HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Վտանգավոր նախադեպ

Երբ դատավորն է շրջանցում օրենքը

Մասիս քաղաքի բնակիչ Արմեն Մանուկյանը հայցադիմում է ներկայացրել Արարատի մարզի 1-ին ատյանի դատարան` իր գույքն «Արտեքս» ՍՊԸ-ի, որի տնօրենը նրա եղբայրն է, ապօրինի տիրապետումից հետ պահանջելու մասին: Դատավոր Թ. Պողոսյանը, որ երկու անգամ պատասխանող կողմի միջնորդությամբ դատաքննությունը հետաձգելու որոշում է կայացրել, հուլիսի 30-ին նշանակված նիստում դարձյալ անակնկալի է բերել հայցվորին` գործի վարույթը կասեցնելու իր որոշումով: «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հայցվոր Ա. Մանուկյանին անգործունակ ճանաչելու վերաբերյալ դատարանի վարույթում է գտնվում նրա հոր` Գ. Մանուկյանի դիմումը, որով կասկածի տակ է դրվել հայցվորի հոգեկան լիարժեքության հանգամանքը, հետեւաբար դատարանը գտնում է, որ առկա է գործի վարույթը կասեցնելու պարտադիր հիմքերից մեկը»: Դատավորը որոշել է, որ անհնար է Արմեն Մանուկյանի հայցադիմումի քննությունը մինչեւ նրան անգործունակ ճանաչելու վերաբերյալ քաղաքացիական գործով որոշում կայացնելը:

Արմեն Մանուկյանի փաստաբան Լուսինե Բակումյանը բացարկ է հայտնել դատավորին` պատճառաբանելով, թե դատավորը պատասխանող կողմի «չհիմնավորված միջնորդություններով երկու անգամ անհարկի հետաձգել է դատաքննությունը», երրորդ անգամ պատասխանողի ներկայացուցիչի միջնորդության հիման վրա կասեցրել է գործի վարույթը: Փաստաբանը պնդում է, որ Ա. Մանուկյանին անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը դատարանի վարույթում գտնվելը նրա հայցադիմումը քննության չառնելու պատճառ չի կարող լինել: «Դատավորն առանց հիմքի, խախտելով 105 հ.-ի 4-րդ կետը, համաձայն որի դատարանը պարտավոր էր գործի վարույթը կասեցնել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը կճանաչվեր անգործունակ»: Այսինքն, նրա նկատմամբ կլիներ անգործունակ ճանաչելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճիռ: Այնուհետեւ փաստաբանը դիմել է դատարանի նախագահին` խնդրելով վերանայել «դատավորի ակնհայտ անհիմն որոշումը»: Սակայն դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանը դատավորի որոշումը թողել է անփոփոխ` իր մերժումը չհիմնավորելով օրենքի որեւէ կետով:

Քանի որ դատարանի նախագահի որոշումները բողոքարկման ենթակա չեն, փաստաբանին ուրիշ ոչինչ չէր մնում, քան դեպքի մասին ահազանգել դատական համակարգի պատասխանատու այրերին` Արդարադատության նախարարին, Արդարադատության խորհրդին եւ Վճռաբեկ դատարանի նախագահին: Տեղեկացրել է, որ դատավորներ Թ.Պողոսյանն ու Գ. Սարգսյանը «իրենց ապօրինի որոշումներով» խոչընդոտում են քաղաքացիների դատական պաշտպանության իրավունքի իրականացմանը եւ կարող են վտանգավոր նախադեպ ստեղծել հետագայում քննվող քաղաքացիական գործերի անհիմն կասեցումների եւ հետաձգումների համար: Լ. Բակումյանը դատավորի ու դատարանի նախագահի այդօրինակ որոշումներ կայացնելը բացատրում է կամ օրենքը շրջանցելով, կամ օրենքի չիմացությամբ, որոնք երկուսն էլ անընդունելի են արդարադատություն իրականացնողների համար եւ խնդրել է կարգապահական պատասխանատվության ենթարկել նրանց:

Վտանգավոր նախադեպ-2

Երբ որդին դատարան է դիմում հոր դեմ

Օգոստոսի 19-ին Արարատի մարզի առաջին ատյանի դատարանն սկսեց Գրիշա Մանուկյանի` իր որդուն` Արմեն Մանուկյանին, անգործունակ ճանաչելու մասին հայցի քննությունը: Վերջինիս շահերի ներկայացուցիչը դատարանին հայտնեց, որ հայրը պատշաճ հայցվոր չի կարող համարվել, քանի որ քաղ. դատավարության օրենսգրքի համաձայն, նման հայցով դատարան կարող են դիմել միայն նրա ընտանիքի անդամները: Իսկ հայրը նրա ընտանիքի անդամ չի կարող համարվել, քանի որ Ա. Մանուկյանն արդեն 20 տարի իր ընտանիքով առանձին է բնակվում: Դատարանը որոշեց ոչ պատշաճ հայցվորին փոխարինել պատշաճ հայցվորով` հայցում ներգրավելով Ա. Մանուկյանի կնոջը: Վերջինս հայտարերեց, որ ինքը նման հայցով դատարան չի դիմել եւ բացատրություններ տալու ցանկություն չունի: Նրա պատասխանն ակնհայտորեն դուր չեկավ սկեսրայրին` Գ. Մանուկյանին, որը դատավորի թույլտվությամբ հարսի խոսելու պահին տեղ գրավեց նրա հարեւանությամբ, ջանալով դեմ առ դեմ որսալ նրա հայացքը:

Այնուամենայնիվ, դա չխանգարեց, որ հայրը պնդի իր հայցը եւ բացատրի, որ որդուն անգործունակ ճանաչելու հարցը հասունացել է այն ժամանակ, երբ նա պահանջել է ազատել իր սեփական տարածքը: «Ես նրա մոտ տարօրինակություններ եմ տեսնում»,- հայտարարեց հայրը, որպես այդպիսիք թվարկելով իրենց տանը սուրճ եւ կաթ խմելուց հրաժարվելը, պատերազմական շրջանում որդու Արցախ գնալը եւ սիրուհի ունենալը: Դատավորի այն հարցին, թե ինչ հոգեկան վիճակ կարող եք ներկայացնել, որ նա իր գործողությունների համար հաշիվ չի կարողանում տալ` հայրը հայտնեց, թե ընտանիքին` կնոջը, դպրոցահասակ որդուն եւ ուսանողուհի դստերը փորձել է արտասահման ուղարկել ու ձախողել է: Ընտանիքը նրա հետ համաձայն չէր: «Ինչո՞ւ եք ուզում նրան անգործունակ ճանաչել»,- դատավորի հարցին Գ. Մանուկյանը պատասխանեց. «Եթե Արմենը գար ինձ դիմեր եւ մենք սեփականության հարցերը միասին լուծեինք, հարցն այդպես չէր ավարտվի»: «Թույլ տվեք ես որոշեմ, թե ով տնօրինի ունեցվածքս»,-եղավ որդու պատասխանը: Գ. Մանուկյանը վտանգավոր նախադեպ համարեց այն, որ որդին դատական հայց է ներկայացնում հոր դեմ, այդ մասին խոսում է մամուլում: «Մասիս քաղաքում ասում են, որ որդուս արարքը վատ նախադեպ կարող է լինել մյուս ընտանիքների համար»,- ասաց Գ. Մանուկյանը:

Վտանգավոր նախադեպ-3

Երբ հայրը ավանդույթներից շեղված որդուն հոգեկան անլիարժեքության մեջ է մեղադրում

Արմեն Մանուկյանը, որ իր սեփական տարածքն ուրիշի ապօրինի տիրապետումից ազատելու պահանջ էր ներկայացրել դատարանին եւ դա քաղաքակիրթ եղանակով հարցի լուծման միակ տարբերակն էր համարում` ոչ մի կերպ չէր ընկալում «անհնազանդ» որդուն դարձի բերելու այն եղանակը, որ ընտրել էր հայրը: Նա վտանգավոր նախադեպ համարեց, երբ որդու սեփականությունը նրան զիջելու պատրաստակամություն չունեցող հայրը իր սեփականությունը դատարանի միջոցով պաշտպանելու փորձ անող որդուն դարձի բերելու տարբերակ է ընտրում նրան ներկայացնելով հոգեկան անլիարժեքության մեղադրանք:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter