Համաձայնագիր՝ ուղղված Օրենսդրության կատարելագործման եւ իրավական հետազոտությունների կենտրոնի ստեղծմանը
ՀՀ արդարադատության նախարարության եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) միջեւ այսօր ստորագրվել է համաձայնագիր՝ Օրենսդրության կատարելագործման եւ իրավական հետազոտությունների կենտրոնի ստեղծմանն աջակցելու նպատակով:
Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) երեւանյան գրասենյակի առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:
Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին եւ ԱՄՆ ՄԶԳ երևանյան գրասենյակի առաքելության նախկին եւ ներկա տնօրեններին՝ գաղափարին հավատալու եւ այն կյանքի կոչելու նախաձեռնության ակտիվ մասնակիցը դառնալու համար:
«Ցանկացած գաղափար, որը սկսում ես, պետք է հավատաս դրան՝ անմնացորդ եւ մինչեւ վերջ. իմ հավատը մեծ էր Կենտրոնի ստեղծման հետ կապված: Գերատեսչական շահերից՝ անկախ օրենսդրություն, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող օրենսդրական ակտերի մշակում, անկախ փորձաքննություն եւ պրոֆեսիոնալիզմ. սա է լինելու Կենտրոնի հիմնական առաքելությունը»,-ասել է Արփինե Հովհաննիսյանը:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում այն մտել է որակապես նոր փուլ եւ նշել, որ Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոնի բացումը, որը մասամբ հնարավոր է դարձել ԱՄՆ կառավարության օժանդակության շնորհիվ, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի եւ արդյունավետ կառավարումն ամրապնդելու ուղղությամբ Արդարադատության նախարարության հետ ձևավորված ամուր գործակցության ու գործընկերության վերջին շրջանի վառ օրինակներից է, եւ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ամուր օժանդակություն կապահովվի Կենտրոնին՝ վերջինիս գործունեության առաջին 12 ամիսների ընթացքում:
Համաձայնագրի շրջանակում կենտրոնի միջոցները կուղղվեն մասնագիտական կադրային ապահովման ամրապնդմանը, շահագրգիռ կողմերի միջև խորհրդակցությունների արդյունավետ մեխանիզմների ինստիտուցիոնալացմանը եւ Կենտրոնի նախնական կարգավորումների հեշտացմանը` երկարաժամկետ կայունության մոտեցմամբ:
Մեկնաբանել