
Ջրառատ գյուղում ոստիկաններն ակտիվ են. թեկնածուներից մեկը փոխոստիկանապետի ազգականն է
Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում ընտրում են համայնքապետ և ավագանի: Համայնքապետի թեկնածուները չորսն են. գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Սամվել Գալստյանը, ով ոստիկանապետի տեղակալ Լևոն Երանոսյանի ազգականն է, Տիգրան Խաչատրյանը, Արման Ղուկասյանը և Հակոբ Մելքոնյանը:
Ջրառատ գյուղի բնակիչները մեզ հետ զրույցում ասացին, որ գործող թեկնածուն Լևոն Երանոսյանի քրոջ որդին է և ամբողջ վարչական ապարատը նրա օգտին է աշխատում:
Գյուղում բացվել է երկու ընտրատեղամաս, որոնց առջև մեծ կուտակումներն էին: Ավտոմեքենաները կանգնած էին փողոցի երկու կողմերում և զբաղված էին մարդկանց տեղամաս տեղափոխելով:
Ջրառատում ակտիվ էին նաև ոստիկանները: 20/01 տեղամասում ոստիկանները կանգնած էին հենց քվեարկության սենյակի դիմաց: Թեև ներսում ամեն ինչ հարթ էր, կուտակումներ չկային, սակայն ոստիկանները, որոնցից մեկը զենքով էր և չէր էլ թաքցնում կողքին կախված զենքը, կանգնած էին հենց դռան մոտ: Ցուցադրաբար զենք կրող ոստիկանից հետաքրքրվեցինք` արդյոք միջադեպ է եղել և հանձնաժողովի նախագահն է նրանց հրավիրել, որ եկել են, դրական պատասխան տվեց: Մինչդեռ հանձնաժողովի նախագահ Սողոմոն Սարգսյանն ասաց, որ ոստիկաններին չի հրավիրել, միջադեպ չի գրանցվել:
Մինչ զրուցում էինք հանձնաժողովի նախագահի հետ, «ահազանգով» եկած ոստիկանն անմիջապես լքեց տարածքը: Նշենք, որ Ջրառատ գյուղն ունի 2393 ընտրող:
Մեկնաբանել