HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորայք համայնքում ակտիվացել է ընտրողների հոսքը

Խոշորացող Գորայք համայնքում ժամը 12:00-ից ակտիվացել է ընտրողների հոսքը, ինչի հետեւանքով ընտրողների մի մասն ստիպված է լինում դրսում սպասել: Եթե մինչ 11.00-ն Գորայքում ընտրություններին մասնակցել էր ընտրողների 9%-ը (37 ընտրող), ապա 13.00-ի դրությամբ՝ 42%-ը (125 ընտրող):

Ժամը 12.30-ի սահմաններում թիվ 37-01 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Մարինե Գրիգորյանն ընտրատեղամասում կուտակումներից խուսափելու եւ 15 ընտրողի շեմը չգերազանցելու համար ընտրողների մի մասին պարբերաբար հորդորում է դրսում սպասել:

Գորայքի 37-01 ընտրատեղամասում ընտրողների մի մասը քվեախցիկից դուրս է գալիս առանց քվեաթերթիկները ծրարի մեջ դնելու: Հանձնաժողովի անդամների ուղղորդմամբ նրանք վերադառնում են քվեախցիկ, քվեաթերթիկը ծրարում են, որից հետո մոտենում քվեատուփին: Ընտրողներից ոմանք էլ նախընտրում են առանց քվեախցիկ վերադառնալու քվեաթերթիկը տեղավորել ծրարի մեջ:

Նույն ընտրատեղամասում ժամը 13:00-ի դրությամբ հարազատների օգնությամբ ընտրություններին մասնակցել է 6 անձ, որից 4-ը տարեցներ էին եւ հարազատների վստահեցմամբ՝ չէին կարող ինքնուրույն քվեարկել: Մյուս 2-ը տեսողության խնդիր ունեին. նրանցից մեկին քվեարկություն կատարելու հարցում օգնեց դուստրը, մյուսին՝ ամուսինը:

Խոշորացվող Գորայք համայնքի ղեկավարի երկու թեկնածուներն էլ վստահված անձինք ունեն այս ընտրատեղմասում: Գորայքի գործող համայնքապետ Առուստամ Առուստամյանի վստահված անձը ընտրատեղամաս ներկայացավ ժամը 10:55-ին: Նրա մրցակից, Սառնակունք համայնքի ղեկավար Մանուչար Մկրտչյանի վստահված անձինք 08.00-ից ընտրատեղամասում են:

լրացում (20:12)

Խոշորացող Գորայք համայնքում ժամը 17.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 65 տոկոսը (897 ընտրող):

Ամենաակտիվը Սառնակունք համայնքն է, այստեղ ընտրություններին մասնակցել է 279 ընտրող, կամ ընտրողների ընդհանուր թվի 75 տոկոսը:

Ակտիվությամբ երկրորդ տեղում Գորայք համայնքն է: Այստեղ ընտրության իրավունքն իրացրել է ընտրողների 66 տոկոսը (259 ընտրող): Հաջորդաբար Սպանդարյան եւ Ծղուկ համայնքներն են, համապատասխանաբար 61 եւ 55 տոկոս (205 եւ 154 ընտրող):

Ընտրության իրենց իրավունքն իրացրել են նաեւ համայնքապետի երկու թեկնածուները՝ Առուստամ Առուստամյանն ու Մանուչար Մկրտչյանը:

 

Տաթեւիկ Սարգսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter