«Էդքանին հնարավոր չէ գրել, որովհետեւ հիմնականում մեծահասակներ են և չտեսնողներ». Ազատավանում օգնող անձանց գրեթե չեն գրանցում
Արարատի մարզի Ազատավանի 17/01 ընտրատեղամասում վաղ առավոտից ընտրողների հոսքը չի դադարում: ժամը 14:00-ի դրությամբ` ընտրություններին մասնակցել է 510 ընտրող: Այստեղ ՏԻՄ ընտրություններին ակտիվ մասնակցում են նաև մեծահասակները: Վերջիններս իրենց քաղաքացիական պարտքը կատարում են օգնող անձի շնորհիվ:
Սակայն գրանցամատյանում նախատեսված քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալները այս ընտրատեղամասում այդքան էլ հաճախ չեն լրացնում:
«Մենք ամբողջ գյուղին ճանաչում ենք: Էդքանին հնարավոր չէ գրել, որովհետեւ հիմնականում մեծահասակներ են և չտեսնողներ: Այսինքն միջին խավն էլ լավ չի տեսնում: Եթե մենք էդքանին գրենք, նախ գրանցվողների համար է շատ քիչ տեղ թողնված, եւ հետո էստեղ խայտառակ հերթեր են գոյանալու: Արդյունքում մեր աշխատանքը խանգարվելու է: Կոնկրետ ես էլ, եթե աչկի բերած չլինեի, էս տարիքիս չէի տեսնի,- «Հետքի» հետ զրույցում ասաց ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Արևիկ Հայրապետյանը:
Թիվ 17/02 ընտրատեղամասի հանձնաժովի անդամ Նարինե Գրիգորյանն էլ դժգոհում է, որ նախկինի պես այս ընտրություններին տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար խոշորացույցներ նախատեսված չեն, ինչն էլ խնդիրներ է առաջացնում. «Դրա պատճառով ոչ նորմալ իրավիճակ է ստեղծվում, բայց հարցը օրենքի սահմաններում լուծում ենք»: Այս ընտրատեղամասում ժամը 14:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 320 ընտրող:
Տաթեւիկ Ղազարյան, Մարինա Անդրեասյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել