
Ցմահ դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատման դիմումը մերժվել է
Ամալյա Մարգարյան
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր ցմահ ազատազրկման դատապարտված Ալիկ Գևորգյանի բողոքն ընդդեմ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի:
Ալիկ Գրիգորյանը, ըստ մեղադրանքի, լինելով Արմեն Տեր-Սահակյանի «բանդայի» անդամ, մասնակցել է հանացավոր գործողությունների, որի հետևանքով դատապարտվել է մահապատժի, այնուհետև ցմահ ազատազրկման:
Այսօր 18 տարի լինելով անազատության մեջ` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը մերժում է նրա ՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու դիմումը:
Դատական նիստի ընթացքում Ալիկ Գրիգորյանը ներկայացրեց, որ վերջին հինգ տարիների ընթացքում կարգապահական որևէ տույժի չի ենթարկվել, ընդ որում ավելացրեց, որ իր բնութագիրն այնպես են կազմել, որ իրեն նման չէ:
«Անուն-ազգանունն իմն է, բայց բնութագիրն իմ մասին չէ»,- ասաց Գրիգորյանը:
Գրիգորյանի` դատարանում շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանը ներկայացրեց, որ հնարավոր է սխալ հոդվածներ նշելը վրիպակ լինի: «Ալիկ Գրիգորյանին վերագրված հոդվածները չեն վերաբերում իր դատավճռին, չենք ասում, որ դա տեղի է ունեցել միտումնավոր, հնարավոր է` տեխնիկական վրիպակ է, սակայն վկայում է այն մասին, որ քրեակատարողական հիմնարկի որոշումը պատճառաբանված չէ, և դատապարտյալի պատիժը կրելու ընթացքը և վաղաժամ ազատման գործընթացքը իրականում կրում է ձևական բնույթ: Պարզ չէ նաև, թե ինչի հիման վրա է Ալիկ Գրիգորյանը բնութագրվում բացասական և որևէ պատճառաբանություն չկա, թե ինչու է քրեակատարողական հիմնարկը մերժել նրա դիմումը»,-ասաց փաստաբանը:
Դատարանի դահլիճում Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը, պատճառաբանելով Ալիկ Գրիգորյանի դիմումի մերժման հիմքերը, ներկայացրեց, որ Ալիկ Գրիգորյանը 2011թ. ենթարկվել է երկու կարգապահական տույժի, որոնք դիտվել են որպես չարամիտ խախտումներ:
«Քրեակատարողական հիմնարկը, ուսումնասիրելով դատապարտյալի անձնական գործերը, նրա վարքագծի թերթիկից կազմված բնութագիրը, պարզել է, որ դատապարտյալը մեկ տարում 2 անգամ ենթարկվել է կարգապահական տույժի, որը դիտվել է որպես չարամիտ խախտում»,- ասաց Արմեն Պետրոսյանը:
2 տույժերից մեկը եղել է բջջային հեռախոսը, որը խցերի հետախուզման ժամանակ կամովին հանձնել է դատապարտյալը:
Դիմումի մերժման հիմք է հանդիսացել նաև այն, որ Ալիկ Գրիգորյանը 1998թ. արված ռիսկայնության գնահատման արդյունքում համարվել է բարձր ռիսկայնություն ունեցող և հնարավոր փախուստի փորձ կատարող անձ:
Նիստի ընթացքում Ալիկ Գրիգորյանը ավելացրեց նաև, որ Նուբարաշենի աշխատողները իրենց հետ համապատասխան աշխատանք չեն կատարում և անգամ չգիտեն, որ իրենց խցում արդեն 15 օր Արմեն Տեր-Սահակյանը հացադուլ է հայտարարել:
Ալիկ Գրիգորյանը նշեց նաև, որ ցանկանում է ազատ արձակվել, որպեսզի կարողանա իր տղային, ով «թուրքի դիպուկահարից» վիրավորում է ստացել, բուժման տանել:
Այս գործով հաջորդ դատական նիստը կլինի սեպտեմբերի 23-ին:
Մեկնաբանել