
Շավարշ Քոչարյան. «Բանակցային գործընթացում չի կարող լինել առաջընթաց, քանի որ Վիեննայի և Սակտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի չեն կոչվել»
Կառավարության այսօրվա նիստից հետո փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում չցանկացավ մանրամասնել` արդյոք ունի տեղեկություն այն մասին, թե նոր ձևավորվող կառավարությունում կադրային փոփոխություններից հետո նա և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակելու են պաշտոնավորել, թե ոչ։ Քոչարյանը նաև չհաստատեց շրջանառվող այն խոսակցությունը, որ Էդվարդ Նալբանդյանին փոխարինելու էՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։ Քոչարյանը լրագրողներին միայն հորդորեց սպասել հրամանագրերի և նշանակումների ներկայացմանը։
Ղարաբաղյան հակամարտության շուրջ տեղի ունեցող բանակցությունների մասով Քոչարյանը նշեց, որ բուն բանակցային գործընթացում չի կարող լինել առաջընթաց, քանի որ, ըստ էության, Վիեննայի և Սակտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի չեն կոչվել. «Այնպես որ, ամեն ինչ կախված է այդ պայմանավորվածությունների կյանքի կոչվելուց»,- հավելեց նա։
Տարածաշրջանային զարգացումների, սիրիական հակամարտության լուծման շուրջ Քոչարյանը իրավիճակի արագ փոփոխություններ է նկատում, որը շատ կարևոր զարգացում է համարում։ Ասում է՝ «Իրանի մասով շատ անելիքներ ունենք, իսկ Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին մենք ուշի ուշով հետևում ենք, և հույս է առաջացել, որ հնարավոր է նվազեցնել բռնությունների, ռազմական գոծողությունների ալիքը, համաձայնություն ձեռք բերել՝ դադարեցնելով կրակը»։ Սակայն սա Քոչարյանը միայն հույս է համարում` ընդգծելով, որ դրա իրագործման համար կան նախադրյալներ։
Մեկնաբանել