HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամեն սեպտեմբեր բանտերում «փափուկ բարձ» են բաժանում

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Բանտի պաշտոնյաներից մեկը լուրջ դեմքով քայլում է զբոսախցերի վերևի մասով, նայում ներքև` վանդակների մեջ «զբոսնող» դատապարտյալներիս: Բարևում է, որոշների որպիսությամբ հետաքրքրվում: Մեկ էլ, թե. «Գիտեք, չէ՞ մինչև տարվա վերջ 11 ցմահ դատապարտյալի հարց կլուծվի, ներում կամ համաներում ա լինելու...»:

Անմիջապես հիշում եմ, թե անցած 20 տարիների ընթացքում քանի-քանի անգամներ են նման սուտ լուրեր տարածել, ասես, մի կենտրոնից հրահանգ ստացած` փափուկ բարձ դնեն գլխներիս տակ:

Սողոմոնին նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաներ էին այցելել. «Գիտե՞ս, Սողոմո՛ն, ցուցակ կա, մի քանիսին ներում է շնորհվելու, էդ ցուցակում դու առաջին տեղում ես»:

Սա դեռ 2004 թվականին, այսինքն՝ մեր առաջին փախուստից առաջ: Սպասեցի՛նք, սպասեցի՛նք, բայց որքան էլ հարմար լինի փափուկ բարձին գլուխը դնել, մեկ է, մի օր արթնանում ես:

Արդեն անգիր գիտեմ՝ բանտերում «փափուկ բարձ» բաժանում են սեպտեմբերին ու մայիսին՝ տոներից առաջ: Նորեկները, նույնիսկ հնաբնակները շարունակում են հավատալ-սպասել, մինչև «փափուկ բարձը» գլխի տակից հանում են:

-Մհե՛ր,- ձայն տվեցին կողքի զբոսախցից,- էդ 11 ցմահների ազատման պահը ճի՞շտ ա...

-Չեմ կարծում, սեպտեմբերի 21-ը կգա-կանցնի, համակարգին պետք ա բանտերում մարդկանց երկար հույսով պահի` փափուկ բարձ դնի գլխներիս տակ ու վերահսկի: Հնարավոր ա՝ համաներում  լինի, միգուցե ներումներ էլ, բայց ցմահներին չի վերաբերի: Նախագահը ներում շնորհում ա մենակ ծանոթ-բարեկամներին, ավելի լավ ա հույս մի դրեք…

Բայց ո՞նց մարդիկ ապրեն առանց հույսի: Հինգերորդ տարին է՝ ԱԺ-ում կա մի նախագիծ, համաձայն որի ցմահների ռեժիմի փոփոխությունը պետք է սկսվի ոչ թե 20, այլ 15 տարի անց: Հենց ցմահների բաժնում հացադուլ են սկսում, պաշտոնյաներ են այցելում են և էլի «փափուկ բարձ» բաժանում: Բանտի ու վարչության աշխատակիցներն էլ իրենց հերթին տարատեսակ մեթոդներ են կիրառում, որ հացադուլը դադարի: Օրինակ` մի տարեց դատապարտյալ անձամբ ինձ պատմեց, որ բանտի աշխատակիցը սպառնացել է, որ հարազատների հետ երկարատև հանդիպում չեն տրամադրի, եթե չդադարեցնի հացադուլը: Ընդհանրապես Հայաստանում հացադուլը, որպես պայքարի միջոց արժեզրկել են հենց իշխանությունները: Հացադուլի իմաստը նրանում է, որ քաղաքացին այլ ելք չունենալով իր իրավունքները պաշտպանելու` հրաժարվում է հաց ուտելուց, այսինքն` ցույց է տալիս` այն աստիճան հուսահատ իրավիճակ է, որ առուղջությունն է պատրաստ վտանգել` դանդաղ գնալով դեպի մահ: Եվ ի՞նչ: Իշխանությունները թքած ունեն քաղաքացու առողջության և կյանքի վրա, էլ ուր մանց՝ նրանց իրավունքները պաշտպանեն: Դե արի ու մի խելագարվի: Ցմահներից ոմանք խելագարվում են…

Այդպիսի մի սեպտեմբեր անցավ դեռ հեռավոր 90-ականների վերջին: 4 հոգով էինք խցում` երկու երիտասարդ և երկու տարեց: Վերջիններից մեկը արթնացավ` սեպտեմբերյան «փափուկ բարձից» հանեց գլուխը.

-Մհեր, ի՞նչ գիտեիր, որ ոչ մի բան էլ չի լինելու. թողեիր` հույսով ապրեինք էլի, - ջղայնացած ասելով ու սպառնացող հայացքով եկավ դեպի իմ կողմ,- նստի շախմատ խաղանք գրազով:

-Դու գիտես, որ ես գրազով չեմ խաղում, - ասում եմ ու զգում, որ էս մարդու հոգեկանը ոնց-որ խախտվում է, ու չեմ սխալվում…

-Չէ՛, պտի խաղաս, զուգարանի վրա ենք խաղում…

Մյուս խցակիցներն էլ ոտքի կանգնեցին այս տարօրինակ առաջարկի վրա ու նրանցից մեկը հարցնում է.

-Բայց ո՞նց ես պատկերացնում զուգարանի վրա գրազ գալը:

-Ով կրվի, զուգարանից էլ չի օգտվելու, - այսպես ասաց սեպտեմբերյան ներումին չարժանացած հուսախաբ բանտարկյալը:

-Բա ի՞նչ պետք ա անի այ մարդ, պատկերացնու՞մ ես` դու կրվես, - հարցրեց իր հասակակիցը:

-Նստի` խաղանք, - ասացի ես ու սկսեցի շարել շախմատի ֆիգուրները:

Խաղից առաջ երկու վկաների ներկայությամբ նորից նա հստակեցրեց գրազի պայմաննեը: Խաղացինք: Պարտվեց: Բոլորը լուռ էին: Նա վեր կացավ, գնաց պառկեց իր մահճակալին և 24 ժամ չէր շարժվում, միայն աչքերն էր մեկ-մեկ բացում, նայում առաստաղին: Հաց չէր ուտում, որ զուգարանի կարիք չունենա: Իր տարեց ընկերոջն ասացի.

-Ի՞նչ անենք, արի միասին համոզենք, որ կատակ էր, անցավ գնաց:

24 ժամ էլ խցակիցներով համոզում էինք, որ իր առաջարկն ի սկզբանե հիմարություն էր, և բոլորս էլ որպես կատակ ենք ընկալել, բայց նա համառում էր.

-Ես 28 տարի սիբիրների գաղութներում եմ նստել, ոչ մի անգամ «ֆուֆլո» չեմ եղել (այդպես են ասում նրան, որ խոսքի տերը չի լինում, կրվում է ու պարտքը չի կարողանում տալ), հիմա 60 տարեկանում սաղ անցած ճամփես, ճակատագիրս ջու՞րն ընկնի…

Իր տարեց ընկերը շարունակում էր ջանքեր գործադրել.

-Ա՛յ մարդ, ով էր քեզ խնդրել հիմար գրազ առաջարկել, ջահելը (ինձ նկատի ուներ) հազար անգամ ասեց, որ հիմարություն ես առաջարկում, բայց դու` չէ՛, որ չէ՛, պիտի խաղանք, դե՛, ուրեմն գնա, հա՛, տակդ արա, սաղ կամեռն էլ…

Ես վերջին անգամ նորից ասացի, որ իր առաջարկը կատակ եմ ընդունել ու կատակով էլ խաղացել ենք: Գնաց մի քանի ժամ քնեց կամ ուղղակի պառկած էր: Հետո, երբ բոլորս քնեցինք, ինչպես պատմում էր իր ընկերը, ով արթնացել և նկատել էր, սիբիրյան գրազ եկող կալանավորը դանդաղ քայլերով գնացել էր զուգարան… Այլևս չէինք խոսում այս մասին:

Ահա, թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ «փափուկ բարձի» քաղաքականությունը, երբ մարդիկ հուսախաբվում են, բացի այդ` չեն ունենում աշխատանք, օգտակար զբաղմունք, բարիք ստեղծելու պարտականություն, հարազատներին տեսակցելու հնարավորություն:

Հ.Գ. Ճիշտն ասած, խուսափում եմ վերհիշել բանտային անցած տարիների պատմությունները, առաջ եմ նայում ու բանտում գտնվելով էլ` հիմնականում ապրում եմ դրսի կյանքով, ժամանակ էլ չունեմ, այնքան, որ զբաղված եմ դասերով, աշխատանքով, իմ դատական գործերով… Ուշացումով կարդում եմ բոլորիդ մեկանաբանությունները… Գագիկ ջան, ճիշտ գիտեք` խցում երկուսով ենք, բայց այլ բախտակիցներից որոշների հետ առնչվում ենք, օրինակ զբոսահրապարակներում իրար ձայն լսելով, կամ պաղպաղակ փոխանցելով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter