HY RU EN

Գագիկ Աղբալյան

Ի՞նչ սպառնալիքներ է ստացել «Լիդիանը» բնապահպաններից. պարզաբանումներ ոստիկանությունից ու ՀԲՃ-ից

Այսօր առավոտյան ոստիկանության Կենտրոնականի բաժնից զանգահարել են Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Լեւոն Գալստյանին ու հայտնել, որ Ամուլսարի հանքը շահագործել ցանկացող «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները դիմել են իրենց այն հարցով, թե իբր Լեւոն Գալստյանն ու իր համախոհները սպառնալիքներ են հնչեցրել ընկերության հասցեին:

Ինչպես «Հետք»-ը պարզեց, զանգահարողը եղել է ոստիկանության Կենտրոնականի բաժնի հետաքննիչ Արտյոմ Ավակիմյանը: Նա Գալստյանին հայտնել է, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստում այդ դիմումի հիման վրա եւ ՀԲՃ համակարգող խմբի ներկայացուցչին հրավիրել բացատրություն տալու։ Լեւոն Գալստյանը հրաժարվել է ներկայանալ ոստիկանություն, պահանջելով ծանուցագիր ուղարկել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից «Հետք»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ սեպտեմբերի 9-ին Կենտրոնականի բաժին դիմում է ստացվել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ից այն մասին, որ ֆեյսբուքյան որոշ օգտատերեր իրենց գործողություններով մարդկանց հրահրում են ընկերության աշխատակիցների եւ գույքի դեմ ուղղված հակաօրինական գործողություններ կազմակերպելուն: Դիմումի հիման վրա այս պահին ստուգումներ են իրականացվում, որի շրջանակներում էլ Լեւոն Գալստյանն այսօր կծանուցվի եւ կհրավիրվի ոստիկանություն: Մեր հարցին՝ Գալստյանը որեւէ կարգավիճակ ունի՞, ոստիկանությունից պատասխանեցին՝ ոչ, նա ընդամենը հրավիրվում է բացատրություն տալու:

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ հանրային կապերի բաժնից փորձեցինք պարզաբանում ստանալ, թե կոնկրետ ինչն են համարում սպառնալիք, ովքեր եւ ինչ կոչերով կամ գործողություններով են հակաօրինական գործողությունների ուղղորդել մարդկանց: Բաժնի մասնագետը ասաց, որ հնարավոր է՝ ընկերությունը հանդես գա մամլո հաղորդագրությամբ:

ՀԲՃ նախաձեռնող խմբի անդամ Լեւոն Գալստյանը «Լիդիան»-ի նամակը «Հետք»-ի հետ զրույցում մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Ֆեյբուքում երեւի 800 հազար օգտատեր կա ու ինչ ասես կարող են գրել ու մեկնաբանել։ ՀԲՃ-ն՝ այլ, ոչ անտարբեր կազմակերպությունների, ոլորտի մասնագետների ու անհատների հետ միասին, մշտապես հանդես է եկել եւ շարունակելու է հանդես գալ այս Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի անթույլատրելիության մասին տարբեր նախաձեռնություններով՝ բացառապես միջազգային իրավունքի եւ ՀՀ օրենսդրության շրջանակներում»։

Ինչպես ավելի վաղ գրել էինք, «Համահայկական բնապահպանական ճակատը» մտադիր է Սեւանա լիճը, Ջերմուկ առողջարանային քաղաքն ու Վայոց Ձորի էկոհամակարգը Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր աղտոտումից փրկելու նպատակով ձեռնարկել գործողությունների մեծ շարք: Չի բացառվում, որ նաեւ սա է անհանգստացնում «Լիդիան Արմենիա» ընկերության սեփականատերերին: