HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պետք է կարողանանք հետաքրքիր լուծումներ գտնել, որոնք Վանաձորն ամեն տարի կդարձնեն ավելի գրավիչ, քան նախկինում էր»

Գայանե Սարգսյան

«Հետքի» հարցերին պատասխանում է «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության Վանաձորի ավագանու թեկնածու Նելսոն Մամուլյանը, ով Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կրթական ծրագրերի պատասխանատուն է:

- Ի՞նչ ծրագրերով եք ներկայանում վանաձորցուն:

- Մեր ծրագրային դրույթների բոլոր մանրամասները, ինչպես որ հարկն է, կներկայացնենք քարոզարշավի ընթացքում, որտեղ ըստ ոլորտների մանրակրկիտ ներկայացված կլինեն մեր գերակա խնդիրները` հիմնված Վանաձորի տարիներ շարունակ կուտակված խնդիրների վրա: Մի քանի դրույթներ ներկայացնեմ` ըստ ոլորտների: Առաջինը համայնքային կառավարման խնդիրն է: Եթե փորձենք վերլուծել մեր նախորդ ՏԻՄ մարմինների գործունեությունը, ապա ակնհայտ կլինի, որ կառավարման առումով հասարակ վանաձորցին ակտիվ մասնակցություն չի ունեցել: Սա նշանակում է, որ ցավոք սրտի, վանաձորցին իր քաղաքի հոգսերով չի զբաղվել, իր իրավունքների պաշտպանությամբ չի զբաղվել, իր քաղաքի խնդիրների լուծման ուղղությամբ չի գնացել: Եվ այդ մտահոգությունից ելնելով` մենք համայնքային կառավարման մեջ շատ կարևորում ենք վանաձորցու մասնակցային կառավարման ապահովումը, դրա հետ կապված մեխանիզմների մշակումը: Այս ամենից ելնելով է, որ մենք մտնում ենք ընտրապայքարի:

- Որո՞նք են քաղաքի երեք հիմնական խնդիրներն ըստ Ձեզ, և ինչպե՞ս եք տեսնում դրանց լուծման ուղիները:

- Առանց համարակալելու… Խնդիրներից մեկը Վանաձոր քաղաքի չօգտագործված հնարավորություններն են: Վանաձորը արդյունաբերական, մասամբ նաև առողջարանային քաղաք է եղել: Այդ հնարավորություններն այսօր գրեթե չեն օգտագործվում: Մենք մշակել ենք տարբեր ենթածրագրային դրույթներ, մեխանիզմներ, որպեսզի Վանաձորում  գործընթացներ ընթանան՝ միտված քաղաքի հնարավորություններն օգտագործելուն: Դրանք պետք է լինեն  մի քանի գերակա ուղղություններով: Դրա մեջ մտնում է թե՛ արդյունաբերության  որոշ ոլորտների զարգացմանը նպաստելու քաղաքականությունը, թե՛ տուրիզմի զարգացմանն ուղղված քայլերը: Քայլեր կարվեն նաև Վանաձորը մշակույթի ու հանգստի քաղաք դարձնելու ուղղությամբ:

Շատ կարևոր է նաև համայնքի բյուջետային համակարգի հետ կապված խնդիրը: Շատ դեպքերում, երբ տարբեր հարթակներում խնդիրը քննարկվում է, պատասխանը սովորաբար միատեսակ է լինում, համայնքի բյուջեն նման հնարավորություն չունի: Սա ոչ կրեատիվ, ոչ ստեղծագործական մոտեցում է: Սա Վանաձորի համար սրտացավ մոտեցում չէ:

Մենք այն մեկնակետից ենք ելնում, որ պետք է բոլոր ջանքերը ներդնել Դաշնակցության ռեսուրսներն օգտագործելու առումով (և ոչ միայն Դաշնակացության), որպեսզիՎանաձորի խնդիրների լուծման հարցում կարողանանք քայլեր կատարել, կարողանանք ռեսուրսներ, գաղափարներ ու հետաքրքիր լուծումներ գտնել, որը Վանաձորն ամեն օր, ամեն ամիս, ամեն տարի կդարձնի ավելի գրավիչ, քան նախկինում էր:

- Բյուջեի մասին խոսեցիք: Ձեր կարծիքով համայնքային բյուջեն բավարա՞ր է քաղաքի հիմնական խնդիրները լուծելու համար:

- Ես ուսումնասիրել եմ տարբեր քաղաքների փորձը, որը շատ հետաքրքիր է: Շատ հեռու չգնանք: Վանաձորն, իհարկե, Երևանի հետ չենք կարող համամեմատել, բայց Երևանը որպես համայնք իր զարգացման տեմպերով ցույց է տալիս, որ երբ դնում ես գաղափարներ, ապա բյուջեի մեջ ստանում ես նաև մուտքեր, որի շնորհիվ քաղաքի համար կարևոր խնդիրներ ես կարողանում լուծել: Կարծում եմ, որ այս առումով բյուջեն հարաբերական հասկացություն է, բյուջեն առաձգական է և միանշանակ, կան ճանապարհները, թե ինչպես բյուջեի և արտաբյուջեի համապատասխան հոդվածները մեծացնել և ուղղել Վանաձորի խնդիրների լուծմանը:

Մեր ծրագրի մեջ մենք մի հետաքրքիր դրույթ ունենք. խրախուսելու ենք համայնքային չինովնիկից մինչև շարքային վանաձորցու ցանկացած առաջարկ, որը միտված կլինի որևէ ոլորտի խնդրի լուծմանն ու այդ ուղղությամբ ներդրում բերելուն:

- Հաջորդ հարցը վերաբերում է հենց ներդրումներին: Քաղաքի զարգացմանը միտված ի՞նչ ներդրումային ծրագրեր եք ակնկալում բերել Վանաձոր ընտրվելու դեպքում:

- Ես նշեցի, որ մեր ծրագրերի իրականցման հիմքում շատ կարևորում ենք Դաշնակցության ռեսուրսների ու ներուժի օգտագործումը: Քանի որ Դաշնակցությունը կառավարության մաս է կազմում, ակնկալում ենք նաև կառավարության մասնակցությունը Վանաձորի խնդիրների լուծման հարցում:

- Ո՞ր ուղություններով եք տեսնում քաղաքի հետագա զարգացումը:

- Եթե գլոբալ ասեմ, բիզնեսի ոլորտն ենք շատ կարևորում, որտեղ ներդրումների բազմազանություն կարելի է ապահովել: Մեր քաղաքում զարգացած ոլորտներից մեկն էլ դա թեթև արդյունաբերությունն է: Ինչպես գիտեք, ՏՏ ոլորտում ևս Վանաձորում սկսել ենք լուրջ քայլեր անել: Զարգացման հեռանկար ենք տեսնում նաև տուրիզմի ոլորտում:

- Վանաձորցին ինչո՞ւ պետք է ընտրի հենց Ձեզ ու Ձեր կուսակցությանը:

- Մենք լիարժեք պատասխանատվությամբ ենք մտնում դաշտ, մեր վրա վերցնում ենք քաղաքի կառավարման ղեկը, որը հենվում է Դաշնակցության ներուժի վրա: Ունենք իրատեսական, վերլուծված, հեռանկարային և քաղաքի համար գրավիչ ծրագիր: Մեզ ընտրելու հաջորդ պատճառը մեր թիմն է, որը կարծում եմ, լավ գնահատականի կարժանանա վանաձորցիների կողմից: Թիմում բավականին շատ են փորձառու, իրենց ոլորտներում կայացած մարդիկ: Կարճ՝ հենց այս նշածներիս հաշվին պետք է մեզ ձայն տա վանաձորցին. ու այդ հավատով ենք մենք մասնակցում այս գործընթացին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter