
Բուհերի ռեկտորներն անտարբեր են
սկիզբը՝ «Զեյթուն» ուսանողական ավանի ոդիսականը
Ստեղծված իրավիճակում մեղքի ամենամեծ բաժինն առաջին հերթին ունեն պետական ԲՈՒՀ-երի ռեկտորները, քանի որ դա նրանց անհեռատեսության եւ սեփական ուսանողների նկատմամբ անտարբերություն ցուցաբերելու արդյունք է: Որոշ պետական ԲՈՒՀ-երի ռեկտորների հետ հանդիպումների ընթացքում պարզվեց, որ նրանք նույնիսկ մոռացել էին, որ «Զեյթուն» ուսավանի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ են եւ հանրակացարանի կարիք ունեցող ուսանողներ ունեն:
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոռեկտոր Գեորգի Պողոսյանը մեր հարցազրույցում նշեց. «Ես բազմաթիվ նամակներ եմ հղել ԿԳ նախարարություն, քանի որ հանրակացարանի կարիք ունեցող մեր ուսանողների թիվը շատ մեծ է: Սկզբում մեզ տրամադրեցին հանրակացարանի 7-րդ մասնաշենքը: Այն վերանորոգել ենք եւ համապատասխանում է ուսանողական հանրակացարանի միջազգային չափանիշներին: Այնտեղ բնակվում են Հայաստանի մարզերից եւ արտասահմանից մեզ մոտ կրթություն ստացող ուսանողները: Մենք, բնականաբար, առաջին հերթին մտածում ենք մեր ուսանողների մասին: Մնացած ԲՈՒՀ-երի ուսանողները մեզ կամ կառավարությանը մեղադրելու փոխարեն թող իրենց ԲՈՒՀ-երի ռեկտորներին մեղադրեն, որ հոգ չեն տանում իրենց մասին: Ես նաեւ տղամարդու խոսք եմ տալիս, որ մեր տնօրինությանը հանձնված 5-րդ մասնաշենքում մինչ օրս բնակվող բոլոր ուսանողները կշարունակեն բնակվել նույն մասնաշենքում»:
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաճյանին այնքան էլ դուր չի եկել իր ուսանողների ակտիվությունը. «Ես հանրակացարանի ուսանողների բողոքի ակցիաներին բացասական եմ վերաբերվում: Գտնում եմ, որ հարցերը պետք է լուծվեն հանգիստ ճանապարհով: Ինչ վերաբերում է Կոնսերվատորիայի ուսանողներին, ապա մեր հանրակացարանի հարցը լուծվել է: Բժշկական համալսարանը 5-րդ մասանշենքի 2 հարկ վերանորոգելուց հետո մեզ է տրամադրելու: Այս պահին Կոնսերվատորիայի` հանրակացարանի կարիք ունեցող ուսանողների թիվն այնքան էլ մեծ չէ՝ 60 ուսանող, եւ 2-րդ հարկը մեզ բավարարում է: 2000թ. մենք ֆինանսական հնարավորություն չունեինք շենք վերցնելու եւ վերանորոգելու, սակայն այսօր ես բանակցություններ եմ վարում գիշերօթիկ դպրոցների տնօրենների հետ, քանի որ արտասահմանցի մեր ուսանողների թիվը գնալով ավելանում է»: Տարօրինակ է, որ ռեկտորն իր հանրակացարանին տեր կանգնելու փոխարեն գիշերօթիկ դպրոցների տնօրենների հետ է բանակցում: Ի դեպ, Կոնսերվատորիային 5-րդ մասնաշենքից բաժին հանելը պայմանավորված է զուտ նրանով, որ նախքան շենքը Բժշկական համալսարանին հանձնելն այնտեղ բնակվող ուսանողների զգալի մասը, որոնք բողոքի ցույցեր են կազմակերպում, Կոնսերվատորիայի ուսանողներ են:
Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Արես Բեգլարյանը այս խնդրին ընդհանրապես տեղյակ չէր. «Անկեղծ ասած` ուսանողների բողոքի ակցիաներին եւ վերջին իրադարձություններին ես ծանոթ չեմ: 12 տարի առաջ բոլոր պետական ԲՈՒՀ-երն ունեին իրենց մասնաշենքը, մերը 2-րդն էր: 3 տարի առաջ մենք ի վիճակի չէինք վերանորոգել մեր մասնաշենքը: Այսօր ի վիճակի ենք, սակայն պարզվում է, որ արդեն շենք չկա: Միայն Իրանից մենք 110 ուսանող ունենք: Այս տարվա հունվարից մեզ մոտ սովորելու է եկել եւս 150 ուսանող: Վերջերս Հայաստան ժամանած Իրանի ԿԳ նախարարը հանդիպել է մեր վարչապետին եւ պայմանավորվածություն ձեռք բերել եւս 500 ուսանող մեզ մոտ ուղարկելու համար, սակայն այդ ուսանողները ոչ թե հանրակացարանային, այլ հյուրանոցային պայմաններ են ակնկալում: Ինչ վերաբերում է մեր մարզերի ուսանողներին, ապա մեր ԲՈՒՀ-ն այսօր ավելի շատ մարզերից եկած ուսանողներ ունի, քան Երեւանից` 500-600 ուսանող: Ես հույս ունեմ, որ մեզ գոնե 1 շենք կտրամադրեն»:
Լսելով, որ մարզերի ուսանողները կարող են խնդիրներ ունենալ, ԵՊՀ պրոռեկտոր Սամվել Շահազիզյանը նշեց. «Եթե վաղը մարզերի երեխաները պետք է գան քաղաք ու հանրակացարան չունենան, ուսանողների բողոքի ակցիաները ողջունում եմ, ես նրանց հետ եմ: Ինչ վերաբերում է ԵՊՀ-ին, ապա մենք հանրակացարանում բնակվող մոտ 100 ուսանող ունենք: Մենք չենք մասնակցել ԿԳ խորհրդակցություններին, քանի որ հանրակացարանի կարիք չունենք: ԵՊՀ-ն Ավան համայնքում առանձին հանրակացարան ունի: Պետք է ասեմ, որ մեզ առաջարկել են վերանորոգել Զեյթունի հանրակացարանի 8-րդ մասանաշենքը, որտեղ փախստականներ էին բնակվում: Մենք համաձայնեցինք շենքը վերանորոգել, եթե փախստականներից ազատեին, որովհետեւ դա մեր ուժերից վեր էր: Կառավարությունը նման քայլի չգնաց»: Մնացած ԲՈՒՀ-երի ռեկտորներն առայժմ լուռ են եւ հանրակացարանների հարցով ԿԳ նախարարությանը չեն անհանգստացնում:
ԿԳ նախարարությունը վստահեցնում է, որ «Զեյթուն» ուս. ավանում բնակվում է մոտ 600 ուսանող, իսկ «Զեյթուն» ուս.ավան հիմնադրամի տնօրեն Վահրամ Մխիթարյանի ասելով՝ 400-500 ուսանող, սակայն հանրակացարանում բնակվող ուսանողների տրամադրած տվյալները բոլորովին չեն համապատասխանում ԿԳ նախարարության եւ հիմնադրամի տնօրենի տվյալներին: «400-500 ուսանողները դրանք հանրակացարանում գրանցվածներն են, իսկ չգրանցված, սակայն բնակվող ուսանողների թիվը մի քանի անգամ գերազանցում է նշված թիվը: Եթե նույնիսկ մեկ սենյակում 3 ուսանող բնակեցնեն, որի դեպքում ուսանողներն ուղղակի չեն կարող պարապել եւ ինչ-որ բան սովորել, միեւնույն է` սենյակները չեն բավականացնի: Ուսանողին այստեղ այնքան են քաշքշում, որ նա համաձայն է ինչ-որ գումար մուծելով՝ առանց գրանցման ապրի: Հանրակացարանը կոռումպացված է եւ դա, բնականաբար, ուսանողների մեղքով չէ»,- ասացին հանրակացարանի ուսանողները: Ուսանողները նաեւ վստահ չեն, որ եթե այսօր Բժշկական համալսարանն իրենց 2 հարկ է տրամադրում, ապա վաղը չի հայտարարի, որ իր ուսանողների թիվն ավելացել է եւ իրենք պետք է ազատեն սենյակները: Այս կապակցությամբ որեւէ երաշխիք չկարողացավ տալ նաեւ «Զեյթուն» ուս.ավան հիմնադրամի տնօրեն Վահրամ Մխիթարյանը: Ոչ ոք չի կարող նաեւ երաշխավորել, որ վերանորոգված հանրակացարանում բնակվելու վարձերը համապատասխանելու են ներկայիս սակագներին: Այսօր պետպատվերի համակարգում սովորող ուսանողը մեկ տարի հանրակացարանում բնակվելու համար վճարում է 13.000 դրամ, իսկ վճարովի համակարգի ուսանողը՝ 20.000 դրամ:
Այսպիսով` կառավարությունը ուսանողական հանրակացարանը վերանորոգելու իր բարի ցանկությամբ ոտնահարում է մարզերի անապահով ուսանողների կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը: ՀՀ Սահմանդրության 35-րդ հոդվածը հստակ նշում է. «Յուրաքանչյուր քաղաքացի ունի կրթության իրավունք»: Ի դեպ, մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուսանողական տարիներին հանրակացարանում է ապրել ոչ միայն նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այլեւ մեր բարձրաստիճան պաշտոնյաների 60 տոկոսը:
«Զեյթուն» ուս. ավան հանրակացարանում բնակվող մարզերի անապահով ընտանիքների ուսանողները, ովքեր ամբողջ ամառն անցկացրին բողոքի ակցիաներ կազմակերպելով եւ Բժշկական համալսարանին հանձնված հանրակացարանի 5-րդ մասնաշենքի իրենց սենյակները հսկելով, պատրաստվում են իրենց պայքարը շարունակել սեպտեմբերի սկզբին, երբ մայրաքաղաք կժամանի մարզերի անապահով ուսանողների նոր հոսք:
Մեկնաբանել