Նոր Խարբերդում ընտրողներին ուղղորդելու փորձեր են արվում (թարմացվող)
Աննա Կարապետյան
Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 16/1 ընտրատեղամասոում, որը տեղակայված է մշակույթի տանը, այսօր ընտրում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների։
Համայնքի ղեկավարի թեկնածուներն են գործող համայնքապետ Կամո Կակոյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Արթուր Զոհրաբյանը։ Վերջինս Հայաստանի կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «ՄԱՍԻՍ» սպասարկման գրասենյակի պետն է։
Նոր Խարբերդ համայնքում կա երեք ընտրատեղամաս: Մշակույթի տանը գործող 16/1 ընտրատեղամասում մինչ այժմ ընտրությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 1937 քաղաքացիներից 140-ը:
«Հետք»-ի թղթակիցը հայտնում է, որ ընտրատեղամասից ոչ հեռու կանգնած են մի խումբ անձիք: Ընտրողներից շատերը, մինչ տեղամաս մտնելը, մոտենում են լուսանկարում պատկերված վարդագույն վերնաշապիկով քաղաքացուն, որը նախ մշակույթի տան ներսում էր, հետո ընտրության ընթացքին սկսեց հետևել դրսից:
Ընտրողներին ուղղորդելու փորձ էր անում մեկ այլ երիտասարդ ևս, որը թեև արդեն օգտվել էր ընտրելու իր իրավունքից, սակայն փորձում էր ընտրատեղամաս մտնել այլ ընտրողների հետ: Մանրամասները` տեսանյութում:


Ընտրության ընթացքին ընտրատեղամասի ներսից և մոտակա տարածքից հետևող քաղաքացին ավելի ուշ ներկայացավ որպես ավագանու անդամի թեկնածու` Միսակ Թովմասյան անունով: ԿԸՀ տեղեկության համաձայն` նա անկուսակցական է, ընտրությանը ինքննաառաջադրվել է:
Մի այլ խմբի հանձնաժողովի անդամները խնդրեցին դուրս գալ ընտրատեղամասից, քանի որ նրանք ընտրողներ չէին և չունեին անձնագրեր: Տեղամասից դուրս գալուց հետո, սակայն, նրանք մնացին դրա մուտքի մոտ:

Ընտրատեղամասում պարզվեց, որ տարեց մի ընտրողի օգնող քաղաքացին նախապես չի գրանցվել` ընտրողին օգնելու համար: Այդ մասին «Հետք»-ի թղթակցի հարցից հետո միայն հանձնաժողովի անդամները գրանցեցին նրան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել