Հողերի կատեգորիաների փոփոխում Աղստև գետի ափին` ՓՀԷԿ-ի կառուցման համար
Ի գիտություն բնապահպանների
Կառավարության այս նիստում` նոյեմբերի 24-ին, Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող անտառային նպատակային նշանակության 0.8 հա. ընդհանուր մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը կփոփոխվի` դառնալով էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի` ՓՀԷԿ կառուցելու նպատակով:
Ըստ որոշման նախագծի` Իջևան քաղաքային համայնքի բյուջեն կհամալրվի ավելի քան 10 մլն. դրամով, կստեղծվեն նոր աշխատատեղեր, ջրային և հողային ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը կբարձրանա:
Փոփոխման ներկայացվող հողերից 0.8 հեկտարը գտնվում է քաղաքի վարչական սահմաններում, բնակավայրից հարավ-արևմուտք: Հողամասը գտնվում է Աղստև գետի աջ և ձախ ափերին, որտեղ գետը չունի կարգավորվածհուն ևափապաշտպան հենապատեր, ծառազուրկ է, ծածկված է ցածրարժեք թփերով ու պարբերաբար ողողվում է:
Նախագծում նշվում է, որ 0.8 հեկտար հողամասը որպես անտառային հող օգտագործելը ոչ միայն արդյունավետ չէ, նաև նպատակահարմար չէ, քանի որ Աղստևի վարարումների ժամանակ պարբերաբար ողողվելու հետևանքով այն աստիճանաբար վերանում է` վերածվելով գետի անկազմակերպ հունի:
Աղստև գետի վրա կառուցված և շահագործվող «Սպիտակ լիճ» ջրամբարի պատվարի ներքին բյեֆում նախատեսվում է կառուցել ՓՀԷԿ` օգտագործելով ջրամբարի նորմալ դիմհարային մակարդակի /ՆԴՄ/ 726մ և Աղստև գետի 400մ հեռավորության վրա գտնվող հորիզոնի 708 մ նիշերի միջև եղած 18մ անկումը:
ՓՀԷԿ-ի կառուցումից հետո արտադրված էլեկտրաէներգիան նախատեսվում է առաքել հանրապետության էներահամակարգ: Աղստև գետի միջին տարեկան բնական ելքը կազմում է 10.96խմ/վրկ, միջին տարեկան բնական հոսքը` 345.5մլն.խմ, հաշվարկային ելքը` 12խմ/վրկ: Նախատեսվում է երկճյուղ 1420-1620մմ տրամագծով խողովակաշարով ջրընդունիչ հանգույցից ջուրը տեղափոխել 400մ մինչև կայանի շենք, որտեղ տեղադրվելու են 2 տուրբիններ: Ջրի հաշվարկային ճնշումը 12մ է:
Էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը կազմելու է 6.59մլն.կվտժ, դրվածքային հզորությունը` 1.11մվտ: Առավելագույն դրվածքային հզորությամբ ՓՀԷԿ-ը տարեկան աշխատելու է 5944 ժամ: Մեկ կվտժ էլեկտրաէներգիայի ինքնարժեքը կազմելու է 3.915 դրամ/կվտժ, շինարարության տևողությունը նախատեսվում է 36 ամիս` նախագծումից մինչև ավարտ: Շինարարության նախահաշվային արժեքը առանց ԱԱՀ-ի կազմելու է 417.73 մլն. դրամ: Կապիտալ ներդրումները 1 կվտ հզորության համար կազմելու են 376.33 հազար դրամ, 1 կվտժ էլեկտրաէներգիայի արտադրանքի համար` 63.4 դրամ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել