
Երկուսով ընտրելու դեպքեր՝ խոշորացող Վերիշեն գյուղում
Գորիսի խոշորացող Վերիշեն գյուղում շարունակվում են համայնքապետի ու ավագանու անդամների ընտրությունները: 37/10 տեղամասում ավագանու անդամ Նարեկ Օրդյանը հանձնաժողովի նախագահին հայտնեց, որ, ըստ իր տեղեկությունների, նույն մարդիկ մի քանի անգամ մտնում քվեարկում են: Հանձնաժողովի նախագահը հորդորեց նման դեպքեր տեսնելիս անմիջապես տեղեկացնել:
Նշենք, որ մինչ այդ մի մարդ փորձում էր ժամկետանց անձնագրով քվեարկել, ինչը նկատեցին հանձնաժողովի անդամներն ու թույլ չտվեցին:
11:30-ի դրությամբ, ըստ հանձնաժողովի նախագահի, քվեարկել է մոտ 100 մարդ: Ընտրողների ընդհանուր թիվն այս ընտրատեղամասում1581 է:
Ընտրատեղամասում ժամանակ առ ժամանակ նկատվում են կուտակումներ, բավական շատ են երկուսով քվեախցիկի մոտ գտնվելու դեպքերը: Պատճառը, ինչպես նշում են ընտրողները, տեսողության խնդիրներն են:
11:45-ի տվյալներով՝ արդեն 11 մարդ ուղեկցորդի հետ է քվեարկել:
Հանձնաժողովի նախագահին հարց ուղղեցինք՝ խոշորացույց չունե՞ն: Նախագահը նշեց, որ այս անգամ չեն տրամադրել, դրա համար էլ ուղեկցորդով ընտրելու դեպքերը շատ են: Փոխարենն, ինչպես ինքն է նշում, իր ակնոցն է առաջարկում ընտրողներին:
Բազմաթիվ էին նաեւ քվեարկության թերթիկը առանց ծրարի մեջ դնելու հանձնաժողովի անդամներին մոտենալու դեպքերը:
Նկատեցինք նաեւ առանց գրանցվելու ընտրողին օգնելու ու քվեախցիկի մոտ նրա հետ միասին գտնվելու դեպքեր, որոնք, մեր նկատելուց հետո հանձնաժողովի անդամները փորձում էին կանխել:
Անժելա Պողոսյան
Մեկնաբանել