HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնի տարածաշրջանում անասնագողեր են հայտնվել

Ոստիկանության Էջմիածնի բաժինը տարածաշրջանի համայնքապետերին զգուշացրել է ուշադիր լինել, քանի որ անասնագողության դեպքերն ավելացել են գյուղերում: Գյուղացիներն էլ սկսել են ամբողջ գիշեր անասնագոմի մոտ պահակություն անել, որ գողերն իրենց էլ «չայցելեն»:

Արդեն Արագած եւ Գեղակերտ գյուղերից գողացել են 2-ական գլուխ ցուլ: Չի բացառվում, որ գողերն այլ համայնքների անասուններին էլ թիրախի տակ վերցնեն, քանի որ հանցագործությունները դեռ բացահայտված չեն:

Արագածի համայնքապետ Աշոտ Կամավոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ  լույս նոյեմբերի 1-ին` ժամը 4-5-ի մոտակայքում, անհայտ անձինք, մուտք գործելով Արագած գյուղի բնակիչ Մարսելյուս Սայադյանի անասնագոմ, գողացել են 2 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ: Դեպքը գրանցվել է ոստիկանության Էջմիածնի բաժնում: Ըստ համայնքապետի` գյուղացուն պատճառվել է մոտ 700 հազար դրամի նյութական վնաս:

«Գոմը հենց տան հարեւանությամբ է: Գողերը մտել են բակ, ներսից բացել են դուռը, այնուհետեւ մտել են գոմ, որտեղից էլ բացել են փողոցի կողմի դուռն ու անասուններին քշելով` տարել են»,-ասում է Աշոտ Կամավոսյանը:

Գեղակերտի համայնքապետ Սերյոժա Առաքելյանը նույնպես ասաց, որ մոտ մեկ ամիս առաջ համայնքում կատարված անասնագողությունը արձանագրվել է ոստիկանությունում, սակայն առայժմ արդյունք չկա:

Սցենարը կարծես թե նույնն է: Գողերը մուտք են գործել անասնագոմ եւ տարել 4 գլուխ ցուլ: Ըստ Սերյոժա Առաքելյանի` գողության հետեւանքով գյուղացուն պատճառվել է մոտ 1,5 մլն դրամի նյութական վնաս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter