Էջմիածնում թեկնածու Կարեն Գրիգորյանի վստահված անձը կազմակերպում է հանձնաժողովի անդամների, դիտորդների եւ վստահվանց անձանց հյուրասիրությունը
Այսօր քաղաքապետի եւ ավագանու ընտրություններ են Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում: Քաղաքապետի թեկնածուները երեքն են՝ գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին, անկուսակցական, 54-ամյա Արթուր Խաչատրյանը, որն Էջմիածնի քաղաքապետարանի սպասարկման բաժնի պետն է եւ անկուսակցական, ինքնաառաջադրված 47-ամյա Արթուր Թումանյանը: Վերջինս Էջմիածնի ավագանու նախկին անդամ է:
Էջմիածնի Մակար Եկմալյանի անվանի թիվ 1 երաժշտական դպրոցում տեղակայված թիվ 19/12 ընտրատեղամասում իրավիճակի տերը ոչ թե հանձնաժողովի նախագահ Բագրատ Իրիցյանն է, այլ քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանի վստահված անձ Գեւորգ Մխխիթարյանը, որը մեր տեղեկություններով՝ քաղաքապետարանի աշխատակից է: Նա պարբերաբար դուրս ու ներս է անում, զրուցում դրսում կուտակված տղամարդկանց հետ, ներսում հրահանգներ է տալիս, զբաղվում հանձնաժողովի անդամների, դիտորդների եւ վստահվանց անձանց հյուրասիրման եւ սուրճի ընդմիջումների կազմակերպչական հարցերով: Սակայն դիտորդները հրաժարվեցին ընդունել հյուրասիրության հրավերը:
Հանձնաժողովի նախագահ Բագրատյանը «Հետքի» դիտարկմանը, թե ինչու է վստահված անձը չարաշահում իր լիազորությունները, պատասխանեց, թե չի կարծում, որ նման բան է տեղի ունենում, բայց կզգուշացնի:
Հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ՝ զգուշացումից հետո նա ստացել է հետեւյալ պատասխանը. «Ես նախաձեռնում եմ, ես էլ հրավիրում եմ, որովհետեւ մենք, թեկնածու Կարեն Գրիգորյանն է կազմակերպել սննդի հարցը»:

Այս ընտրատեղամասում իր ընտրությունը կատարեց նաեւ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի մյուս որդին՝ ավագանու թեկնածու Արման Գրիգորյանը կնոջ հետ: Տեղամասից դուրս գալիս նրանց ուղեկցեց Կարեն Գրիգորյանի վստահված անձ Գեւորգ Մխիթարյանը՝ վստահեցնելով, որ ամեն ինչ լավ է լինելու: «Արխային եղիր»,- ասաց նա Արման Գրիգորյանին:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել