HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծաղկահովիտցիները ակտիվ մասնակցում են ընտրություններին. թեկնածուներից մեկը Արայիկ Խանդոյանն է

Հերմինե Վիրաբյան

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի տեղական ինքնակառավարման մարմիների ընտրություններին 12:30-ի դրությամբ ընտրություններին մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 1609 քաղաքացիներից 360-ը։

Ըստ հանձնաժողովի նախագահ Մնացական Պողոսյանի (ՀՀԿ)` ընտրություններն անցնում են հանգիստ։ Մարդկանց մոտ նկատվում է ակտիվություն։ Գյուղի 14/1 միակ ընտրատեղամասի առջև կան մարդկային կուտակումներ։ Տեղամասի ներսում համեմատաբար հանգիստ է։ 

Համայնքի ղեկավարի թեկնածություն են առաջադրել 4 անձ՝ 2012 թվականից գործող ղեկավար Երվանդ Խաչատրյանը (ՀՀԿ), Արցախյան պատերազմի մասնակից և «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ, անկուսակցական Արայիկ Խանդոյանը,  անկուսակցական Նորաին Հակոբյանը։ Երեք թեկնածուներից 2-ը ինքնաառաջադրվել են, և միայն գործող ղեկավարը առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից։ Թեկնածություն էր առաջադրել նաև  Նորաին Հակոբյանի եղբայր Աշոտ Հակոբյանը (ԲՀԿ), որը ինքնաբացարկ է հայտարարել։ 

Իսկ ավագանու անդամի թեկնածություն են առաջադրել 8 անձ՝ Արամ Ասլանյանը, Դավիթ Ավետիսյանը, Կորյուն Ավետիսյանը, Վահրամ Բեսալյանը, Հայրիկ Հովհաննիսյանը, Արամ Ղազարյանը, Ռոբերտ Ներսիսյանը, Ստալ Սարդարյանը։ Բոլոր թեկնածուները անկուսակցական են։ Թեկնածուներից հինգը ինքնաառաջադրվել են, և միայն Վահրամ Բեսալյանը և Արամ Ղազրանը առաջադրվել են ՀՀԿ-ի կողմից։ 

Ի աջակցություն այժմ կալանավորված Արայիկ Խանդոյանի գյուղում կարելի է հանդիպել վերջինիս պատկերով շապիկներ հագած բնակիչների։ Նրա աջակիցները ոչ միայն ընտրելու իրավունք ունեցող գյուղացիներն են, այլև երեխաները և պատանիները։ Ըստ գյուղացիների՝ իրենք տրամադրված են մարտական, և շատ ուրախ են Արայիկ Խանդոյանի թեկնածության փաստով։



Արայիկ Խանդոյանի եղբոր կինը՝ Սոնա Թամարյանը, որպես ՀԱԿ-ի կողմից ներկայացված թեկնածու, նշանակվել է Ծաղկահովիտի տեղամասային ընտրահանձնաժողովի անդամ: Մինչ այդ Սոնան փորձել էր առաջադրվել, որպես ՀՅԴ ներկայացուցիչ, ինչն էլ մերժվել էր։

Խանդոյանի համախոհների հավաստմամբ` սեպտեմբերի 14-ին Ծաղկահովիտ համայնքում Արայիկ Խանդոյանի նախընտրական երկու պաստառներից մեկը ոստիկանների ապօրինի պահանջով հանել են։

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արայիկ Խանդոյանը սեպտեմբերի 18-ին առաջադրել էր իր թեկնածությունը՝ սեպտեմբերի 18-ին Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում, ինչն էլ հաստատել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ 



«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը հորդորել էր  «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանին հանել իր թեկնածությունը Ծաղկահովիտի գյուղապետի ընտրություններից: Սակայն ավելի ուշ, «Առավոտ»-ին տված հարցազրույցի ժամանակ, ասել էր, որ Արայիկ Խանդոյանը մնում է իրենց ընկերը, եղբայրը, և ոչ մի վերաբերմունքի փոփոխություն նրա նկատմամբ չկա, ինքը մնում է նույն անձը, ինչ եղել է։ Եվ Հիմնադիր խորհրդարանի քաղաքական խորհուրդը հատուկ դիրքորոշում չունի Խանդոյանի առաջադրման կապակցությամբ։

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը հուլիսի 17-ի վաղ առավոտյան պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբի 31 անդամներից մեկն է։ Հուլիսի 29-ին դիպուկահարների կրակոցից վիրավորում էր ստացել և հուլիսի 31-ի գիշերը կալանավորվել է ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու (ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 3-րդ մասով), պատանդ պահելու (218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) մեղադրանքով։

Առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ Արայիկ Խանդոյանը գտնվում է երկամսյա կալանքի տակ: Փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել կալանքը որպես խափանման միջոց փոխելու համար: Սակայն Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Խանդոյանի կալանքի վերացման վերաբերյալ բողոքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter