HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Տուգանք` առանց հիմնավորման. «Գազպրոմ Արմենիա»-ն բնակչին մեղադրում է հաշվիչի մեջ յուղ լցնելու համար

Հուլիսի 14-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատողները ապամոնտաժել են Երևանի Ոսկանյան 23 բնակարանի գազահաշվիչը և տեղափոխել հերթական փորձագիտական հետազոտության: Թեև տեսուչները արձանագրել են, որ արտաքինից թերություն չկա և կնիքները անվնաս են, հետազոտությունը ցույց է տվել, որ գազահաշվիչի մեջ առկա է յուղ: Հիմք ընդունելով փորձագիտական եզրակացությունը, որ յուղի առկայության պատճառը եղել է արտաքին միջամտությունը, «Գազպրոմ Արմենիա»-ն կատարել է վերահաշվարկ և բնակիչներին ներկայացրել 70 000 դրամի ծախս:

Ոսկանյան 23-ի բնակիչ Լուսինե Կարապետյանը հիմնավորված չի համարում ընկերության որոշումը այն մասին, որ արտաքին միջամտություն անողը և խախտման մեղավորը ինքն է: Նա պահանջում է պատասխանել այն հարցին, թե ինչպես կարող էր յուղ լցնել մի հաշվիչի մեջ, որի և´ ներսի, և´ արկղի կնիքներն անվնաս են:

Լուսինեն անհասկանալի է համարում նաև վերահաշվարկի անհրաժեշտությունը, երբ փորձագիտական հետազոտությունը արձանագրել է, որ գազահաշվիչը գործում է անսխալ, և միակ թերությունը եղել է այն, որ սարքի մեջ առկա է յուղ:

Այս հարցերի վերաբերյալ նա դիմում է գրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Հարությունյանին: Նամակում նշել է նաև, որ նախորդ 5 տարիներին գազի ծախսի էական տատանումներ չեն եղել: «Գազպրոմ Արմենիա»-ն այդպես էլ չի պատասխանել բաժանորդի հարցին, թե ինչպես կարող էր արտաքին միջամտությամբ յուղ լցվել երկու անվնաս կնիք ունեցող հաշվիչի մեջ: Ընկերության փոխտնօրեն Արարատ Գևորգյանը պատասխան նամակով հայտնել է միայն, որ ընկերությունը բաժանորդին չի ազատի «պատճառած վնասի փոխհատուցման պատասխանատվությունից», քանի որ «խախտումը առաջացել է որևէ անձի ներգործությամբ և կարող էր ազդել գազահաշվիչի աշխատանքի վրա»:

Լուսինեն պահանջում է հիմնավորել, որ տան դարպասից դուրս տեղադրված հաշվիչի աշխատանքին միջամտած «որևէ» անձը հենց ինքն է, իսկ խախտումը ազդել է հաշվիչի աշխատանքի վրա:

Նա ենթադրում է, որ յուղի առկայությունը կարող է հետևանք լինել ոչ մարդկային միջամտության կամ փականագործների անփութության: Հաշվիչի արկղի կնիքը փոխվել է մեկ անգամ` 2014թ-ի ապրիլին` գազի արտահոսքի վերացման նպատակով: Լուսինեն ենթադրում է, որ յուղը կարող էր ներթափանցած լինել հենց այս ժամանակ: «Գազպրոմ Արմենիա»-ն պատասխանում է, որ ընկերության աշխատակիցները նմանատիպ աշխատանքների ժամանակ յուղ չեն օգտագործում:

Ընկերության պատասխանը

«Հետք»-ի հարցմանը պատասխանելիս «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կրկին հղում է արել փորձագիտական եզրակացությանը, որտեղ նշվում է արտաքին միջամտության մասին:

«Իսկ թե ի՞նչ միջոցներով կարող էր յուղը ներմուծվել գազահաշվիչ, ապա դա կարող է պարզվել միայն համապատասխան մարմնի կողմից կատարվելիք քննության արդյունքում, որը մատակարարի իրավասությունների շրջանակից դուրս է»,- պատասխանել է լրատվամիջոցների հետ կապերի ծառայության պետ Շուշան Սարդարյանը:

Հաշվիչը ստուգաչափվել է «ՀայԿազմԳազ» մասնագիտացված ձեռնարկությունում: Լաբորատորիայի աշխատող Անդրանիկ Հաջողլյանը պարզաբանում է, որ ըստ էության «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից վերահաշվարկ կատարելու հիմք է հանդիսացել այն, որ փորձաքննվող հաշվիչը յուղոտ է եղել: «Եթե հաշվիչի մեջ լիներ բավականին քանակությամբ յուղ, ինքը հաստատ կազդեր հաշվիչի աշխատանքի վրա:- «Հետք»-ի հետ զրույցում ասում է մասնագետը` չբացառելով, որ յուղը կարող էր դատարկված լինել մինչև տեղափոխումը,- Թե ով է մեղավոր, մենք արդեն չենք ասում. մենք մենակ ասում ենք, որ սա (յուղի առկայությունը – խմբ.) եղել է կամ չի եղել»:

Իսկ թե ինչու է վերահաշվարկ կատարվել` չնայած այն հանգամանքին, որ հաշվիչը գործել է անսխալ, «Գազպրոմ Արմենիա»-ն պատասխանել է, որ «այդպիսի շատ դեպքերում բաժանորդը գազ է սպառում հաշվիչի հաշվառման մեխանիզմի լրիվ կամ մասնակի շրջանցմամբ»:

«Հաշվիչի ներսում յուղի առկայությունը կարող է շրջակա միջավայրի ջերմաստիճանի տատանումներից կախված (հիմնականում ձմռան ամիսներին) զգալիորեն նպաստել հաշվիչի հաշվառման մեխանիզմի շրջանցմամբ գազի սպառմանը (բաժանորդի ծախսած գազի քանակի սխալ հաշվառմանը)»,- պատասխանել է ընկերության ներկայացուցիչը` չանդրադառնալով կոնկրետ դեպքում բաժանորդի մեղավորության հիմնավորվածությանը: Ըստ մատակարարի` խախտումը հանգեցրել է բաժանորդի ծախսած գազի սխալ հաշվառմանը, թեև փորձագիտական եզրակացության համաձայն` այն «կարող էր հանգեցնել» դրան:

Այլ դեպքեր

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հաշվառում է գազահաշվիչի խախտման բոլոր դեպքերը և տվյալներ չունի այն մասին, թե արդյոք մեծ թիվ են կազմում հաշվիչում յուղի առկայության դեպքերը:

«Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության տնօրեն Արմեն Պողոսյանը ասում է, որ ՀԿ-ն ստացել է նման բողոքներ, որոնց մեծ մասը լուծել է, իսկ մի մասը «հաղթական ավարտի» չի հասցրել: Պողոսյանի խոսքով` բնակչի մեղավորությունը պետք է ապացուցի ընկերությունը:

«Քաղաքացու պարտավորությունները ավարտվում են էդ կապարակնիքի հանգամանքով. եթե կապարակնիքները տեղում են, նա չպետք է պատասխանատվություն կրի, միանշանակ»,- «Հետք»-ի հետ զրույցում ասում է կազմակերպության նախագահը` հավելելով, որ բնակիչը պարտավոր չէ հսկել ընկերության սեփականությունը հանդիսացող հաշվիչը, միայն կարող է երբեմն ստուգել կնիքների առկայությունը:

Նմանատիպ հարցով բնակիչներից դիմումներ է ստացել նաև «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն: Կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը հիշում է երեք դեպք, որոնցից երկուսի դեպքում «Գազպրոմ Արմենիա»-ն ի վերջո ընդունել է, որ ապացուցված չէ բաժանորդների կողմից բավարար վճարումներ կատարած չլինելու հանգամանքը, և բնակիչները ազատվել են գումարը վճարելուց: Մյուս դեպքում հիմնավորվել է, որ խնդիրն ի հայտ է եկել վաղուց, ինչը, համաձայն ընկերության, կարող էր ապացուցվել հավելյալ փորձաքննություններով:

Լուսինե Կարապետյանը դիմել է նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Ասում է, որ անհրաժեշտության դեպքում դատական գործընթաց կսկսի, քանի որ չի պատրաստվում վճարել չկատարած խախտման համար:

Եթե հանդիպել եք նման խնդրի, գրեք [email protected] հասցեին կամ զանգահարեք 010 563363 հեռախոսահամարով:

Մեկնաբանություններ (1)

Գևորգ
1. Այս բնակչի փաստաբանի տեղը լինեի կհարցնեի, իսկ բնակիչը ստուգել է՞ և կա նրա ստորագրությունը, որ մինչև կապարակնքումը յուղ չի եղել: Չկա հանձնում -ընդունում, չկա նաև պատասխանատվություն: 2. Եթե հաշվիչը դրսում է, ինչու՞ է կնիքի պահպանության հարցը բնակիչի վրա: Գազպրոմը վճարում է՞ դրա համար: Չէ որ ցանկացած ոք, երեխաները, անցորդները, նեղացած հարևանները, կարող են պոկել կնիքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter