HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ովքե՞ր են չորացնում Գեղարոտ գետը

Փոքր հէկերի բիզնեսը, չորացված Գեղարոտ գետը և ՀէՑ-ի աշխատակիցը

Երեկ «Համահայկական բնապահպանական ճակատը» հրապարակել է անջուր մնացած Գեղարոտ գետի՝ նույն օրն արված տեսանյութը, որտեղ հստակ երևում է, որ «Արագած 1» փոքր հէկն ամբողջությամբ վերցրել է գետի ջուրը և ուղղել դեպի հէկի խողովակները: Դրա հետևանքով գետից չի հոսում նույնիսկ բնապահպանական թողքը:

«Արագած 1» փհէկը գործում է 2009թ.-ից: Հէկի դրվածքային հզորությունը 1260 կՎտ է: Այս հէկի խողովակաշարի երկարությունը, ըստ նախագծի, 2,4 կմ է: Այսինքն՝ համաձայն տեսանյութի, Գեղարոտ գետի այդքան հատվածը ջրազրկվել է:

Նշված հէկը շահագործում է «Վալշկուֆլօ» ՍՊԸ-ն: ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից «Հետքի» ձեռք բերած տվյալների համաձայն՝ ընկերության բաժնետերերը երկուսն են՝ եղբայրներ Ներսես և Վարդան Բուռնազյանները՝ 85 և 15% բաժնեմասով: Վարդան Բուռնազյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի անվտանգության և վերահսկողության փոխտնօրենն է: 

Վարդան Բուռնազյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ ջրազրկված գետի վերաբերյալ հրապարակված կադրերին և նկարներին: «Ճիշտն ասած՝ ես էդ հարցերով չեմ զբաղվում, առավելապես եղբայրս է զբաղվում որպես տնօրեն, և հէկում աշխատող կա: Ես էդքան տեղյակ չեմ, որ պատասխանեմ»,- ասաց Վարդան Բուռնազյանը: Նա ուղղորդեց զրուցել եղբոր հետ:

Նույն գետը՝ երկու տարի առաջ: Լուսանկարը՝ ՀԲՃ-ի

Այս հէկի էլեկտրաէներգիայի փաստացի միջին տարեկան օգտակար առաքումը 2,6 մլն կՎտժ է: Հիշեցնենք, որ փոքր հէկերը Հայաստանում իրենց արտադրանքը վաճառում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին:

Մեր դիտարկմանը, թե արդյոք ՀԷՑ-ի աշխատակիցն իրավունք ունի բաժնեմաս ունենալ այնպիսի բիզնեսում, որն անմիջականորեն առնչվում է այն կառույցի հետ, որտեղ ինքն աշխատում է, Վարդան Բուռնազյանը պատասխանեց. «Հայաստանում այլընտրանք գոյություն չունի: Եթե լիներ երկու ընկերություն, մենաշնոր չլիներ, ընդունելի կլիներ Ձեր ասածը, բայց նման իրավիճակում այլընտրանք գոյություն չունի»:

Եղբայրը՝ Ներսես Բուռնազյանն էլ ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ է կատարվել հէկի կամ ջրի հետ, քանի որ ինքը բաժնետեր և ՍՊԸ-ի տնօրեն է, իսկ հէկով զբաղվում է հէկի տնօրենը:

«Այդ հարցով պատասխանատուն մեր տնօրենն է: Հէկի տնօրենն է տեղում գտնվում և այդ ամեն ինչն իր տնօրինության տակ է: Ես ֆիզիկապես չեմ կարող վերահսկել հէկը, որովհետև տեղում չեմ գտնվում: Կարող է տեխնիկական ինչ-որ խնդիր եղած լինի, ես դա չեմ պարզել դեռ, դրա համար ձեր հարցին էս պահին պատրաստ չեմ պատասխան տալու»,- ասաց Ներսես Բուռնազյանը:

«Արագած 1» փհէկի տնօրեն Գառնիկ Բեյբությանը նշեց, որ հնարավոր է նման պահ լինի հէկի վթարային իրավիճակի պատճառով: «Դա պարբերական բնույթ չի կրում, քանզնի մենք ունենք սանիտարական թողք, մեր ձկնուղին գործում է, ամեն ինչ ըստ օրենքի»,- ասաց Գատնիկ Բեյբությանը:

Նրա ասելով, նման վթարներ լինում են, քանզի ավելի վերև ապրող և անասուններ պահող եզդիները գետի մեջ զանազան իրեր, առարկաներ, շորեր են գցում գետ, և այդ ամեն ինչը մտնում է կայան, իրենք էլ ստիպված պետք է ավտոմատ «սլիվ»՝ թողք անեն վթարից խուսափելու համար. «Մեր մոտ չի կարող պատվարի մակարդակից պահելու դեպքում թողք չլինել, որովհետև բոլոր չափանիշները համապատասխանում են օրենքով սահմանվածին»: Ըստ տնօրենի, սակայն, եզդիների կողմից աղտոտումների հետևանքով հաճախ են վթարային իրավիճակներ լինում, ինչը ենթադրում է, որ պիտի նույքան հաճախ էլ ջրի անջատումներ լինեն: Տնօրենի ասելով՝ երեկվա վթարը տևել է առավոտյան 11-ի սահմաններից մինչև կեսօրն անց՝ 16:00:

«Չեմ խրախուսում ջրազրկումը, բայց քանի որ մենք ունենք էդպիսի շահագործող կայան, մենք մաքսիմալ պետք է աշխատենք նաև ի շահ բնությանը»,- ասաց Գառնիկ Բեյբությանը:

Պաշտպանիչ ցանցեր ևս ունեն, սակայն որոշ առարկաների դեպքում, Գ. Բեյբությանի խոսքով, ցանցային կայանը չի կարողանում մեկուսանցել դրան, և «սլիվները» անխուսափելի են:

Գեղարոտը Քասախի աջ վտակն է:  Սկիզբ է առնում Արագածի արևելյան լանջից, երկարությունը 25 կմ է:

Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների, Գեղարոտ գետի վրա գործում է երկու հէկ, այդ թվում՝ վերոնշյալը: Եվս մեկը կառուցվում է ավելի ներքև:

Գեղարոտ գետի վրա 2010-ից գործում է «Էլ-Կաս» ՍՊԸ-ի «Գեղարոտ» փհէկը: Այս հէկի համար 4,6 կմ խողովակաշար է անցկացվել: Ընդ որում՝ այս հէկում նույնպես բաժնետեր է եղել նաև Ներսես Բուռնազյանը: Վերջինս, սակայն, 2008-ին դուրս է եկել ընկերության բաժնետերերի ցանկից: Այժմ «Էլ-Կաս» ՍՊԸ-ում 30-ական % բաժնեմաս ունեն Վարդան Ավագյանը, Սոկրատ Գրիգորյանը, Կարեն Սարգսյանը: Եվս 10 %՝ Լիպարիտ Դանիելյանը: Վարդան Բուռնազյանն ասաց, որ այս հէկում մասնակցությում ունեցել է, սակայն այլևս այդ հէկի հետ կապ չունի:

«Լուսարփի» ՍՊԸ-ն էլ Գեղարոտի վրա նոր հէկ է կառուցում, որի համար կանցկացվի ավելի քան 1 կմ խողովակաշար:

Լուսարփի հէկում բաժնետերերն են եղբայրներ Ալբերտ և Ռոբերտ Տոնեյանները՝50 և 25 % բաժնեմասով: Ալբերտ Տոնեյանը «Վեբ» ինտերնետ ծառայությունների մատակարար ընկերության տնօրենն է: Բաժնեմասի 25 %-ը Արագածի ավագանու անդամ Կարեն Բեյբությանինն է: 

Նշենք, որ «Արագած 1» հէկի տնօրեն Գառնիկ Բեյբությանը Կարեն Բեյբությանի որդին է: Չնայած՝ Ներսես Բուռնազյանը հավաստիացրեց, որ ինքը Կարեն Բեյբությանին չի ճանաչում: 

Մեկնաբանություններ (2)

Անի
https://www.youtube.com/watch?v=TxWEhQ_MgY0
Լևոն
Ինչ վթարի մասին է հեքիաթ պատմում, երբ մետաղյա կառուցվածքով լրիվ փակել են ջրի մուտքը և չորացրել գետը, իսկ գետի բնական հուն հոսող ջրի քանակը կարգավորող պտտանիվը կողպեքով շղթայված էր։ Նկարներն էլ կա, տեսանյութն էլ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter