
Գյումրեցիները որոշել են գերազանցել Սլովենիայում խցաններով ստեղծված խճանկարի ռեկորդը
Բազմագույն պլաստիկե խցաններին երկրորդ եւ նախկինից տարբեր կյանք տալու գաղափարը «Գյումրին մեր տունն է» նախաձեռնության հիմնադիր, Civil voice ՀԿ-ի ղեկավար Արսեն Վարդանյանը Սլովենիայից Գյումրի էր հասցրել դեռեւս 2013թ-ին: Ռեկորդների գրքում գրանցված խճանկարը, որ պատկերում էր անվասայլակին նստած հաշմանդամ տղային, պատրաստվել էր 500 հազար խցանից: Աշխատանքներին մասնակցել էին 120 պատանիներ, ուսանողներ եւ կամավորներ: Գաղափարն իրականացնելու համար ծախսվել էր մեկ օր:
![]() |
Արսեն Վարդանյանը |
Արսենը պատմում է, որ Սլովենիայում խճանկարի պատրաստման համար մտահղացման հեղինակներին պլաստիկե խցանները տրամադրել էին գործարանները: Հասկանալով, որ միգուցե Հայաստանում նման «բարեհաճության» չարժանանան, նախաձեռնության անդամները որոշել են գնալ այլ ճանապարհով՝ դրանով ինչ-որ տեղ լուծելով նաեւ բնապահպանական խնդիր:
«Մենք որոշեցինք հավաքել նետվածը,- ասում է Արսենը,- ինքներս այցելում էինք այսպես կոչված «քեֆի» վայրեր, պատմական հուշարձանների տարածքներ, որ մարդիկ սովորաբար իրենցից հետո վերածում են մինի աղբավայրի ու հեռանում: Հետո դիմեցինք ժամանցի վայրերի եւ հյուրանոցների տնօրինություններին, որ պլաստիկե ու ապակե շշերի խցանները թափելու փոխարեն հավաքեն, տրամադրեն մեզ: Սկզբում դժվարանում էին ու ոչ բոլորն արձագանքեցին մեր խնդրանքին: Հիմա կարող եմ ասել, որ պատկերը փոխվել է»:
«Երազանքների օդապարիկը»
Մեկ տարի Արսենն ու ընկերները ծախսել են հարկավոր քանակությամբ խցաններ կուտակելու վրա: Առաջին խճանկարը կոչվեց «Երազանքների օդապարիկ», պատրաստեցին նաեւ Սլովենիայում համաշխարհային ռեկորդ գրանցած խճանկարի փոքր կրկնօրինակը: Առաջին աշխատանքները փակցվեցին «Շիրակ կենտրոն»-ի պատին: Ի դեպ, «Գյումրին մեր տունն է» նախաձեռնության անդամների համար «Շիրակ կենտրոն»-ի բակը նաեւ աշխատավայր է:
«Մեր առաջին աշխատանքները պատրաստելու համար օգտագործել էինք սոսինձ, որը պարզվեց եղանակային պայմանների նկատմամբ շատ զգայուն է եւ դրսում փակցված մեր գործերից խցանները փոկվում թափվում էին: Որպեսզի խճանկարների կյանքն երկարացնենք, որոշեցինք դրանք թիթեղյա մակերեսին ամրացնել պտուտակներով»,- պատմում է Արսենը:
Թերեւս սոսնձելն ավելի հեշտ էր` խոստովանում են տղաները, եւ օրվա մեջ հնարավոր էր նույնիսկ մի քանի խճանկար ստանալ: Պտուտակներով ամրացնելիս հարկ է լինում նույն գործողությունը երբեմն կրկնել մինչեւ 3-6 հազար անգամ, որը շատ հոգնեցուցիչ է: Թիմը, որ հիմնականում աշխատում է բազմագույն խճանկարներ ստեղծելիս, բաղկացած է 10 հոգուց: Խցանների հավաքման աշխատանքների մասնակիցների թիվն ավելի մեծ է՝ մոտ 300: Թեմաներն առաջարկում են թիմից մեկ երկու հոգի, կա իրականացնող խումբ, օգնում են արվեստագետ ընկերները, որոնք գաղափարները ներկայացնելուց ու քննարկելուց հետո դրանք տեղափոխում են թիթեղյա կտավի վրա:
«Ֆեյսբուկում ունենք խցանահավաք էդպիսի միջոցառում, տարբեր շրջաններից ուղարկում են, կենտրոնացնում Երեւանում, այնտեղից էլ տեղափոխում ենք Գյումրի: Մեզ օգնում են նաեւ էն մարդիկ, ովքեր նախաձեռնությունից չեն, բայց մեր համակիրներն են: Վերջերս հայաստանյան հայտնի կազմակերպություններից PicsArt-ը միացավ ակցիային: Բազմաթիվ արշավախմբեր ունենք, որոնք նույնպես մեզ օգնում են: «Դեպի Հայք» ծրագիրն է աջակցում իր կամավորներով»,- պարզաբանում է Արսեն Վարդանյանը:
«Դեպի Հայք» ծրագիրով 29-մյա Ռազմիկ Բալյանը Գյումրի է հասել Ավստրալիայի Մելբուռն քաղաքից: Հասարակական աշխատող է, ասում է, որ արտիստիկ մարդ չէ եւ ոգեւորության պահեր չի ապրում աշխատելիս: «Սակայն ուրախ եմ, որ օգնում եմ մարդկանց,- ասում է Ռազմիկ Բալյանը,- ինձ ավելի դուր են գալիս կենտրոնի պատին արված այս որմնանկարները: Տպավորված եմ նաեւ Գյումրիով, որ շատ հետաքրքիր ու գեղեցիկ, շատ հին ու ավանդական քաղաք է: Այստեղ աշխատող մարդիկ շատ համեստ են: Տպավորված եմ գյումրեցիների հյուրասիրությամբ՝ ուտելիքն այստեղ շատ համով է»:
![]() |
Արթուր Աթարյանը |
Արթուր Աթարյանը Բրազիլիայի Սան Պուլո քաղաքից է: «Գյումրին մեր տունն է» նախաձեռնության անդամներին միացել է «Դեպի Հայք» ծրագրի միջոցով: Թիմի հետ աշխատում է օգոստոս ամսից, ինչպես Ռազմիկը: Ծրագրին շատ արագ է արձագանքել, քանի որ հետաքրքրված է Հայաստանով եւ մագիստրոսական թեզն էլ իր նախնյաց երկրի մասին է: «Սա յուրահատուկ հնարավորություն էր իմ համար գալ եւ բացահայտել Հայաստանը,- ասում է Արթուր Աթարյանը,- առաջին անգամ եմ իմ հայրենիքում եւ ամեն ինչ հետաքրքիր է: Սիրով եմ օգնում թիմին, ուղղակի ծնկներս են ցավում մի դիրքով երկար մնալուց (ծիծաղում է-հեղ.)»:
Արթուր Աթարյանը աշխարհագրության ուսուցիչ է, դասավանդում է բրազիլական դպրոցում: Թեպետ հայերեն չի խոսում, սակայն սիրում է հայկական երաժշտությունը, երաժշտական գործիքներից դհոլը, մի քանի շաբաթ ապրելով Գյումրիում` սիրահարված է քաղաքին ու տեղի բնակիչներին: Հայերեն առաջին բառը, որ սովորել է «համբույր»-ն է:
«Մենք նպատակ ենք դրել գերազանցել համաշխարհային ռեկորդը,- Արսենի հայտարարությունը հավակնոտ է,- այս տարի հիմնականում աշխատեցինք գորգերի ծրագրի վրա: Սա համատեղ ծրագիր է «Դեպի Հայքի»-ի հետ: Չորս գորգ ենք պատրաստել, որից մեկը մեր թիմի ներդրումն է, երեքը՝ համատեղ աշխատանք: Իսկ ընդհանուր առմամբ ունենք պատրաստի 8 աշխատանք»:
Խճանկարները քաղաքային իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն տեղ են գտնելու Անի թաղամասի Չարենցի եւ Շիրակացի փողոցների բնակելի շենքերի պատերին: «Առայժմ քաղաքի կենտրոնը դուրս է մնում,- պարզաբանում է Արսենը,- նախ որ ուզում ենք ապակենտրոնացում լինի, որ ամեն մի հետաքրքրիր բան չկենտրոնացվի այնտեղ, հետո էլ, որ տուրիստը գա նաեւ քաղաքի ծայրամաս: Մյուս խնդիրն էլ այն է, որ դեռ չունենք հարցի պատասխանը, թե ճարտարապետական տեսանկյունից ինչ կարող ենք առաջարկել, որ համապատասխանի կենտրոնին: Երբ գտանք, ուրեմն մեր աշխատանքները կտեսնեք նաեւ Գյումրու կենտրոնական հատվածներում»:
Մեկնաբանել