Ինչպես է «դրսևորվել» ՀՀ դրամը վերջին մեկ տարում
Ներքին ու արտաքին գործոնները պարբերաբար ստիպում են ՀՀ դրամին փոխել վարքագիծը։
ՀՀ կենտրոնական բանկի տվյալների հիման վրա (ԿԲ) մեկտեղել ենք դրամի միջին փոխարժեքները մեկ տարում՝ ամսական կտրվածքով։ Վերջինն այս տարվա հուլիսի տվյալներն են։ Ընտրել ենք 2015 հուլիս-2016 հուլիս ժամանակահատվածը։ Քանի որ պաճառների մասին շատ ենք խոսել, այս անգամ ներկայացնում ենք զուտ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքները։
Չնայած որոշ օրերին համեմատաբար զգալի տատանումներին՝ այս մեկ տարում ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ, ըստ ամիսների, կտրուկ փոփոխություններ չի գրանցել։ Ամենաբարձր արժեքը գրանցվել է այս տարվա փետրվարին, ամենացածրը՝ նախորդ տարվա հոկտեմբերին։
Դրամը դոլարի նկատմամբ նկատելի արժեզրկվեց 2014-ի տարեվերջից։ Եթե այդ տարվա հունվարին միջին փոխարժքը 407.35 դրամ էր, նոյեմբերին՝ 420.45, ապա՝ դեկտեմբերին այն հասավ 463.53 դրամի։ Այդ ամսվա առանձին օրերի ոչ միայն մոտեցավ 500 դրամի շեմին, այլև՝ հատեց այն, ինչն իսկական խուճապ առաջացրեց երկրում։
Վիճակն հանդարտվեց, սակայն դոլարն այդպես էլ չէժանացավ ու չվերադարձավ նախկին դիրքին։ Այնուամենայնիվ, թե գրեթե ամբողջ 2015 թվականին, թե այս տարի դրամը դոլարի նկատմամբ համեմատաբար կայուն վարքագիծ է դրսևորել։
Նկատենք, որ այս տարվա փետրվարից սկսած ամսական միջին փոխարժեքը որոշակի նվազել է։ Իսկ մինչև այդ՝ հոկտեմբերից փետրվար, դոլարը թանկացել է։
2014-ի տարեկան տվյալներով 1 ԱՄՆ դոլարը միջինում արժեցել է 415.92 դրամ, 2015-ին՝ 477.92 դրամ, 2016-ի առաջին կիսամյակում՝ 483.86 դրամ։
Ըստ ՀՀ ԿԲ տվյալների
2014-ի տարեվերջից դոլարի թանկացմանը զուգահեռ, ռուբլին Հայաստանում էժանացավ։ 2015-ի ապրիլ-մայիսին ինչ-որ չափով բարձրացում նկատվեց, որից հետո նորից էժանացավ։
Վերջին մեկ տարում դրամի նկատմամբ ռուբլու ամենաբարձր ամսական միջին փոխարժեքը գրանցվել է նախորդ տարվա հուլիսին, ամենացածրն՝ այս տարվա հունվարին։ Այդ ամսից սկսած այս տարի որոշակի բարձրացում կա, բայց ընդհանուր առմամբ՝ ռուբլին շատ ավելի էժան է, քան 2014-ին էր։ Համեմատության համար՝ այդ տարվա հուլիսին միջին փոխարժեքը 11.74 դրամ էր։
2014-ի տարեկան տվյալներով 1 ռուբլին միջինում արժեցել է 10.98 դրամ, 2015-ին՝ 7.89 դրամ, 2016-ի առաջին կիսամյակում՝ 6.9 դրամ։
Ըստ ՀՀ ԿԲ տվյալների
Իսկ ԵՎՐՈ-ն վերջին մեկ տարվա ամիսներին, ըստ միջին փոխարժեքի, տատանվել է 510-550 դրամի սահմաններում։ Ընդ որում՝ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է այս տարվա փետրվարին, ամենացածրը՝ նախորդ տարվա նոյեմբերին։ Վերջին չորս ամսում էժանացում է նկատվում։
2014-ի տարեկան տվյալներով 1 ԵՎՐՈ-ն միջինում արժեցել է 552.11 դրամ, 2015-ին՝ 530.6 դրամ, 2016-ի առաջին կիսամյակում՝ 540.01 դրամ։
Ըստ ՀՀ ԿԲ տվյալների
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել