HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բյուրականում համայնքապետի ղեկավարի ընտրություններում պայքարում են նախկին և գործող գյուղապետերը և մեկ անկուսակցական թեկնածու

Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը շուտով կավարտվի, սակայն բնակիչներից շատերն անգամ չգիտեին, որ այս պահին քարոզարշավ է ընթանում: «Գյուղացին ի՞նչ գիտի՝ քարոզարշավն ինչ բան ա: Կարեւորը գիտեն, որ կիրակի ընտրություններ ա»,-մեզ հետ զրույցում ասաց Բյուրական համայնքի գործող ղեկավար Զարզանդ Բաբայանի քարտուղարը՝ Ասատուր Գեւորգյանը: ՏԻՄ ընտրություններին Բյուրական համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու՝ Հրաչյա Ավագյանը, ով 28 տարի եղել է համայնքի ղեկավար, անկուսակցական Սուրեն Վարդանյանը եւ գործող համայնքապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Զարզանդ Բաբայանը:

Ով կընտրվի համայնքի ղեկավար հարցին բնակիչներից ոմանք ասում էին՝ «Դե էլի գործողն է լինելու, այսինքն՝ ինքը նորից դրել է իր թեկնածությունը»:

Քարոզարշավի սկզբին մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, թե Բյուրականում ահուսարսափի մթնոլորտ է: Մեզ հետ զրուցած բնակիչները չհաստատեցին այդ հանգամանքը, բայց մեծ մասը չցանկացավ ներկայանալ իր անուն, ազգանունով:

«Անհիմն ահազանգերը կապում ենք հեղինակազրկելու հետ, վատը ներկայացնելով՝ մարդիկ ընտրել են ընտրարշավ անելու այդ եղանակը: Իսկ, եթե մենք ահաբեկիչ ենք, ժողովուրդն էլ՝ահաբեկված, բա տեր չկա՞ գա հետաքրքրվի»,- ասաց գործող համայնքապետի տեղակալ Արտաշես Մկրտչյանը:

Բնակիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, ընտանիքի հետ գյուղից մեկնել էր Ռուսաստան, այսօր ժամանակավոր վերադարձել է գյուղ: Ընտրություններին պատրաստվում է մասնակցել. «Թող արդար լինի, ով ուզում է ընտրվի: Նախորդին ձայնս տվել էի Հրաչյա Ավագյանին: Հիմա ով էլ որ լինի, թող գյուղի համար լավ բաներ անի: Այս ընթացքում ես մեծ փոփոխություններ չեմ տեսել: Ովքեր մեկնել էին Ռուսաստան աշխատելու ու գործերն էլ լավ է եղել, օգնել են, գյուղում կանգառներ են սարքել…»:

Արագած Հարությունյանն, ում մտահոգություններից առաջնայինը աշխատանքի հարցն էր եւ այս տարի բերք չունենալը, փորձեց դրա մասին մի քանի րոպե մոռանալ ու քննարկեց երեք թեկնածուներին էլ. «Բաբայանը ջուր է բերել տները, լույս քաշել, կանգառ սարքել, դպրոցում երեխեքին տապչկայով, գրքով, տետրով նայում է: Ավագյանն ամոթ էլ է, որ թեկնածությունը նորից դրել է, երեւի ուզում են պապական նախագահ դառնալ: Իր մոտ մի թղթի համար գնում էինք, ամիսներով չէր տալիս, իսկ Բաբայանի ժամանակ «սրազու» սպասարկում են: Իսկ Սուրիկը, դե խելոք տղա է, դե նրան չգիտենք, թե ինչ գործեր կարող է անել»: Համայնքի ղեկավարի թեկնածու Սուրեն Վարդանյանի շտաբն իր բնակարանն էր:

Մինչ ծրագրերի մասին խոսելը՝ նախ հպարտությամբ մեզ պատմեց իր նորարարության մասին. «Տեսեք, արեւային հոսանք եմ ստանում, բակս լուսավորում եմ ու գումար տնտեսում: Արեւից ձրի հոսանք»: Եթե անգամ համայնքի ղեկավարի պաշտոնը չստանձնի, խոստանում է՝ այս գաղափարը կփոխանցի համայնքի ղեկավարին: Նրա ծրագիրը կազմված է երկու մասից՝ առաջնային հարցեր եւ հեռանկարային. «Հեռանկարայինն ավելի գլոբալ է, որը ֆինանսական մեծ աջակցության հետ է կապված: Երիտասարդության նկատմամբ ավելի ուշադիր պետք է լինենք. աշխատատեղեր ստեղծենք: Միշտ էլ կարելի է հասնել առավելագույնին: Բյուրականը միշտ ունեցել է շատ լավ ավանդույթներ, երեւի արտագաղթն է պատճառը, որ մի քիչ նստել է Բյուրականը, թե չէ միշտ բարձր անուն է ունեցել: Համայնքի ղեկավար դառնալը կյանքիս նպատակ չի եղել, այլ հիմա ուզում եմ իմ փորձը ներդնել»:

Այն հարցին, թե արդյոք ընտրակեղծիքներ չեն լինում, պատասխանեց. «Որ ասես՝ լրիվ արդար ա, իդեալական, տենց բան չկա: Խախտումներ լինում են՝ մանր-մունր բաներ, բայց արտառոց բաներ չունենք: Ես էսօր ամբողջ օրը ինտերնետը նայել եմ, սովորական լարվածություն ա, որը բոլոր տեղերի բնակիչների մոտ էլ կա, ընտրությունները կանցնի, լարվածությունն էլ հետը»:

Սուրեն Վարդանյանը թեկնածուներից միակն էր, ով իր պաստառը «Բյուրականը դարձնենք օրինակելի համայնք» նշանաբանով փակցրել էր համայնքի որոշ տարածքներում:

Գործող համայնքապետ Զարզանդ Բաբայանը պատրաստ է լրագրողների հետ զրուցել սեպտեմբերի 19-ից սկսած: Համայնքապետի տեղակալից փորձեցինք տեղեկանալ Բյուրականում կատարված եւ կատարվելիք աշխատանքների մասին: Ի պատասխան՝ համայնքապետարանի գործավարուհին ասաց. «Էն ցուցակը մի հատ տպի»:

Այստեղ նշված էին չորս տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Զարզանդ Բաբայանի տեղակալը՝ Արտաշես Մկրտչյանն ավելացրեց. «Բյուջեում՝ ֆոնդային մասում, չորս տարվա արածից հետո մենք 52 մլն կուտակել ենք, որը կարեւոր հարցերի համար կօգտագործվի, օրինակ՝ ֆիլտրած ջրի համար: Սպորտի խնդիր կա եւ նպատակ ունենք սպորտդահլիճ կառուցել, որ սպորտով զբաղվողները ոչ թե Աշտարակ գնան, այլ այստեղ զբաղվեն»:

Համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրված թեկնածու Հրաչյա Ավագյանի հետ եւս փորձեցինք խոսել, սակայն մի քանի անգամ խուսափեց հարցազրույց տալ: Բյուրական համայնքում ՏԻՄ ընտրություններին կգործի երկու ընտրատեղամաս, որոնց հանձնաժողովի նախագահները գործող համայնքապետի քարտուղարն ու տեղակալն են:

Մարինե Խաչատրյան

Մեկնաբանություններ (1)

Anna Hovhannisyan
Հարգելի Մարինե Խաչատրյան,իսկ ինչու՞ չեք անդրադարձել այն հացին,որ հանձնաժողովում Հ.Ավագյանի ներկայացուցիչները չունեին լիցենզիա,կամ բոլոր այն կեղծիք փաստաթղթերը,որոնք Ձեզ ներկայացվել են համայնքապետարանում: Աշխատեք այպես,որ բնակրությունը նույպես վստահի ու հարգի լրագրողի աշխատանքը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter