
Հայթաղ գյուղում «կույրերի» թիվն ավելացել է
Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում, առանց տարիքային սահմանափակման, «կույր» է դարձել բնակչության զգալի մասը: Գյուղում ընտրում են համայնքապետ և ավագանի: Ժամը 15-ի դրությամբ գրանցամատյանում գրանցվել է ընտրողին օգնող անձի 7 տվյալ, սակայն իրականում նրանց թիվը շատ ավելին է: Հանձնաժողովի անդամները սկզբում չէին գրանցում նրանց տվյալները և այդ կերպ փոքր թիվ էին ցույց տալիս:
Ընդ որում, «օգնության» կարիք ունեն նաև ակնհայտ առողջները: Օրինակ, 20/01 հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Արիստակեսյանն ասաց, որ ընտրողների ձեռքից բռնած «մի կերպ» են բերել տեղամաս և նա կույր է, մի քանի անգամ վիրահատված: Սակայն միջին տարիքի կինը, ում օգնում էին քվեախցիկի մոտ, ընտրությունը կատարելուց հետո շատ արագ առանց «թևն ընկնելու» հեռացավ տարածքից:
Հայթաղում ընտրությունները շատ պասիվ են ընթանում: Մարդկանց կուտակումներ չկան, նույնիսկ 5-10 րոպե ընդհանրապես որևէ ընտրող չի գալիս տեղամաս: Ժամը 15.10-ի դրությամբ` թիվ 20/01 տեղամասում 1110 ընտրողից 252-ն էին մասնակցել քվեարկությանը:
Համայնքապետի թեկնածուները երկուսն են, գործող համայնքապետ Սամվել Վարդանյանը և Ֆերիկի նախկին համայնքապետ Նորիկ Հայրապետյանը:
Մեկնաբանել