HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիետա Խաչատրյան

Նուրիզադեն եւ Հայաստանը Իրանում հոմանիշ են

Երբ սկսեցի ձեր գրականությամբ եւ մշակույթով զբաղվել` մեկ սպիտակ մազ չունեի գլխիս, հիմա մեկ սեւ մազ չի ճարվում` ձեր մշակույթին ծառայելով սպիտակեցի,- այսպես կատակեց միջազգային հայագիտական գիտաժողովին մասնակցող իրանցի բանաստեղծ եւ թարգմանիչ Ահմադ Նուրիզադեն, ապա լրջանալով ավելացրեց,- բայց եւ ուրախ եմ, որ կյանքս նվիրել եմ աշխարհի ամենահին ազգերից մեկի հարուստ եւ շատ մարդկային գրականությանն ու մշակույթին:

Այս խոսքերը հնչեցին ամենամաքուր հայերենով: Ասենք` այս գիտաժողովում հիանալի հայերեն իմացող օտարերկրացի հայագետների պակաս չէր զգացվում.Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Թեո Վան Լինտը նույնպես գիտաժողովի հայ մասնակիցների հետ շփվում էր բացառապես հայերենով:

Իր կյանքի երեսունից ավելի տարիներ Ահմադ Նուրիզադեն նվիրել է Իրանում հայ մշակույթի տարածմանը: Հայկական բովանդակությամբ 15 գիրք է հրատարակել պարսկերեն եւ հեղինակել է հայերեն «Բարեւ ձեզ, հայեր» բանաստեղծությունների ժողովածուն: Առավել համահավաք գրքերից են «Հարյուր տարվա հայ բանաստեղծություն», «Հարյուր տարվա հայ արձակ» թարգմանական ժողովածուները,որոնցից առաջինում ամփոփված է մեկդարյա հայ պոեզիան` Պետրոս Դուրյանից մինչեվ Արմեն Մարտիրոսյան, իսկ երկրորդում նույն ժամանակաշրջանի 20 վիպակ է ներկայացված:Իսկ «Հայաստանի պատմությունն ու մշակույթը» ծավալուն աշխատությունն իր յոթ բաժիններում ներառել է հայոց պատմությունը` հնագույն ժամանակներից սկսած մինչեւ քսաներորդ դարավերջ:

- Մեծացել եմ Էնզելի քաղաքում, հայ ընկերներիս հետ, նրանցից եմ սովորել լեզուն,եւ մի օր էլ, երբ արդեն համբավ ունեցող բանաստեղծ եւ լրագրող էի,սկսեցի թարգմանել հայ պոեզիան:Հետո օգտվեցի իմ համբավից ու արդեն լրջորեն սկսեցի ներկայացնել հայ գրականությունը, պատմությունը, մշակույթը մամուլի էջերից, հեռուստացույցով, ռադիոյով: Մարդս մահկանացու է, եւ ես կուզենայի շարունակելի տեսնել այն գործը, որի հիմքը ես ստեղծել եմ,դրա համար ձեր օժանդակության կարիքն ունեմ...

Այո, իրենց դժվար վիճակից բողոքում են ոչ միայն հայ գրողները: Առաջին` Նուրիզադեին չեն հասնուն ժամանակակից գրողների գրքերը: Երկրորդ` ուրիշի մշակույթը տարածողի համար իր հայրենիքում ֆինանսական խնդիրները եւս զգալի են: Թեեւ օրինակ «Հարյուր տարվա հայ բանաստեծություն» անթոլոգիան Իրանում գրքի սեւ շուկայում իր անվանական արժեքից տասն անգամ ավելիով է վաճառվում, բայց նրա հեղինակին դրանից ոչինչ չի հասնում` նախնական պայմանագրի փոքրիկ տոկոսից բացի:

- Եթե ես վաղն ընկնեմ-մեռնեմ` ինձանից հետո չեք գտնելու այնպիսի մեկը,որ իմ հեղինակությունն ունենա, երկու լեզուն համարժեք իմանա, բանաստեղծ լինի ու նրա թարգմանությունն ընդունելի լինի պարսիկ ընթերցողի համար, ընդունելի չեղավ` արածն արժեք չի ունենա:Թարգմանիչ լինելը հատուկ մասնագիտություն է: Բացի այդ` չի ունենա այն ազատ մուտքը հեղինակավոր մամուլ, հեռուստատեսություն, ռադիո, որ ես ունեմ: Եթե հայկական որեւէ կազմակերպություն ուզենա գնել այն ժամերը, որոնց ընթացքում ես միայն հեռատեսիլով հայ մշակույթի մասին եմ խոսել` հավատացեք, հարյուր հազարներ է ծախսելու:

Այս բոլորը մենք պետք է ասենք, ոչ թե ինքը: Մեզ է պետք հարեւան Իրանում բարձր որակով մշակույթ պրոպագանդել` Նուրիզադեն լիներ, թե չլիներ: Նուրիզադեն կա, եւ նրա արած գործը երիցս շնորհակալ ու հայանպաստ է: Ուրեմն արժի սատար կանգնել նրան: Նշենք, որ երկու տարի առաջ Հայաստանի նախագահ Ռ.Քոչարյանը Ա.Նուրիզադեին պարգեւատրել էր Մովսես Խորենացու մեդալով: Այս անգամ հայ մշակույթի քարոզման գործը առավել առարկայական մոտեցում է պահանջում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter