ՝ չարված գործերն իրագործելու համար։ Համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելիս օրակարգում չորս հարց է ընդգրկել, որոնք, ինչպես նա է ասում, չեն ամբողջացվելֆինանսական միջոցների պատճառով։
Մասնավորապես` Լեռնագոգի փողոցները բարեկարգման և վերանորոգման կարիք ունեն։ Հաջորդիվ ցանկալի քայլ է համարում տեղի մշակույթի տան հիմնանորոգումը կամ մասնակի վերանորոգումը։ Խոստովանում է՝ դրա իրագործման համար բավականին մեծ գումարներ են անհրաժեշտ, իսկ համայնքի բյուջեն աղքատիկ է, այդ պատճառով գործը դեեռ տեղից չի շարժվում ։
Համայնքապետը նաև ցանկանում է խորհրդային ժամանակներից ժառանգած մանկապարտեզը հիմնանորոգել, քանի որ մանկապարտեզ հաճախող երեխաների թվաքանակն ավելացել է և դրա գործարկման պատշաճ պայմաններ չկան։
Ոռոգման ջրի ապահովվումը ևս առաջանային է, որը թեև վերջին երկու տարիներին պետական միջոցներով և գյուղացիների աջակցությամբ հաջողվել է բարելավել, բայց և վերջնական փուլի չի հասել։
Ինքնաբացարկ հայտարարած թեկնածու Գարեգին Ավետիսյանին Մարգարյանը մրցունակ չէր համարում։ Ասում է՝ Ռուսաստանից եկել էր, մի քիչ փող ուներ, երևի մի քիչ «ռազվեդկա» արեց, հասկացավ՝ այստեղ անելիք չունի, քանի որ գյուղում փողը եղանակ չի փոխում և ինքաբացարկ հայտարարեց։
Լուսանկարները՝ Լեռնագոգ համայնքի ֆեյսբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել